Բարդուղիմեոսյան գիշեր (ֆր.՝ massacre de la Saint-Barthélemy - Սուրբ Բարդուղիմեոսի սպանդը), հուգենոտների զանգվածային սպանդը 1572 թվականի օգոստոսի 24-ի գիշերը, որն իրականացվեց Սուրբ Բարդուղիմեոսի օրվա նախաշեմին Ֆրանսիայում։ Ըստ տարբեր գնահատականների՝ զոհվեց շուրջ 30.000 մարդ[1]։

Բարդուղիմեոսյան գիշերվա սպանդը

Ավանդաբար համարվում է, որ Բարդուղիմեոսյան գիշերը հրահրվել է Եկատերինա Մեդիչիի՝ ֆրանսիական թագավոր Կառլոս IX-ի մոր կողմից, իր իտալացի խորհրդատուների ճնշման ներքո, որոնցից էին Ալբեր դե Գոնդին և Լոդովիկո Գոնզագան։ Այս փաստը չի ապացուցվել որևէ պատմաբանի կողմից։ Ամենայն հավանականությամբ դա ծրագրված գործողություն էր Գիզերի և Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի կողմից[փա՞ստ]։ Սպանդը տեղի ունեցավ թագավորի քույր Մարգարիտ դը Վալուայի և բողոքական Հենրի Նավարրացու ամուսնությունից 6 օր անց, որի առիթով ամենահարուստ և երևելի հուգենոտներից (կալվինականներ) շատերը հավաքվել էին մեծ մասամբ կաթոլիկ Փարիզում։ Նախճիրը սկսվեց 1572 թվականի օգոստոսի 23-ին` Սուրբ Բարդուղիմեոսի օրվա նախաշեմին՝ հուգենոտների ռազմական և քաղաքական առաջնորդ ադմիրալ Գասպար Կոլինյու դեմ կատարված մահափորձից երկու օր անց։

Նախապատմությունը խմբագրել

Ոչ ձեռնտու միություն և անցանկալի ամուսնություն խմբագրել

Սուրբ Բարդուղիմեոսի օրվա սպանդը նախորդող մի շարք իրադարձությունների գագաթնակետն էր. 1570 թվականի օգոստոսի 8Ժերմենյան խաղաղության պայմանագիրը, որը վերջ դրեց երրորդ կրոնական պատերազմին Ֆրանսիայում, Հենրի Նավարրացու և Մարգարիտ դը Վալուայի ամուսնությունը 1572 թվականի օգոստոսի 18-ին և ադմիրալ Կոլինյիի դեմ 1572 թվականի օգոստոսի 22-ի չհաջողված մահափորձը։

Սենժերմենյան խաղաղությունը վերջ դրեց քաղաքացիական եռամյա պատերազմին կաթոլիկների և բողոքականների միջև, սակայն առաջ բերեց մտավախություններ, քանի որ առավել ծայրահեղական կաթոլիկները հրաժարվում էին այն ճանաչելուց։ Գիզերի տոհմ, որը գլխավորում էր առավել ծայրահեղական կաթոլիկների խմբակցությունը, փորձում էր խուսափել արքունիքում հուգենոտների առաջնորդ Գասպար Կոլինյիի ներկայությունից։ Սակայն Եկատերինա Մեդիչին իր որդի Կառլոս IX-ի հետ ամեն կերպ ձգտում էր մեղմել իր հավատակիցների ռազմատենչ տրամադրվածությունը։ Ի դեպ, նրանց ուղեկցում էին նաև ֆինանսական խնդիրներ, որոնք ստիպում էին պահպանել խաղաղությունը և ընկերական հարաբերությունների մեջ մնալ Կոլինյիի հետ։ Հուգենոտներն ունեին լավ զինված բանակ, իրենց արիստոկրատների կողմից առատաձեռնորեն տրամադրված հատկացումներ և հսկողության տակ էին պահում Լա Ռոշել, Կոնյակ և Մոնտոբան քաղաքները։ Եկատերինա Մեդիչին երկու հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար ծրագրեց 1572 թվականի օգոստոսի 18-ի հարսանիքը իր դուստր Մարգարիտ դը Վալուայի և բողոքական արքայազն Հենրի Նավարրացու միջև (ապագա թագավոր Հենրի IV)։ Բայց ո՛չ Հռոմի պապը, ո՛չ իսպանական թագավոր Ֆիլիպ II-ը, ո՛չ էլ Ֆրանսիայի ավելի նախանձախնդիր կաթոլիկները չէին կիսում Եկատերինայի քաղաքականությունը։

Իրադարձությունների ընթացքը խմբագրել
 
Կառլ Գուն «Տեսարան Բարդուղիմեոսյան գիշերից», (1870), կտավ, յուղաներկ - Տրետյակովյան թանգարան

Կայանալիք պսակադրությունը Փարիզում հավաքվելու առիթ դարձավ մեծ թվով անվանի բողոքականների համար, որոնք եկան ուղեկցելու իրենց արքայազն Հենրիին հարսանեկան արարողության ժամանակ։ Բայց Փարիզում տիրում էին հակահուգենոտյան տրամադրությունները, և Փարիզի բնակիչները, որոնց ճնշող մեծամասնությունը կաթոլիկներ էին, հուգենոտ առաջնորդների ներկայությունն անընդունելի որակեցին։ Հենց Փարիզի խորհրդարանում որոշվեց քամահրանքով մոտենալ հարսանեկան արարողությանը։ Աշխատավոր կաթոլիկների ատելության մեծացմանը նպաստում էին աղքատ բերքը, հարկերի բարձրացումը[2], ուտելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը։ Սովորական քաղաքացիներին վրդովում էր արքայական հարսանիքի առիթով կազմակերպված ցուցադրական շքեղությունը։

Արքունիքն ինքնին չափազանց մասնատված էր։ Եկատերինա Մեդիչին չստացավ Հռոմի պապի թույտվությունը վերոհիշյալ ամուսնության համար, ուստի ֆրանսիական պրելատները կանգնած էին ընտրության առջև։ Թագուհուց մեծ ջանքեր պահանջվեցին համոզելու կարդինալ Շառլ դը Բուրբոնին (Բուրբոնների ընտանիքի միակ կաթոլիկին) կատարելու պսակադրության արարողությունը։ Կաթոլիկների միջավայրում խմորվում էր հակամարտություն, բայց Գիզերը պատրաստ չէին մրցակցության մեջ մտնելու իրենց հակառակորդների՝ Մոնմորանսի տան դեմ։ Փարիզի քաղաքապետը՝ Ֆրանսուա դը Մոնմորանսին, հասկանալով քաղաքում կարգուկանոնը պահպանելու գործում իր անկարողությունը և կանխազգալով պայթյունավտանգ իրավիճակը, պսակադրությունից մի քանի օր առաջ լքեց քաղաքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԲԵՀԲ«Բարդուղիմեոսյան գիշեր» հոդվածում ասվում է Փարիզում 2000 սպանվածների և ամբողջ Ֆրանսիայում՝ շուրջ 30 հազար սպանվածի մասին
  2. (անգլ.) Knecht, pp. 359; Robert Jean Knecht in The French Religious Wars 1562-1598, Osprey Publishing, 2002, ISBN 1-84176-395-0
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդուղիմեոսյան գիշեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 315