Անակ Պարթև (ծննդյան թվականն անհայտ - 287), Իշխան Սասանյան Պարսկաստանում, Մեծ Հայքի Փոխարքա 285 - 287 թվականներին, Սուրենի Պահլավների իշխանական տան նահապետը, Սուրենի Պահլավների նախարարական տոհմից, Գրիգոր Լուսավորչի հայրը, Մեծ Հայքի Խոսրով Բ արքային սպանողը։

Անակ Պարթև
Խոսրով Բ արքան, սպանված Անակ Պարթևի կողմից։
Դրոշ
Դրոշ
Պարսից իշխան
Դրոշ
Դրոշ
Մեծ Հայքի Փոխարքա
285 - 287
 
Ծննդյան օր 3-րդ դար
Վախճանի օր 287[1]
Դինաստիա Գրիգորյաններ և Սուրենի Պահլավ
Քաղաքացիություն  Սասանյան Պարսկաստան
Զավակներ Գրիգոր Լուսավորիչ[2][1]

«Պատմություն Հայոց», Ագանթանգեղոս խմբագրել

Հայոց թագավոր Խոսրով Բ-ն սկսեց բանակ կազմել և զորք գումարել, հավաքեց աղվանից և վրաց զորքերը, բացեց Ալանաց և Ճորա Պահակի դռները, դուրս բերեց հոների զորքը, ասպատակեց Պարսից երկիրը և արշավեց Ասորեստանի կողմերը մինչև Տիզբոնի դռները։

Պարսից թագավորը (Արտաշիր Պապական) այս ամենը տեսնելով, իր մոտ է կանչում իր տերության բոլոր թագավորներին, կուսակալներին, նախարարներին, զորավարներին, պետերին ու իշխաններին, և խորհրդի նստում նրանց հետ։ Նա «Աղաչում էր» ամենքին, որևէ հնար փնտրել գտնել՝ բազմաթիվ պարգևներ խոստանալով, անգամ խոստանալով իր տերության երկրորդ գահը, միայն թե կարողանար իր մեծ վրեժը լուծել։ Խորհրդի մեջ ոտքի է ելնում պարթևական տերության մի գլխավոր նահապետ (Սուրենի Պահլավ տոհմի) Անակը, խոստանալով վրեժը առնել։

Անակ Պարթևը իր եղբոր հետ պատրաստվում է ընտանյոք հանդերձ, կանանցով, որդիներով, ամբողջ գերդաստանով շարժվում, ճանապարհ են ընկնում և գաղթելու պատրվակով գնում են Մեծ Հայք։ Ուտիք գավառի Խաղխաղ քաղաքում՝ Հայոց արքայի ձմեռանոցում, Անակ Պարթևը հանդիպում է Խոսրով Բ-ին։ Հայոց թագավորը մեծ ուրախությամբ ընդունում է նրան, հատկապես այն ժամանակ, երբ Անակը սկսում է կեղծավորությամբ և դավով խոսել իր հավատարության մասին, ավելացնելով՝.

«Այն բանի համար եմ քեզ մոտ եկել, որ կարողանանք միատեղ ընդհանուրի վրեժը լուծել»։

Հայոց թագավորը տեսնելով Անակին, որը եկել էր իր մոտ ամբողջ ընտանիքով, վստահորեն հավատում է նրան, պատիվ տալիս ըստ թագավորական օրենքների, նստեցնում իր թագավորական երկրորդ աթոռին, ձմեռվա ամբողջ օրերը նրա հետ անցկացնելով ուրախության մեջ։

Գարնանը Հայոց թագավորը հեռանում է Խաղխաղից և գնում Այրարատ նահանգի Վաղարշապատ քաղաքը, որից հետո նա սկսում է զորք կազմել՝ նորից Պարսից կողմերը արշավելու համար։ Այս ամենն իմանալով, Անակ Պարթևը, հիշելով իր տված երդումը Պարսից արքային, հիշելով նաև խոստումները պարգևների և երազելով իր հայրենի Պահլավ աշխարհը տեսնել՝ իր հարազատ եղբոր հետ Հայոց թագավորին մի կողմ տանելով՝ իբր թե զբոսանքի կամ նրա հետ խորհրդակցելու նպատակով և թրերը մերկացրած պահելով՝ հանկարծ անսպասելիորեն զենքերը բարձրացնում են և թագավորին սպանելով՝ դիաթավալ տապալում են գետնին։ Այնուհետև Անակը և նրա տոհմը ձիեր նստելով սկսում է փախուստի դիմել։ Հայոց զորքերի հրամանատարները այս ամենը իմանալով, գունդ-գունդ բաժանվելով սկսում են հետապնդել փախստականներին։ Ոմանք փորձում են հասնել Արտաշատ քաղաքի դռների մոտակա կամրջի մոտ։ Նրանց մի մասն անցնում է Վաղարշապատ քաղաքի կամուրջով, որը կոչվում էր Մեծամոր, փորձելով որքան կարող են շուտ հասնել Արտաշատի կամրջին։ Բայց ճանապարհների կիրճերում կանգնեցնում են նրանց և շրջապատելով Տափերական կամրջի մոտ, գահավեժ են անում նրանց։

Դեռ չմահացած Հայոց արքան հրաման է տալիս ոչնչացնել Անակի ազգատոհմը։ Այդ ժամանակ սկսում են սպանել ու կոտորել, մինչև անգամ մանուկներին, նաև տոհմի իգական անդամներն են սրի քաշվում։ Միայն Անակ Պարթևի որդիներից երկու փոքրիկ մանուկների՝ մի մարդ երեխաներից մեկի դայակների միջոցով փրկում է, որոնցից մեկին փախցնում են Պարսից կողմերը, իսկ մյուսին՝ Հունաց։ Հունաց կողմը տարված Անակի որդին Սուրեն Պարթևն էր, ապագա Գրիգոր Լուսավորիչը։

Պարսից թագավորը այս ամենը իմանալով՝ տոնախմբություն է կազմակերպում և ատրուշաններին բազմաթիվ զոհեր մատուցում, այնուհետև զորք հավաքելով, շարժվում Մեծ Հայք և ասպատակում երկիրը, գերի տանելով մարդկանց և կենդանիների[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Ուսումնասիրողները գտնում են, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել 252 թվականին, երբ Հայոց թագավորն էր Տրդատ Բ-ն, իսկ Պարսից՝ Շապուհ Ա[4]։

«Պատմություն Հայոց», Մովսես Խորենացի խմբագրել

Արտաշիրը Խոսրովից մինչև Հնդկաստան փախչելով և շատ նեղվելով՝ բազմաթիվ խոստումներ է անում իր նախարարներին, եթե մեկն իրեն ազատի նրանից կա՛մ թույնի միջոցով, կա՛մ գաղտնի սրով սպանելով, խոստանալով զանազան պատիվներ։ Արտաշիրը իր նախարարներին ասում է՝.

«Մանավանդ ձեզ, պարթևազուններիդ, կարծես ավելի հեշտ կլինի նրա դեմ դավ սարքել սիրո պատրվակով. ազգականության պատճառով նա ձեզ կվստահանա և կխաբվի»։

Արտաշիրը Պարթևական տոհմերին խոստանում է վերադարձնել բուն պարթևական տունը, որ կոչվում էր Պահլավ, արքայանիստ Բահլ քաղաքը և ամբողջ Քուշանաց երկիրը։ Նաև խոստանում թագավորական պատիվներ, արյաց աշխարհի կեսը և իր երկրորդը լինելը իր ձեռքի տակ։ Այս խոստումներից հրապուրվելով՝ Անակը, որ Սուրենյան պահլավի ցեղից էր, հանձն է առնում Խոսրովին սպանել։ Եվ կեղծելով, թե գաղթում է, փախչում է Արտաշիրից. նրան ձևի համար հետամուտ են լինում պարսից զորքերը և իբրև թե փախցնելով, քշում են Ասորեստանով, բերում հանում Ատրպատականի սահմանների մոտ Կորդուքի միջով։ Խոսրով Մեծը Ուտիքում այս ամենն իմանալով՝ կարծում է, թե Կարենյաններն են եկողները և մի գունդ է ուղարկում Անակին օգնության։ Սրանք Անակին հանդիպելով՝ թագավորի հրամանով նրան տանում են Արտազ գավառ։ Անակը Մեծ Հայք գալուց երկու տարի անց՝ սպանում է Խոսրովին։ Անակը և իր բոլոր յուրայինները մեռնում են դրա համար[5]։

«Քարթլիս ցխովրեբա» խմբագրել

Երբ Հայերն ու վրացիները և հյուսիսային ցեղերը փախուստի են մատնում Պարսից արքային և հաճախակի դարձնում Պարսկաստան ներխուժելն ու ավերելը, և եևբ չկարողանալով նրանց դիմադրել, Պարսից արքան, հրավիրում է իր աշխարհների գլխավորներին՝ բդեշխներին, տոհմապետներին և խորհուրդ անում նրանց հետ՝ փնտրելով մի միջոց վրա հասած «չարագործության» դեմ և մեծ պարգև ու պատիվ խոստանում նրան, ով կկարողանա գտնել հնար իր վրեժխնդրության։ Ժողովին ներկա եղած իշխան Անակը, որը հայերի Խոսրով արքայի տոհմակիցն էր, վեր կենալով գնում կանգնում է արքայի առաջ և ասում՝.

«Փախուստի է մատնված մեր զորքը հայերի Խոսրով արքայից, կոտորվել են մեր ռազմիկները, և (Խոսրովը) ահ ու սարսափ է տարածել պարսիկների վրա, և հզորացել են նրանք և զորություն չունենք ընդդիմանալու նրանց։ Արդ՝ այս է խորհուրդն իմ, որպեսզի խաղաղությամբ և աղերսանքով ու հարկեր տալով խաղաղեցնենք Խոսրով արքային»։

Այս խոսքերը Անակը ի սրտանց չասաց և մոտենալով արքային նրան ծածուկ ասաց.

«Գիտեցիր, որ այս չէ իմ խորհուրդը, որ ասացի, այլ արժանի դարձրու ինձ միայնակ խոսել քո առջև, ապա (այնժամ) կհայտնեմ քո թագավորությանը սրտի խորհուրդն իմ»։

Այնուհետև արքան գաղտնի Անակին կանչեց իր մոտ և Անակն ասաց արքային.

«Արքա, ողջ լեր հավիտյանս, ես կգտնեմ Խոսրովից վրեժխնդրության հնարը։ Կգնամ նրա մոտ իմ ընտանիքով հանդերձ, և նա ինձ կվստահի ազգակից լինելու պատճառով, և քո բախտը բարին կբերի, ու կսպանեմ այն արքային և անձն իմ կզոհաբերեմ հանուն քեզ»։

Արքան հավանում է նրա միտքը։ Մի քանի օր հետո Անակը և նրա եղբայրը գնում են իրենց ընտանիքով Մեծ Հայքի Խաղխաղ քաղաքը, որպես Պարսից արքայից հեռացածներ (ապստամբներ)։ Տեսնելով նրան, Խոսրովը արքան մեծ պատիվներով ընդունում է։ Արքան Անակին արժանացնում է իր գահի երկրորդ բարձին։ Երբ անցնում է ձմեռը, արքան գնում է Արտաշատ քաղաք և նախապատրաստվում կրկին Պարսկաստան արշավելու։ Այդ ժամանակ, մի օր արքան որսի է գնում և նրա հետ էին Անակն ու նրա եղբայրը, որոնք գաղտնի պահել էին սրած թրերը, ապա հարմար պահ գտնելով, սպանում են արքային և դիմում փախուստի։ Սակայն Մեծ Հայքի իշխանները հետապնդում են նրանց և հասնելով, ոմանց սպանում են կամրջի վրա, ոմանց ծանծաղուտներում, ոչ ոք չի կարողանում փախչել։ Կոտորում են նրանց ողջ տոհմը, բայց նրանցից ողջ են մնում երկու որդի, որոնց փրկում են նրանց դայակները. մեկը ապաստանում է Բյուզանդիայի սահմաններում, իսկ մյուսը՝ Պարսկաստանի սահմաններում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 242.
  2. Template:Christian Settipani, "Nos ancêtres de l'Antiquité", 1991 — P. 53—66.
  3. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 396-399 («Պատմութիւն Հայոց», Ագաթանգեղոս, ծանոթագրություններ 1-7)
  4. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 396-399 («Պատմութիւն Հայոց», Ագաթանգեղոս, ծանոթագրություն 7)
  5. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 401-402, 404-405 («Պատմությունն Հայոց», Մովսես Խորենացի, Գիրք Բ, գլուխ Հդ, Անակի գալստյան մասին, ծանոթագրություններ 8-10)
  6. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 407-408, 410 («Քարթլիս Ցխովրեբա», Հայ-Սասանյան հարաբերությունների մասին, ծանոթագրություններ 9-15)

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 520
  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 396-399 («Պատմութիւն Հայոց», Ագաթանգեղոս, ծանոթագրություններ 1-7)
  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 401-402, 404-405 («Պատմությունն Հայոց», Մովսես Խորենացի, Գիրք Բ, գլուխ Հդ, Անակի գալստյան մասին, ծանոթագրություններ 8-10, Գիրք Բ, գլուխ Ձբ, էջ 437-438)
  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 407-408, 410 («Քարթլիս Ցխովրեբա», Հայ-Սասանյան հարաբերությունների մասին, ծանոթագրություններ 9-15)