Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ռամիս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Ռամիս գյուղի հյուսիսարևմտյան թաղամասի բարձրադիր վայրում։ 1980-ականների դրությամբ եկեղեցին կանգուն էր[1]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Քառամույթ եռանավ բազիլիկա |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Շահբուզի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Ագարակ գյուղատեղից 500-600 մետր դեպի հյուսիս-արևմուտք |
Դավանանք | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետ | Ուստա Մուրադ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 12-13-րդ դարեր |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Առաջին հիշատակում | 17-րդ դար |
Շինանյութ | Սրբատաշ բազալտ |
Բնակիչ | Վարդան, Նավասարդ, Ավետիս և Անոշ |
ՊատմությունԽմբագրել
Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Ռամիս գյուղի հյուսիսարևմտյան թաղամասի բարձրադիր վայրում։ Եկեղեցին կառուցվել էր 12-րդ դարում։ Ռամիսեցիներ Վարդանի, Նավասարդի, Ավետիսի և Անոշի հովանավորությամբ 1677-1678 թվականներին վերանորոգվել էր։ Վերանորոգող ճարտարապետն էր ուստա Մուրադը[1]։
ՃարտարապետությունԽմբագրել
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված էր սրբատաշ բազալտով և գրանիտով, ուներ եռանավ բազիլիկայի հորինվածք։ Դահլիճը, աբսիդը և ավանդատները գտնվում էին միասնական ուղղանկյուն ծավալի մեջ[2]։
Մուտքերը երկուսնն էին՝ արևմտյան և հարավային։ Դահլիճն ուներ երկու զույգ խաչաձև կտրվածքով մույթեր և արևելքում ավարտվում էր կիսաշրջանաձև աբսիդով։ Ինտերիերը բարձր և լուսավոր էր։ Աբսիդի երկու կողմերում տեղադրված էին երկհարկանի ավանդատները, որոնց երկրորդ հարկի մուտքերը քողարկված էին և գտնվում էին առաջին հարկի որմնախորշերի մեջ։ Առաջին հարկի ավանդատները հատակագծով գրեթե քառակուսի էին[1]։
Եկեղեցու աբսիդը և ավանդատները լուսավորվում են արևելյան ճակատից՝ մեկական լուսամուտով, իսկ դահլիճը՝ երկայնական և արևմտյան պատերում տեղադրված ուղղանկյուն, բավական լայն բացվածքով երեքական լուսամուտների միջոցով: Արևմտյան ճակատի լուսամուտները երկայնական պատերի լուսամուտների համեմատ ավելի բարձր էին տեղադրված: Լուսամուտների բացվածքները ծածկված էին միակտուր հորիզոնական բարավորներով և դեպի ներս քիչ էին լայնանում:
Դահլիճը չորս հաստահեղույս մույթերով և նրանց միջև ձգվող կամարաշարերով բաժանված էին միջին մեծ և երկու փոքր նավերի: Թաղակիր կամարները հանգչում էին մույթերի և որմնամույթերի վրա:
Եկեղեցու զանգակատան ռոտոնդան կանգուն էր մինչև 1920-ական թվականները:
Երկթեք ծածկը մաքուր տաշած բազալտե սալերով էր: Եկեղեցու հարթ բազալտե պատերը աշխուժանում էին մուտքերի շուրջ քանդակված զարդագոտիներով, բարավորներից վերև և պատերի այլ մասերում ագուցված խաչքարերով և պատկերաքանդակներով:
Հարավային մուտքի կամարի բարձրության ուղղությամբ նրա արևելյան և արևմտյան կողմերում, ագուցված էին 5 խաչքարեր՝ երեքը արևելյան, իսկ երկուսը՝ արևմտյան: Խաչքարերի արձանագրությունները 1920-ական թվականներին արդեն դժվարընթեռնելի էին:
Եկեղեցու մուտքերԽմբագրել
Եկեղեցու ուղղանկյուն բացվածքներով մուտքերը կրում էին միակտուր հորիզանական բազալտե բարավորներ և երիզված էին քանդակազարդ կամարներով: Արևմտյան մուտքի բարավորից վերև ագուցված էր 17-րդ դարի արձանագիր խաչքար: Արևմտյան մուտքը ունեցել էր փայտե դուռ, որի վերևի մասում կար արձանագրություն:
Հարավային մուտքի եզրաքարերը և բարավորը ևս միակտուր բազալտե քարերից էին: Մուտքի շուրջը կար քանդակազարդ կամար, որը կարմրերանգ տուֆից էր և ուներ ճոխ զարդաքանդակներ:
ՊատկերաքանդակներԽմբագրել
Հարավային մուտքի կամարի տակ՝ ուղղանկյուն շրջանակի մեջ, տեղադրված էր Աստվածամոր բարձրաքանդակը՝ մանուկ Հիսուս Քրիստոսը գրկում: Այս բարձրաքանդակը ավելի հին էր, քան Նախիջևանի մյուս հուշարձաններում՝ 17-18-րդ դարերի համանման սյուժեներով բարձրաքանդակները:
Մի պատկերաքանդակ էլ տեղադրված էր հարավային մուտքի կամարից քիչ վերև, նրա արևելյան կողմում: Վերջինս տեղադրված էր ուղղանկյուն շրջանակի մեջ:
ՈրմնանկարներԽմբագրել
18-րդ դարում ինտերիերը սվաղվել էր որմնանկարների համար, որոնք 1 դար կյանքել չունեցան, ուստի 19-րդ դարում եկեղեցու ինտերիերը նորից որմնանկարվել էր: Եկեղեցու աբսիդում, բեմի ճակատին, ուղղանկյուն սև եզրագծերով շրջանակների մեջ նկարվել էին սրբապատկերներ, իսկ մեծ նավի կամարները, աբսիդի գմբեթարդը և այլ մասեր զարդարվել էին ծաղկազարդ մոտիվներով: Դահլիճի արևմտյան որմի վրա ծաղկազարդերի մի մասը նկարված էին փնջերի ձևով՝ դրված թռչունների պատկերներով կանթեր ունեցող ծաղկամանների մեջ:
ԳերեզմանատունԽմբագրել
Եկեղեցու արևմտյան մուտքի և հարավային ճակատի առջև պահպանվել էր 16-18-րդ դարերի գերեզմանատուն, որտեղ կար 16 (12-ը արձանագրություններով, բայց տեղ-տեղ քայքայված) օրորոցաձև և քառանկյունի տապանաքարեր։ Տապանաքարերը մեծ մասամբ թաղված էին հողի մեջ, իսկ մի քանիսն էլ տեղահան էին արվել:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 46-47, էջեր 46-47 — 224 էջ։
- ↑ Այվազյան, Ա. Ա. (1979) Ռամիսի եռանավ բազիլիկան և նրա վիմագրությունները. Պատմա-բանասիրական հանդես, № 3 . pp. 182-188