Սովետ Էրմենիստանի

խորհրդային շրջանի երկօրյա ադրբեջաներեն թերթ

«Սովետ Էրմենիստանի» (ադրբ.՝ Sovet Ermənistanı, ռուս.՝ Совет Эрменистаны, «Սովետական Հայաստան»), խորհրդային շրջանի երկօրյա ադրբեջաներեն թերթ, ՀԿԿ Կենտկոմի, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Մինիստրների խորհրդի օրգան։ Առաջին անգամ Լույս է տեսել 1921 թվականին, Երևանում։ Խմբագիրներ՝ էֆենդին, Հուսեյնով, Ռզաև, Ալլահվերդիև, Վելիբեկով, Հասանով, Բայրամով, Ալիև (1981 թվականից)։

Համարվել է Կուսակցական առաջին ադրբեջանական պարբերականը Հայաստանում։ Տարբեր տարիների անվանվել է․ «Ռանչպար» (1921—1925), «Զանգի» (1925-1928), «Գըզըլ շաֆազ» (1928—1932), «Կոմունիստ» (1932-1938), «Սովետ էրմենիստանի»` 1938 թվականից։ Տպագրել է Ալեքսանդր Մյասնիկյանի, Նարիման Նարիմանովի, Սարգիս Լուկաշինի, Աղասի Խանջյանի, Արտաշես Կարինյանի և խորհրդային այլ կուսակցական գործիչների ելույթներն ու հոդվածները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) տարիներին լուսաբանել է հայ և ադրբեջանցի զինվորականների գործունեությունն ինչպես առաջնագծում, այնպես էլ՝ թիկունքում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1971

Արցախյան հակամարտության ընթացքում թերթի հրատարակումը դադարեցվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 512