Մեկնաբանություն

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Մեկնաբանություն

  1. (գիտության, իմացաբանության և մեթոդաբանության մեջ) որևէ տեսությանը կամ նրա առանձին տարրին վերագրվող նշանակությունների (իմաստների) ամբողջությունը։ Մեկնաբանությունը կարևոր է տեսության կառուցվածքը, նրա զարգացման ընթացքը ուսումնասիրելիս, օբյեկտիվ աշխարհի հետ նրա ունեցած կապը պարզաբանելիս։ Բովանդակային տեսությունը, որպես օբյեկտիվ աշխարհի Մեկնբանություն, միշտ ունի այդ աշխարհի որևէ հատվածը, որը կոչվում է «բնական Մեկնաբանություն»։ Օրինակ, երկրաչափությունը պատմականորեն ըմբռնվել է որպես գիտություն առարկաների ձևերի մասին, և այդ ձևերի ամբողջությունն էլ եղել է նրա Մեկնաբանությունը։ Սակայն արդի ըմբռնմամբ տեսությունն անմիջականորեն արտացոլում է ոչ թե բուն աշխարհը, այլ գիտակցության մեջ ձևավորվող աշխարհի պատկերը, ուստի տեսությունը (նրա տարրը) կարող է ունենալ բազմաթիվ Մեկնաբանություններ։ Օրինակ, մաթեմատիկայում ածանցյալը կարող է մեկնաբանվել և՛ որպես արագություն տվյալ կետում, և՛ որպես կորի շոշափողի անկյունային գործակից (այս երկու Մեկնաբանությունները միմյանց իզոմորֆ են և ճշգրիտ իմաստ են ստանում միայն ածանցյալի գաղափարի միջոցով)։ Տեսությունների ձևայնացման և բազմապիսի ձևայնացված համակարգերի ստեղծման շնորհիվ Մեկնաբանությունները դադարում են զգայական-առարկայական լինելուց և աճում է հնարավոր Մեկնաբանությունների թիվը, որոնք անմիջական կապ չունեն առարկայական աշխարհի հետ։ Դա հատկապես ակնառու է արդի ձևայնացված տրամաբանական համակարգերի բնագավառում։ Մեկնաբանությունը տեսության հարաբերական անհակասականության ապացուցման հիմնական միջոցն է։ Օրինակ, ոչ էվկլիդեսյան երկրաչափության Մեկնաբանությունների միջոցով (Ա․ Պուանկարե, Ֆ․ Կլայն) նրա անհակասականությունը հանգեցվում է էվկլիդեսյան երկրաչափության (այնուհետև թվաբանության) անհակասականությանը։
  2. Լայն առումով, Մեկնաբանություն նշանակում է ինչ-որ բանի իմաստի բացահայտումը, այս կամ այն տեքստի բացատրությունը։ Կատարողական արվեստում՝ գեղարվեստական գործի յուրովի ըմբռնումն ու ներկայացումը, որը միարժեքորեն չի բխում հեղինակի մտահղացումից։