Սթրոնգհարթ (շուն)
Էտցել ֆոն Օրինգեն (գերմ.՝ Etzel von Oeringen, հոկտեմբերի 1, 1917, Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ - հունիսի 24, 1929, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Սթրոնգհարթ (անգլ.՝ Strongheart՝ Ամուր սիրտ), արու գերմանական հովվաշուն, առաջին կենդանի կինոդերասաններից մեկը։
Սթրոնգհարթ | |
---|---|
Տեսակ | շուն և կենդանի դերասան |
Սեռ | արական |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1917 |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Սատկել է | հունիսի 24, 1929 (11 տարեկան) |
Սատկելու վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Տեր | Ջեյն Մերֆին |
Մրցանակներ | |
Strongheart Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷտցել ֆոն Օրինգենը ծնվել է 1917 թվականի հոկտեմբերի 1-ին Վրոցլավում (այլ աղբյուրների համաձայն՝ Գերմանիայում)։ Արու գերմանական հովվաշուն էր, որին պահել է գործարանատեր Ռոբերտ Նիդհարթը՝ Կվեդլինբուրգից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Էտցելը Բեռլինում գերմանական Կարմիր խաչի կողմից վերապատրաստվել է որպես ոստիկանական շուն։ Պատերազմից հետո նրա տերն աղքատացել է և միջոցներ չուներ շուն պահելու համար։ Մտահոգվելով, որ Էտցելը վատ ձեռքերում կլինի, նա մերժել է ավելի մեծ առաջարկները և շանը տվել է իր ընկերոջը, որը Նյու Յորքի Ուայթ Փլեյնս քաղաքում բուծարան ուներ։ Երեք տարեկանում Էտցելին տարել են ԱՄՆ՝ վաճառքի համար։
20-րդ դարի սկզբին շների մարզիչ Լարի Թրիմբլը իր առջև նպատակ էր դրել իր կենդանիներից մեկին դարձնել կինոաստղ։ 1920 թվականին նա սկսել է «քասթինգ» տաղանդավոր շների շրջանում, ինչի արդյունքում կարողացել է գտնել իր փնտրած կենդանուն։ Դա Էտցելն էր, որը հսկայական չափեր ուներ (57 կգ) և ավելի շատ հակված էր կծելու մարդկանց, քան ֆիլմերում նկարահանվելու։ Այդուհանդերձ, Թրիմբլը գնել է նրան և փոխելով անունը (Սթրոնգհարթ)՝ տարել Հոլիվուդ։
Կենդանու ագրեսիվ բնույթը փոխելու համար երկար ժամանակ է պահանջվել։ Արդյունքում Թրիմբլին հաջողվել է շանը վտանգավոր կենդանուց վերածել ընկերական դերասանի։ Բայց Սթրոնգհարթը պահպանում էր ոստիկանական շան որոշ առանձնահատկություններ։ Նա գիտեր, թե ինչպես ճիշտ գնահատել մարդկանց բնավորությունը և սովորություն ուներ մանրազնին ուսումնասիրել և երբեմն նույնիսկ գաղտնի հետապնդել նրանց, ում չէր վստահում[1]։
Սթրոնգհարթի առաջին ֆիլմը «Լուռ կանչն» էր։ Ֆիլմի թողարկումից անմիջապես հետո շունը հայտնի է դարձել։ Շատ երկրպագուներ եկել էին Հոլիվուդ՝ տեսնելու չորսոտանի կինոհերոսին։ Ոմանց նույնիսկ հաջողվել է շոյել խստաբարո շանը։ Սթրոնգհարթը նկարահանվել է մի քանի ֆիլմում և իր համար ընկերուհի ձեռք բերել՝ գերմանական հովվաշուն Լեդի Ջեյնը (կամ Ջուլ)[2]։
Սթրոնգհարթի կյանքը ողբերգական ավարտ է ունեցել։ 1929 թվականին շունը նկարահանվել է նոր ֆիլմում և հնարքներից մեկի կատարման ժամանակ ընկել շիկացած լամպի վրա։ Կենդանին ծանր այրվածքներ է ստացել և մահացել 1929 թվականի հունիսի 24-ին Ջեյն Մերֆինի տանը։ 1960 թվականին նա հետմահու ստացել է աստղ Հոլիվուդյան «Փառքի ծառուղում»՝ գրական հերոս Լասիի և շուն-կինոդերասան Ռին Տին Տինի կողքին։
Ֆիլմագրություն
խմբագրելՍթրոնգհարթի մասնակցությամբ գրեթե բոլոր ֆիլմերը կորել են։ «Սիրո վարպետը» ֆիլմի շապիկը պահպանվել է Ֆրանսիայում՝ Ֆիլմագրության և շարժվող պատկերների ազգային կենտրոնում։ «Բոստոնյան Բլեքի վերադարձը» ֆիլմը պահպանվել է 16 միլիմետրանոց կինոժապավենի վրա` տարածաշրջանային DVD-ով։
Ստորև ներկայացված է Սթրոնգհարթի բոլոր ֆիլմերի ցուցակը.
Տարի | Ֆիլմի վերնագիր | Ռեժիսոր | Դեր |
---|---|---|---|
1921 | Լուռ զանգ | Լարի Թրիմբլ | Ֆլեշ |
1922 | Բրաունը՝ հյուսիսից | Լարի Թրիմբլ | Բրաուն |
1924 | Սիրո վարպետ | Լարի Թրիմբլ | Սթրոնգհարթ |
1925 | Սպիտակ ժանիք | Լարի Թրիմբլ | Սպիտակ ժանիք |
1925 | Բևեռային աստղ | Պոլ Պաուել | Բևեռային աստղ |
1927 | Բոստոնյան Բլեքի վերադարձը | Հարի Օ․ Հոյթ | Սթրոնգհարթ |
Հիշատակ
խմբագրել1926 թվականին «Սթրոնգհարթ․ հրաշք շան պատմությունը» գրքում Թրիմբլը պատմել է, թե ինչպես է Սթրոնգհարթը եկել ԱՄՆ և ընտրվել նկարահանման համար, ներկայացրել է նրա մարզումները, ֆիլմերում ունեցած հաջողությունները։
Սթրոնգհարթի ճանաչումը ոգեշնչել է «Doyle Packing Company» ընկերությանը և 1932 թվականին ընդունել է նրա անունը և լուսանկարը պահածոյացված շների կերակուրի համար։ «Strongheart» շների կերակուրը մեծ բիզնես հաջողություն է ունեցել հատկապես Միջին Արևմուտքում, և խանութներում հասանելի էր մինչև 2002 թվականը։
Ալեն Բունը հրատարակել է երկու գիրք՝ «Նամակներ Սթրոնգհարթին» (1939) և «Հարազատություն ամբողջ կյանքի հետ» (1954)՝ նվիրված կենդանիների շփմանը և մահից հետո շան հոգու կյանքին։ Երկու գրքերն էլ մի քանի անգամ վերահրատարակվել են և համարվում են սպիրիտուալիզմի դասականներ։ «The Washington Post»-ի թղթակից Բունը Մյորֆինի և Թրիմբլի գործուղման ժամանակ շատ ժամանակ էր անցկացնում Սթրոնգհարթի հետ, և նրա ու շան միջև կար խորը հոգևոր կապ։
Կալդեկոտյան շքանշանի մրցանակակիր Էմիլի Առնոլդ Մաքքալիի «Սթրոնգհարթ. աշխարհում առաջին կինոաստղ շունը» (2014) գիրքը նախատեսված է երիտասարդ հանդիսատեսի համար։ «The New York Times»-ը բարձր է գնահատել այդ աշխատանքը։
Քենդիս Ֆլեմինգի «Սթրոնհգարթ․ արծաթյա էկրանի հրաշք շունը» (2018) վեպը նախատեսված է 8-12 տարեկան երեխաների համար։ Այն նկարազարդել է Կալդեկոտյան մեդալակիր Էրիկ Ռոմանը։ Kirkus Review-ն ասել է. «Համր ֆիլմի նման, Ֆլեմինգի պատմվածքը լի է արկածախնդրությամբ, սիրավեպով և անորոշությամբ»։ Գիրքը աստղային ակնարկ է ստացել Գրացանկում։
Մրցանակներ
խմբագրելՄրցանակ | Տարի | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
Հոլիվուդյան փառքի ծառուղի | 1960 | Կինոարդյունաբերության մեջ ունեցած ներդրման համար | Չկա տվյալ | Մրցանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Стронгхарт — первая немецкая овчарка-кинозвезда / OMEDVET
- ↑ «Стронгхарт — первая немецкая овчарка, покорившая Голливуд Dogjournal.ru. Собаки, породы собак. Фото, видео, картинки собак, новости, анекдоты, истории о собаках». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.