Սարդուրի Ա (ծննդ. թվ. անհայտ մ.թ.ա. 910-900 - մ.թ.ա. 824 թվական), Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 835-825 թվականներին։ Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացումը դեպի հարավ, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակել է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան և հսկողության ենթարկել կապանները։ Նույն ժամանակաշրջանում Սարդուրի Ա միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան (Տոսպավան), որն այնուհետև դարձել է Արարատյան (աքադերեն՝ Ուրարտու) թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։

Սարդուրի Ա
«մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ», «Բիայնա երկրի արքա»
Իշխանությունմ.թ.ա. 835 թ.-մ.թ.ա. 825 թ.
Լրիվ անունՍարդուրի Ա
Ծնվել է՝910-900 մ.թ.ա.
Մահացել է՝մ.թ.ա. 824
Թաղվել է՝Մուսասիր
Ազգությունհայ
ՀաջորդողԻշպուինի
ՀայրԼուտիպրի
ԵրեխաներԻշպուինի

Շինարարական աշխատանքների մասին Սարդուրի Ա-ի արձանագրությունը աքադերեն պահպանվել է բերդապարսպին։ Ըստ այդ արձանագրության՝ նա մեծարվել է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ» և այլ տիտղոսներով։ Իր գահաժառանգ որդի Իշպուինիին թողել է ընդարձակ և կայուն սահմաններով թագավորություն։ Հավանաբար թաղվել է Մուսասիրի (Արդինի) տաճարում։

Գրականություն խմբագրել

  • Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
  • Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959
  • Меликишвили Г. А., Наири-Урарту Тбилиси 1954
  • Меликишвили Г. А., Урартские клинообразные надписи Москва 1960
  • Lehman Haupt C. F., Armenien Einst und Jetzt, Bd II, 1, Berlin 1926

Տես նաև խմբագրել

Նախորդող
Լուտիպրի
Ուրարտական արքա
Սարդուրի Ա

մ.թ.ա. 844-828
Հաջորդող
Իշպուինի