Սատաղ
Սատաղ, Սատալա, Սադալա, Սատաղացվոց քաղաք, քաղաք Փոքր Հայքում, Գայլ գետի վերին հոսանքի շրջանում։ Հավանաբար կոչվել է համանուն գավառի անունով։
Ըստ Պտղոմեոս Կլավդիոսի, գտնվել է Օրբալիսենե ստրատեգիայի կամ զորավարության կազմում։ Որոշ ուսումնասիրողներ Սատաղը նույնացնում են Պլինիոս Ավագի հիշատակած Կեսարեա քաղաքին։ Մ․ թ․ ա․ 2-րդ դարի վերջին Փոքր Հայքի հետ միացվել է Պոնտական թագավորությանը, վերջինիս անկումից (մ․ թ․ ա․ 66) հետո՝ Հռոմեական կայսրությանը։ Պարթևա-հռոմեական մրցակցության շրջանում խիստ աճել է Սատաղի ռազմաստրատեգիական նշանակությունը։ Սատաղը դարձել է Հռոմեական կայսրության արևելյան յոթ լեգեոններից մեկի բանակատեղին։ Հռոմեական նվաճողները (Անտոնիոս, Կորբուլոն, Տրայանոս և ուրիշներ) հիմնականում Սատաղի վրայով են մտել Մեծ Հայք։ Միաժամանակ, Սատաղը կարևոր առևտրական հանգուցակետ է եղել Մեծ Հայքի և Ամիսոս, Սինոպ, Տրապիզոն սևծովյան քաղաքների միջև։ Օտար աղբյուրները Սատաղը հիմնականում հիշատակում են՝ կապված Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների մղած պատերազմների հետ։
Հայ պատմիչ Փավստոս Բյուզանդը Սատաղը հիշում է 330-ական թվականներին մազքթաց Սանեսան թագավորի ասպատակությունների և Ոսխայի ճակատամարտում պարսկական զորաբանակի դեմ հայ-հռոմեական միացյալ ուժերի տարած հաղթանակի կապակցությամբ։ Վկայություն կա, որ վաղ միջնադարում Սատաղը եղել է Փոքր Հայքի եպիսկոպոսական թեմական կենտրոններից, որի Եվթիոս եպիսկոպոսը մասնակցել է Նիկիայի տիեզերական ժողովին (325)։
Փոքր Հայքի 378-386 թվականների բաժանմամբ Սատաղը մտել է Առաջին Հայքի մեջ, որի կազմում է մնացել նաև Հուստինիանոս I կայսեր 536 թվականի վարչական նոր վերափոխությունից հետո։ Հուստինիանոս I քանդել է տվել Սատաղի խարխլված պարիսպները և քաղաքը շրջապատել նոր ամրություններով (նախապարիսպ և պարիսպ)։ Պարսկական զորքերը 7-րդ դարի սկզբին պարտության մատնելով բյուզանդական ուժերին, գրավել են Սատաղը։ Արաբա-բյազանդական կռիվների ժամանակաշրջանում Սատաղը աստիճանաբար անշքացել է և վերածվել փոքրիկ բնակավայրի։ Ներկայումս Սատաղը (թուրքերեն՝ Սադաղ) գյուղ է Թուրքիայի Գյումուշխանեի իլում։
Սատաղի մոտակայքից է գտնվել Անահիտ աստվածուհու պղնձաձույլ արձանի գլուխը (պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատաղ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 207)։ |