Սապատավոր ձիուկ (բալետ)
Սապատավոր ձիուկ (ռուս.՝ Конёк-Горбунок), չորս գործողությամբ և ինը պատկերով բալետ` ըստ Պյոտր Երշովի համանուն հեքիաթի։ Կոմպոզիտորը Ցեզար Պունին է, լիբրետոյի հեղինակը և բալետմաստերը Արթուր Սեն-Լեոնն է։ Սա եղել է առաջին ռուսական ազգային թեմայով բալետը, որտեղ օգտագործել են հանրահայտ ռուսական մեղեդիներ։
Սապատավոր ձիուկ | |
---|---|
Տեսակ | բալետ |
Խորեոգրաֆ | Arthur Saint-Léon? |
Կոմպոզիտոր | Ցեզար Պունի |
The Little Humpbacked Horse Վիքիպահեստում |
Ստեղծման պատմություն
խմբագրելՊյոտր Երշովի «Սապատավոր ձիուկը» բանաստեղծական հեքիաթից հատվածը 1834 թվականին հայտնվել է «Գրադարան ընթերցանության համար» ամսագրում։ Նույն թվականին հեքիաթը լույս է տեսել առանձին հրատարակությամբ, սակայն` գրաքննության կողմից պահանջված ուղղումներով։ Միայն 1856 թվականին այն հրատարակվել է ամբողջությամբ[1]։ Եվ միանգամից արժանացել է ընթերցողների լավ ընդունելությանը։
Որոշ ժամանակ անց կոմպոզիտոր Կեսար Պունին և ֆրանսիացի բալետմաստեր Արթուր Սեն-Լեոնը հեքիաթի հիման վրա բալեն են ստեղծել։ Բալետի սցենարը գրել է հենց ինքը` բալետմաստերը։ Սուր երգիծական ուղվածություն ունենալու պատճառով Սեն-Լեոնի ստեղծագործությունը ենթարկվել է բազմաթիվ վերափոխումների։ Ֆրանսիացի բալետմաստերը, որին հատուկ հրավիրել էր Ռուսաստանի կայսրը, քիչ էր հետաքրքրվում Ռուսաստանի զարգացման ժողովրդավարական գաղափարներով, որոնք Երշովի բանաստեղծական հեքիաթի հիմքում էին։ Նրան հետաքրքրել էր արտաքին սյուժեն և դրա վերարտադրումը պարի մեջ։ Երշովի հեքիաթի գլխավոր հերոս Իվանուշկայի փոխարեն գլխավոր գործող կերպարը եղել է Աննման աղջիկը, ցարին փոխարինել է խանը[2]։
Երաժշտությանն ազգային երանգավորում փոխանցելու համար Կեսար Պունին օգտագործել է ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները[2], իսկ բալետմաստերը բեմ է հանել խիստ բնութագրական ազգային պար, բավականաչափ մեկնաբանել է այն և դասել է դասական բալետային պարաքայլերին։ Արդյունքում բալետը նոր կեղծ ռուսական պարզաճաշակ ոճ է դասական բեմ։
Իվանուշկայի դերը նախատեսել էին պարող Տիմոֆեյ Ստուկոլկինի համար, որը Պետերբուրգի կատակերգական թատրոնի առաջատար պարող էր և որը կոտրել էր ոտքը պրեմիերայից առաջ։ Այսպիսով, Իվանուշկայի դերը շտապ հանձնվել է Նիկոլայ Տրոիցկուն, որը մինչ այդ գլխավոր դերեր չէր կատարել։
Պրեմիերան կայացել է 1864 թվականի վերջում, Պետերբուրգի կայսերական բեմում։ Թատերական հանրագիտարանը և բալետի հանրագիտարանը հաստատում են, որ առաջին անգամ բալետը ներկայացրել են Մարինյան թատրոնում[3][4]։ Սակայն իրականում պրեմիերան տեղի է ունեցել Մեծ թատրոնում, որտեղ աշխատում էր Արթուր Սեն-Լեոնը։
Պրեմիերան տեղի է ունեցել 1864 թվականի դեկտեմբերի երեքին, բալետմաստեր` Արթուր Սեն-Լեոն, նկարիչներ` Անդրեյ Ռոլլեր, Գ. Վագներ, Մատվեյ Շիշկով, Ալբերտ Բրեդով (դեկորացիա), Ադոլֆ Շարլեման (կոստյումներ), Աննման աղջկա դերում խաղացել է Մարֆա Մուրավյովան, Իվանուշկայի դերում` Նիկոլայ Տրոիցկին, խանի դերում` Ֆելիքս Կշեսինսկին, Պյոտրի դերում` Նիկոլայ Գոլցը։
Պրեմիերան անցել է ցնցող հաջողությամբ։ Ոչ պակաս հաջողությամբ են անցել նաև հաջորդ ներկայացումները։ Չնայած ներկայացումների հաջողությունը չի վիճարկվել, ռուսական հասարակական շրջանակներում հակասական վերաբերմունք է ցուցաբերվել բալետին, և դա առաջին հերթին վերաբերում էր սյուժեի մեկնաբանությանը։
Յուրի Բախրուշինը «Ռուսական բալետի պատմություն» գրքում բեմադրության մասին գրել է. «Հեքիաթն հենց ինքը այլաբանություն է համարվել ճորտական կարգերի վերացման վերաբերյալ։ Աննման աղջիկը մարմնավորել է ցանկալի ազատությունը, խանը մարմնավորել է իր մեջ հետադիմության ուժը, Իվանուշկան խորհրդանշում էր մութ և հասարակ «բարի ռուս ժողովրդին» և վերջապես, Սապատավոր ձիուկը համարվում էր չեղած ռուսական պայծառ գենը։ Դրամատուրգիայի որևէ կանոնավոր զարգացում, ինչպես դա եղել է Դիդլոյի և Պերրոյի մոտ, այստեղ չէր դիտվում։
Մեկը մյուսին փոխարինող նկարների կուտակումը մի նպատակ ուներ. ստեղծել տպավորության անկոտրում շղթա։ Եվ այդպես էլ լուծվում է ներկայացումը` ավարտվելով Ալեքսանդր Երկրորդի մեծ աստվածացումով։ Բալետմաստերն այդ աստվածացումը հետևյալ կերպ էր պատկերացնում. բեմում, Կրեմլի հին պատի ֆոնին կախվում է «Արքա-ազատարարի» հսկա հուշարձանը, որի ոտքերի մոտ ընկած են ստրկության կոտրած շղթաները և բոլոր ժողովուրդները, որոնք մտնում էին Ռուսաստանի կայսրության մեջ, մեծարում էին միապետին, որը նրանց ազատություն էր տվել։ Կրեմլի պատից ծագում է լուսափայլ արևը, որը լուսավորում է Ռուսաստանի նոր, լուսավոր բարեփոխումների ուղին։ Բայց թագավորական կառավարությունը նույնիսկ այսօրինակ հաճոյախոսելը հարմար չէր գտել որպես բալետի ավարտ, և արքայի կերպարը փոխարինվել է նրա անվամբ վենզելով»։
Արդյունքում բեմադրության հաջողությունը հանգեցրել է նրան, որ Արթուր Սեն-Լեոնի բեմադրած «Սապատավոր ձիուկ» բալետը ծնել է ռուսական բեմական բալետի մեջ նրբաթերթ-պարզաճաշակ կեղծ ռուսական ոճ, որը ռուս հանդիսատեսի կողմից տարբեր կերպ է ընդունվել։ Պաշտոնական մամուլը բարյացակամորեն էր վերաբերվում Արթուր Սեն-Լեոնի ստեղծագործությանը, իսկ ժողովրդավարական քննադատությունը, որի համար ռուսական պարերը էկզոտիկա չէին համարվում, ազատ մեկնաբանության և դասական պարաքայլերի միացման մեջ անճաշակություն է տեսել, որի մասին չի զլացել ազդարարել իր ընթերցողներին։ Հայտնի են Սալտիկով-Շչեդրինի հոդվածները թատերական ամսագրերում, որոնք անխնա կերպով ծաղրումն էին նշված ոճը։ Նույնը հնչում էր նաև Ն. Ա.Նեկրասովի «Բալետ» բանաստեղծության մեջ (1866 թվական)։
Սյուժե
խմբագրելՄի հացատանն ապրում էր Պյոտր անունով մի գյուղացի։ Նա ուներ երեք որդի։ Մեծը՝ Դանիլոն, խելացի էր, միջնեկը՝ Գավրիլոն, միջին ընդունակությունների տեր էր, իսկ փոքրը՝ Իվանը, հիմար էր։ Եղբայրները ցորեն էին աճեցնում և տանում էին մայրաքաղաք` վաճառելու։ Բայց նրանց հետ դժբախտություն է պատահում. ինչ որ մեկը գիշերներն սկսում է ոտնակոխ անել ցանքը։ Եղբայրները որոշում են հերթապահել արտում, որպեսզի բռնեն վնասատուին։ Մեծ և փոքր եղբայրները, վախենալով անձրևից և ցրտից, հեռանում են հերթապահությունից` ոչինչ չպարզելով։
Փոքր եղբայրը կեսգիշերին տեսնում է մի սպիտակ զամբիկի` ոսկե երկար բաշով։ Իվանին հաջողվում է ցատկել զամբիկի մեջքին։ Չկարողանալով իր վրայից գցել Իվանին` զամբիկը խնդրում է բաց թողնել իրեն` խոստանալով տալ նրան երեք ձի` երկու գեղեցիկ ձիեր, որոնց Իվանը կարող էր վաճառել, եթե ցանկանար, իսկ երրորդ ձիուն` երեք մատնաչափ հասակով, մեջքին երկու սապատով և արշինանոց ականջներով, չէր կարելի տալ ոչ մեկին` թեկուզ գանձի դիմաց, որովհետև նա լինելու էր Իվանի լավագույն ընկերը, օգնականը և պահապանը։ Իվանը համաձայնում է և տանում է զամբիկին հովվական մարագ, որտեղ էլ երեք օր հետո ծնվում են նրա խոստացած երեք ձիերը։
Որոշ ժամանակ անց Դանիլոն պատահաբար մտնում է մարագ, տեսնում է այնտեղ երկու գեղեցիկ ոսկեբաշ ձիեր։ Դանիլոն և Գավրիոն Իվանից թաքուն տանում են ձիերին մայրաքաղաք վաճառելու։ Նույն օրը երեկոյան Իվանը գալիս է մարագ, տեսնելով, որ ձիերը գողացել են, վշտանում է։ Սապատավոր ձիուկը բացատրում է Իվանին, թէ ինչ է կատարվել և առաջարկում է հասնել եղբայրներին։ Իվանը հեծնում է ձիուն, և նրանք իսկույն հասնում են նրանց։ Եղբայրները սկսում են արդարանալով բացատրել իրենց արարքը։
Իվանը համաձայնում է վաճառել ձիերին և բոլորը միասին մեկնում են մայրաքաղաք։ Կանգնելով արտում գիշերելու` եղբայրները հանկարծակի հեռվում լույս են նկատում։ Դանիլոն ուղարկում է Իվանին լույսը բերելու, որպեսզի «ծխախոտը վառեն», սակայն եղբայրները գաղտնի հույս ունեին, որ Իվանը հետ չի վերադառնա։ Իվանը կրկին հեծնում է ձիուն, մոտենում է կրակին և տեսնում է տարօրինակ մի բան. կախարդական լույսը տարածվում էր, սակայն ոչ ծխում էր, ոչ այրում։
Ձիուկը բացատրում է Իվանին, որ դա Հրեղեն թռչնի փետուրն է և խորհուրդ չի տալիս վերցնել այն, քանի որ այն Իվանին շատ անհաջողություններ կբերեր։ Վերջինս չի հետևում խորհրդին և վերցնում է փետուրը, դնում է այն գլխարկի մեջ և վերադառնալով եղբայրների մոտ` գտածի մասին լռում է։ Առավոտյան գալով մայրաքաղաք, եղբայրները ձիերին վաճառքի են հանում ձիերի շարքում։ Ձիերին տեսնում է քաղաքապետը և շտապում է թագավորի մոտ հաշվետվության։ Քաղաքապետը այնպես է գովաբանում ձիերին, որ թագավորը նույն պահին գնում է շուկա և գնում է ձիերը եղբայրներից։ Թագավորական ձիապանները տանում են ձիերին, սակայն ձիերը հարվածելով գցում են ձիապաններին և վերադատնում Իվանի մոտ։ Տեսնելով դա` թագավորն առաջարկում է Իվանին աշխատանքի անցնել պալատում և նշանակում է նրան թագավորական ախոռի պետ։ Վերջինս համաձայնում է և գնում պալատ։ Նրա եղբայրները ստանալով գումարը և հավասար բաժանելով` գնում են տուն, երկուսն էլ ամուսնանում են և հանգիստ ապրում` հիշելով Իվանին։
Իվանը ծառայում է թագավորական ախոռում։ Մի որոշ ժամանակ անց թագավորական պետ Բոյարինը, որը մինչ Իվանը եղել էր ախոռի պետը, որոշում է ամեն գնով վռնդել Իվանին պալատից և հանկարծ նկատում է, որ Իվանը չի հետևում ձիերին, սակայն ձիերը միշտ կուշտ են, ծարավ չեն և մաքուր են։ Պետը գիշերը ներխուժում է ախոռ և թաքնվում է մսուրքի հետևում։
Կեսգիշերին ախոռ է մտնում Իվանը, հանում է գլխարկից երեք կտորով փաթաթած հրեղեն թռչնի փետուրը և դրա լույսի տակ սկսում է մաքրել և լվանալ ձիերին։ Ավարտելով աշխատանքը, կերակրելով և ջուր տալով ձիերին` Իվանը հենց ախոռում էլ քնում է։ Պետը դուրս է գալիս թաքստոցից և մոտենալով Իվանին` գողանում է փետուրը, գնում է թագավորի մոտ և հաղորդում է նրան, որ Իվանը քիչչէ` թաքցնում է նրանից հրեղեն թռչնի թանկարժեք փետուրը, նաև գլուխ է գովում, որ կարող է բերել հենց հրեղեն թռչնին։
Թագավորը նույն պահին գնում է Իվանի հետևից և պահանջում, որ վերջինս բերի նրան Հրեղեն թռչունը։ Իվանը պնդում է, որ այդպիսի բան չի ասել, սակայն տեսնելով թագավորի զայրույթը, գնում է սապատավոր ձիուկի մոտ և պատմում է իր վշտի մասին։ Ձիուկն պատրաստվում է Իվանին օգնել։
Հաջորդ օրը, ձիուկի խորհրդով, ստանալով թագավորից «երկու տաշտ ցորեն և անդրծովյան գինի»` Իվանը հեծնում է ձիուն և գնում է հրեղեն թռչնի ետևից։ Անցնում է մի շաբաթ, և նրանք վերջապես հասնում են խիտ անտառ։ Անտառի մեջտեղում բացատ էր, իսկ բացատում մաքուր արծաթից սար էր։ Ձիուկը բացատրում է Իվանին, որ այստեղ գիշերը առվակի մոտ են գալիս Հրեղեն թրչունները, որպեսզի ջուր խմեն։ Նա հրամայում է Իվանին մի տաշտի մեջ ցորեն լցնել և վրան գինի լցնել և մտնել մյուս տաշտի տակ և, երբ թռչունները կգան և կսկսեն կտցել գինոտ ցորենը, բռնել նրանցից մեկին։ Իվանը լսում է ձիուն, և նրան հաջողվում է բռնել Հրեղեն թռչնին։ Իվանը բերում է թռչնին, թագավորը երջանկությունից պարգևատրում է նրան նոր կոչման։ Հիմա Իվանը թագավորական ձիապանն էր։
Պետը չի հրաժարվում Իվանին հեռացնելու մտքից։ Թագավորական խոհանոցում ծառաներից մեկը մյուսներին հեքիաթ է պատմում Աննման աղջկա մասին, որն ապրում է օվկիանոսի ափին, ճանապարհորդում է ոսկե նավով, երգում է երգեր և տավիղ է նվագում. բացի դրանից` նա Ամսվա հարազատ աղջիկն է և Արևի քույրը։ Պահակը գնում է թագավորի մոտ և զեկուցում է նրան, որ իբր լսել է, թե ինչպես է Իվանը գլուխ գովում, որ կարող է բերել Աննման աղջկան։ Թագավորը ուղարկում է Իվանին աղջկա հետևից։ Իվանը գնում է ձիուկի մոտ, և ձիուկը կրկին անցնում է Իվանին օգնելու։ Ձիուկն ասում է, որ դրա համար Իվանը պետք է թագավորից պահանջի երկու սրբիչ, ոսկով ասեղնագործված վրան, ճաշելու պարագաներ և տարբեր քաղցրավենիք։
Առավոտյան ստանալով անհրաժեշտ իրերը` Իվանը հեծնում է ձիուն և գնում է Աննման աղջկա մոտ։ Նրանք գնում են մի շաբաթ և վերջապես հասնում են օվկիանոս։ Ձին կարգադրում է Իվանին բացել վրանը, սրբիչի վրա դասավորել ճաշելու պարագաները, դնել քաղցրավենիքը, իսկ իրեն` թաքնվել վրանում և սպասել մինչև թագուհին կմտնի վրան, կուտի, կխմի և կսկսի տավիղ նվագել. այնուհետև Իվանը պետք է վազի և բռնի նրան։ Սակայն թագուհու երգելու ժամանակ Իվանը հանկարծակի քնում է, և նրան բռնել հաջողվում է միայն հաջորդ օրը։
Երբ բոլորը վերադառնում են մայրաքաղաք, թագավորը, տեսնելով թագուհուն, առաջարկում է նրան հենց հաջորդ օրն ամուսնանալ։
Սակայն թագուհին պահանջում է, որպեսզի մեկ օրվա ընթացքում օվկիանոսից բերեն իր մատանին։ Թագավորը մատանու հետևից ուղարկում է Իվանին և հրամանը կատարելու համար տալիս է նրան ընդամենը երեք օր, իսկ թագուհին խնդրում է նրան ճանապարհին ողջունել իր մորը՝ Ամսվան և քրոջը՝ Արևին։
Հաջորդ օրը Իվանը Սապատավոր ձիուկի հետ կրկին ճանապարհ է ընկնում։ Հասնելով օվկիանոս` նրանք տեսնում են, որ օվկիանոսի լայնքով ընկած է մի հսկա կետ, որի «պոչին իրարանցում է, իսկ մեջքին գյուղ է կանգնած»։ Իմանալով, որ ճամփորդները գնում են Արևի պալատ, կետը խնդրում է նրանց իմանալ, թէ ինչ մեղքի համար է նա այդպես տառապում։ Իվանը խոստանում է, և ճամփորդները շարունակում են ճանապարհը։
Շուտով նրանք հասնում են թագուհու վերնատուն, որտեղ գիշերները քնում է Արևը, իսկ ցերեկը հանգստանում է Լուսինը։ Իվանը մտնում է վերնատուն և թագուհուց բարևներ է փոխանցում Լուսնին։ Լուսինն ուրախ է լուր ստանալ կորած աղջկանից, սակայն իմանալով, որ թագավորը ցանկանում է ամուսնանալ նրա հետ, զայրանում է և խնդրում Իվանին թագավորին փոխանցել իր խոսքը, որ իր աղջկա ամուսինը կդառնա ոչ թե ծեր, այլ գեղեցիկ երիտասարդ։ Կետի ճակատագրի մասին Իվանի հարցին Լուսինը պատասխանում է, որ տասը տարի առաջ այդ կետը կուլ է տվել երեսուն նավ, և եթե նա ազատի նավերին, ապա կներվի և ազատ կլինի։
Իվանը վերադառնում է ձիուկի մոտ, գնում է կետի մոտ և փոխանցում նրան Լուսնի խոսքը։ Գյուղացիները, որոնք բնակվել էին կետի մեջքին, արագ լքում են գյուղը, իսկ կետն ազատում է նավերին։ Ազատվելուց հետո կետը հարցնում է Իվանին, թե ինչով կարող է ծառայել նրան։ Իվանը խնդրում է օվկիանոսից բերել թագուհու մատանին։ Կետը երկարատև փնտրտուքներից հետո գտնում է մատանիով սունդուկը, սակայն այն այնքան ծանր էր, որ Իվանը չի կարողանում բարձրացնել այն։ Ձիուկը հեշտությամբ դնում է սունդուկը իր վրա, և նրանք վերադառնում են մայրաքաղաք։ Թագավորը տալիս է թագուհուն մատանին, սակայն թագուհին կրկին հրաժարվում է ամուսնանալ նրա հետ, ասելով, որ թագավորը շատ ծեր է նրա համար և առաջարկում է միջոց, որի օգնությամբ նրան կհաջողվի երիտասարդանալ։ Դրա համար պետք էր դնել երեք մեծ կաթսա, մեկը` սառը ջրով, երկրորդը` տաք ջրով, երրորդը` եռացող կաթով և լողանալ երեք կաթսաներում հետևյալ հերթականությամբ. սկզբում` վերջին, հետո` նախավերջին և վերջում` առաջին կաթսայում։
Թագավորը այդ ժամանակ կանչում է Իվանին և պահանջում, որ նա առաջինն այդ ամենը անի։ Իվանը դիմադրում է, սակայն թագավորը սպառնում է, որ կտանջի նրան, եթե չենթարկվի։ Սապատավոր ձիուկը խոստովանում է, որ սա ամենաբարդ փորձությունն է, սակայն այս դեպքում էլ խոստանում է օգնել Իվանին։ Սապատավոր ձիուկը թափահարում է պոչը, դունչը թաթախում է կաթսաների մեջ, երկու անգամ շաղ է տալիս Իվանի վրա, բարձր սուլում է և արդեն դրանից հետո Իվանը կարող էր խիզախորեն ցատկել նախ կաթի, այնուհետև` եռացող և սառը ջրերի մեջ։ Ամեն ինչ այդպես էլ լինում է, և արդյունքում Իվանը վերածվում է որպես գեղեցիկ երիտասարդ։
Տեսնելով դա` թագավորը նույնպես ցատկում է եռացող կաթի մեջ, սակայն հակառակ արդյունքով. ընկնելով կաթսայի մեջ, նա եփվում է դրա մեջ։ Ժողովուրդն ընդունում է Աննման աղջկան իբրև թագուհի, իսկ կերպարանափոխված Իվանը ամուսնանում է նրա հետ։ Բոլորը ողջունում են թագավորին և թագուհուն, իսկ պալատում թնդում է հարսանեական խնջույքը։
Հիմնական ներկայացումներ
խմբագրելՄարիինյան թատրոն
խմբագրել- 1895 թվական, դեկտեմբերի 6, բալետմաստեր` Մարիուս Պետիպա, նկարիչներ` Կոնստանտին Իվանով, Հենրիխ Լևոտ, Պյոտր Լամբին (դեկորացիաներ), Եվգենի Պոնոմարև (կոստյումներ), դիրիժոր` Ռիկարդո Դրիգո, Աննման աղջիկ` Պյերինա Լենյանի, Իվանուշկա` Ալեքսանդր Շիրյաև, Խան` Ֆելիքս Կշեսինսկի։
Հետագայում այս բեմադրության մեջ Մարիինյան թատրոնի բեմում Աննման աղջկա դերը կատարել են Մաթիլդա Կշեսինսկայան, Օլգա Պրեոբրաժենսկայան, Յուլյա Սեդովան, Վերա Տրեֆիլովան, Մաթիլդա Մադաևան, Թամարա Կարսավինան և այլն։
- 1912 թվականի դեկտեմբերի 16, բալետմաստեր` Ալեքսանդր Գորսկի, նկարիչ` Կոնստանտին Կորովին, դիրիժոր` Ռիկարդո Դրիգո, Աննման աղջիկ`Մաթիլդա Կշեսինսկայա, Իվանուշկա` Տիմոֆեյ Ստուկոլկին, Խան` Պավել Գերդտ։
Ավելի ուշ կայացած ներկայացումներում Աննման աղջկա դերը կատարել են Լյուբով Եգորովան, Ագրիպինա Վահանովան և այլն։
- 1945 թվականի մարտի 20, Մարիինյան թատրոն, վերականգնում, բալետմաստեր` Ֆյոդր Լոպուխով, նկարիչ` Կոնստանտին Կորովին, դիրիժոր` Եվգենի Դուբովսկոյ, Աննման աղջիկ` Ալլա Շելեստ, Իվանուշկա` Վ. Թոմսոն, Խան` Նիկոլայ Սոլյաննիկով։
- 1963 թվականի մայիսի 21` բալետմաստեր` Միխայիլ Միխայլով, Տախիր Բալտաչեև, Բորիս Բրուսկին, Նկարիչ` Կոնստանտին Կորովին, դիրիժոր` Յուրիյ Գամալեյ, Իվանուշկա Օ. Կուզնեցով, Խան` Յու. Մալցև։
Մեծ թատրոն
խմբագրել- 1866 թվականի դեկտեմբերի 1, Մեծ թատրոն, Մոսկվա, բալետմաստեր` Արթուր Սեն-Լեոն, նկարիչներ` Ֆյոդոր Վալց, Ի. Կուկանով, Ֆ. Շենյան, դիրիժոր` Ստեփան Ռյաբով, Աննման աղջիկ` Ադել Գրանցովա, Իվանուշկա` Վասիլի Գելցեր, Խան` Վիլհելմ Վաններ։
- 1901 թվականի նոյեմբերի 25, բալետմաստեր` Ալեքսանդր Գորսկի, նկարիչներ` Կոնստանտին Կորովին, Նիկոլայ Կլոդտ, դիրիժոր` Անդրեյ Արենդս, Աննման աղջիկ` Ադելինա Ջուրի, Իվանուշկա` Նիկոլայ Դոմաշյով, Խան` Վասիլիյ Գելցեր։
- 1914 թվականի դեկտեմբերի 14, վերականգնում. Աննման աղջիկ` Եկատերինա Գելցեր, Իվանուշկա` Վլադիմիր Ռյաբցև, Խան` Միխայիլ Մորդկին, Խանի սիրելի կին` Սոֆյա Ֆյոդորովա։
- 1928 թվականի սեպտեմբերի 23, վերականգնում ըստ Գորսկու Մեծ թատրոնին կից փորձառական թատրոնի բեմում, նկարիչ` Կ. Կորովին, դիրիժոր` Յուրի Ֆայեր, Աննման աղջիկ` Մարիա Ռեյզեն, Իվանուշկա` Վիկտոր Սմոլցով, Խան` Վլադիմիր Ռյաբցև։
- 1948 թվականի հուլիսի 4, վերականգնում, բալետմաստերներ` Տ. Նիկիտա, Լև Պոսպեխին, Ալեքսանդր Ռադունսկի, նկարիչ` Կոնստանտին Կորովին, Դիրիժոր` Յուրի Ֆայեր, Աննման աղջիկ` Սոֆյա Գոլովկինա, Իվանուշկա` Ն. Պոպկո, Խան` Ալեքսանդր Ռադունսկի։
ԽՍՀՄ այլ քաղաքներում
խմբագրելՍարատով (1928 թվական, բալետմաստեր` Վալենտինա Գամսախուրդիա, 1945 թվական, բալետմաստեր` Ա. Ռ. Տոմսկիյ), Կույբիշև (1937 թվական, բալետմաստեր` Տոմսկիյ), Սվերդլովսկ (1943 թվական, բալետմաստեր` Կոնստանտին Մուլլեր և Վլադիմիր Կոնոնովիչ), Պերմ (1946 թվական, բալետմաստեր` Վ. Նիկիտին), Գորկի (1952 թվական, բալետմաստեր` Մարկ Ցեյտլին)։
Ֆիլմ-բալետ
խմբագրել1962 թվականին Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի ներկայացման հիման վրա նկարահանվել է «Սապատավոր ձիուկ» ֆիլմ-բալետը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «О спектакле «Конек-Горбунок» на сцене Санкт-Петербургского Государственного Театра Юных Зрителей им А. А. Брянцева — сайт TheArt». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
- ↑ 2,0 2,1 «Конек-горбунок»
- ↑ Театральная Энциклопедия
- ↑ Энциклопедия балета