Սամսոն Տոնոյան
Սամսոն Խաչատուրի Տոնոյան (հունիսի 10, 1931, Լեռնարոտ - մայիսի 8, 2014), հայ խորհրդային պետական-կուսակցական գործիչ:
Սամսոն Տոնոյան | |
Կուսակցություն՝ | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ) |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունիսի 10, 1931 |
Ծննդավայր | Լեռնարոտ |
Վախճանի օր | մայիսի 8, 2014 (82 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1931 թվականի հունիսի 10-ին ՀԽՍՀ Աշտարակի շրջանի Լեռնարոտ (Մաղդա) գյուղում՝ գաղթականի (հայրը՝ Խաչատուր Տոնոյան, 1915 թ. գաղթել է Արևմտյան Հայաստանի Սասնա գավառի Գլեգուզան գյուղից, ընտանիքի նախկին անդամները մորթվել են թուրքական յենիչերների կողմից) ընտանիքում:
Սկզբնական 8-ամյա միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որից հետո շարունակել է հետագա ուսումը և աշխատանքային գործունեությունը Երևան քաղաքում: 1960 թ.-ից աշխատել է Երևանի ավտոդողերի գործարանում, որպես ավտոդողագործ[1]: Սամսոն Տոնոյանը Երևանի ավտոդողերի գործարանում առաջիններից է հանդես եկել «Մեկ հնգամյակում երկու հնգամյակի նորմա» նշանաբառով և 9-րդ և 10-րդ հնգամյակներում կատարել չորս հնգամյակի պլան: Աշխատանքում եղել է նորար: Նրա աշխատանքի փորձը լայնորեն մասսայականացվել է ինչպես ՀԽՍՀ-ում, այնպես էլ ԽՍՀՄ նավթաքիմիական և նավթավերամշակման արդյունաբերության ձեռնարկություններում:
Զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ, եղել է գործարանի կուսակցական կոմիտեի անդամ, Լենինյան շրջանի վարպետ-դաստիարակների խորհրդի նախագահ, 1970-1979 թթ. Հայկական ԽՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի դեպուտատ: 1986 թվականից հանդիսացել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ՝ ընտրված կուսակցության XXVIII համագումարում: 1980-1990 թթ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 10-րդ և 11-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ[2][3][4]: 1988-1990 թթ. եղել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից (Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շենքում իր գլխավորությամբ, Ղարաբաղ կոմիտեի անդամներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Աշոտ Մանուչարյանի, Խաչիկ Ստամբոլցյանի, գրող հրապարակախոս Սերո Խանզադյանի և դեպուտատների հետ գերագուն խորհրդի նիստ հրավիրելու՝ Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու պատմական որոշման օրը): Սամսոն Տոնոյանը եղել է հանրապետական նշանակության անհատական թոշակառու և մեծ հայրենասեր:
Մահացել է 2014 թվականի մայիսի 8-ին:
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
Ցուցաբերած աշխատանքային բարձր ցուցանիշերի, ինչպես նաև ակտիվ հասարական գործունեության համար Տոնոյանն արժանացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ բարձր կոչումների, պատվոգրերի, շքանշանների և այլն:
- 1970 թվականի ապրիլի 2-ին բարեխիղճ աշխատանքի համար ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության կողմից պարգևատրվել է Լենինի ծննդյան 100-ամյակի շքանշանով
- ԽՍՀՄ նավթաքիմիական և նավթավերամշակման արդյունաբերության մինիստրության կողմից ճանաչվել է սոցիալիստական աշխատանքի հարվածային IX-XI-րդ հնգամյակի պլանները գերազանց կատարելու համար
- Սոց մրցության հաղթող ճանաչվելու կապակցությամբ 1973-1974 թթ. ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեից, ԽՍՀՄ Մինիստրների Սովետից և ԽՍՀՄ այլ բարձրագույն ատյաններից ստացել է բազմաթիվ շքանշաններ
- 1976 թվականի հունիսի 20-ին արդյունաբերական բարձր ցուցանիշերի, սոց մրցության և սոց պարտավորությունների կատարման համար անցկացվել է ԽՍՀՄ նավթաքիմիական և նավթավերամշակման արդյունաբերության մինիստրության պատվավոր գրքում
- ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեից, ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության կողմից պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության բարձրագույն շքանշանով
- 1979 թվականին արժանացել է ԽՍՀՄ պատվավոր նավթաքիմիագործի բարձր կոչմանը
- 1980 թվականին՝ ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր
- ՀԽՍՀ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեից, ՀԽՍՀ Գերագույն Սովետի նախագահությունից, ՀԽՍՀ Արհմիութենական կենտրոնական կոմիտեից և այլ պետական և հասարակական կազմակերպությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և խրախուսանքների
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Рабочий класс Советской Армении в период развитого социализма Изд-во АН Армянской ССР, 1982
- ↑ Սամսոն Խաչատուրի Տոնոյան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահ 1980-1990թթ.
- ↑ «Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898 - 1991»։ www.knowbysight.info։ Վերցված է 2018-11-23
- ↑ Daily Report: Soviet Union, Вып. 6-10