Սամբուկա (իտալ.՝ Sambuca), իտալական ծագմամբ լիկյորի տեսակ, որը պատրաստվում է անիսոնի հավելմամբ։ Սովորաբար այն թափանցիկ, սպեցիֆիկ համուհոտով քաղցր հեղուկ է, որում պարունակվում է 38—42 % սպիրտ։ Բայց հանդիպում են նաև սամբուկայի կարմիր տարատեսակները։ Խմիչքը պատրաստվում է ցորենի սպիրտից, շաքարից, անիսոնից, աստղաձև անիսոնից, ինչպես նաև հատապտուղների և կտտկենու ծաղկի հյութից։ Որպես հավելանյութ ավելացնում են նաև բուրավետ խոտեր, որոնց ստույգ տեսակները գաղտնի են պահվում[1]։

Սամբուկա
Տեսականիսոն ըմպելիք
Ենթատեսականիսոն ըմպելիք
ԲաղադրամասերԷթիլ սպիրտ և խմելու ջուր
Ալկոհոլի պարունակություն38—42 %
Ծագման երկիր Իտալիա
Գույնթափանցիկ, կարմիր
 Sambuca Վիքիպահեստում

Սամբուկա անվանումը առաջացել է կտտկենի բույսի լատիներեն անվանումից՝ Sambucus nigra, քանի որ հենց այդ բույսի պտղի և ծաղիկների մզվածքն է ավելացվում խմիչքին՝ հավասարակշռելու անիսոնի բուրմունքը։ Սակայն սամբուկա արտադրող ամենամեծ ընկերություններից մեկը՝ Մոլինարին հավաստիացնում է, որ կտտենի բույսի անվանումը բացարձակ կապ չունի խմիչքի հետ[2]։ Խմիչքը անվան առաջացման տեսակետներից են.

  • Հավանաբար խմիչքի անվանումը առաջացել է արաբերեն «zammut» բառից, որը թարգմանվում է որպես «անիսոն», որը և խմիչքի գլխավոր բաղադրիչն է
  • Կա նաև մի վարկած, ըստ որի սամբուկա անվանումը ծագում է Տոսկանայի համանուն քաղաքի անունից
  • Հնարավոր է, որ խմիչքն անունը ստացել է այն արաբական նավի տեսակի անունից, որով առաջին անգամ հայտնվել է Եվրոպայում

Պատմություն խմբագրել

Միջնադարում Սարակինոսները Հռոմ բերեցին մի խմիչք, որի հիմքը կազմում էր աստղաձև անիսոնը (լատին․՝ Illicium)։ Այն սկսեցին օգտագործել որպես դեղամիջոց և որպես հաճելի խմիչք՝ սնվելուց հետո։ Այդ խմիչքը համարվում է ժամանակակից սամբուկայի նախահայրը։

Սամբուկան համարվում է իտալական խմիչք։ Առաջին լիկյորը սամբուկա անվանումով թողարկվել է 1851 թ. Լուիջի Չիվիտակյայի կողմից՝ Sambuca MANZI di Civitavecchia: Ի դեպ, այդ լիկյորն արտադրվում է նաև մեր օրերում[2]։

1945 թ. Անջելո Մոլինարին սպիրտների և գինիների մեջ զանազան խոտաբույսեր սկսեց կիրառել։ Այդպիսով նա ստացավ լիկյորի տեսակ՝ անիսոնի հիմքով, որը ստացավ Sambuca Extra անվանումը։ Նա Չիվիտավեկյա քաղաքում, Հռոմից 50 մղոն հյուսիս, հիմնադրեց ընկերություն, որը սկսեց արտադրել սամբուկա խմիչքներ։ Այսօր Մոլինարիների արտադրած սամբուկան զբաղեցնում է իտալական շուկայում արտադրված սամբուկաների ավելի քան 70 %-ը։

Օգտագործման եղանակները խմբագրել

Գոյություն ունեն սամբուկայի կիրառման մի շարք եղանակներ՝

  • Ավանդական իտալական եղանակ՝ con mosca (բառացի «ճանճերով»). սամբուկան հրամցվում է սուրճի երեք հատիկներով, որոնք գցվում են խմիչքի մեջ։ Այդ հատիկները խորհրդանշում են առողջությունը, հարստությունը և երջանկությունը։
  • Սամբուկան խմում են անխառն վիճակով՝ խիստ սառեցված։
  • Խմիչքն այրում են հատուկ գավաթում։ Քիչ բոցավառվելուց հետո հանգցնում են կրակն ու քանի դեռ տաք է, խմում են։
  • Վերցնում են երկու բաժակ, մեկի մեջ ավելացնում են լիկյորը և այրում։ Ընթացքում մյուս բաժակի մեջ են լցնում ու հետո այդ բաժակը շուռ են տալիս ափսեի մեջ։ Բաժակի և ափսեի արանքում դնում են թղթյա անձեռոցիկ, որի վրա դնում են ճկազանգվածե ձողիկ։ Խմիչքը խմում են, հետո ձողիկով քաշում մյուս բաժակում գտնվող այրված սամբուկայից առաջացած գոլորշիները։ Վերջում սուրճի հատիկները կրծոտում են[3]
  • Սամբուկան օգտագործում են զանազան կոկտեյլների պատրաստման մեջ։ Օրինակ «կրակե» կոկտեյլում բարակ երկար ըմպանակի մեջ ավելացնում են մի քանի շերտ խմիչքներ թնդության աճման կարգով՝ թեթև լիկյոր, շամպայն, սամբուկա, օղի, աբսենթ։ Խմիչքը այրում են և խմում ձողիկով։ Ըստ անհրաժեշտության վրայից խմում են նաև կիտրոնի հյութ[4]։
  • Սամբուկան խմում են սառցաջրով՝ որպես զովացուցիչ ամառային ըմպելիք. խառնելուց հետո խմիչքը պղտորվում է, որը հետևանք է եթերայուղերի վատ լուծելիության, ինչով խմիչքը հարուստ է։
  • Սամբուկան խմում են սառը կաթով, բայց առանց խառնելու դրանք։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Լիկյորներ, որոնց հիմքում անիսոն բույսն է.

Ծանոթագրություններ խմբագրել