Սահակ Ծաղկարար

քիմիկոս, մանրանկարիչ

Սահակ Տեր-Գրիգորյան (Սահակ Ծաղկարար), (Իսահակ Ծաղկարար) (1788, Երևան - 1857, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ բնագետ, քիմիկոս, գրիչ և մանրանկարիչ։

Սահակ Ծաղկարար
Դիմանկար
Ծնվել է1788
ԾննդավայրԵրևան
Մահացել է1857
Մահվան վայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքիմիկոս, մանրանկարիչ և բնագետ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1788 թվականին, Երևանում, քահանա Մահտեսի Տեր-Գրիգորյանի ընտանիքում։ Ուսում է ստացել Վաղարշապատի Ժառանգավորաց վարժարանում, դարձել է Էջմիածնի միաբանության անդամ, 1812 թվականին՝ վարդապետ, 1832 թվականին՝ եպիսկոպոս։ Հոգևորականի գործին զուգահեռ զբաղվել է կիրառական քիմիայով։ Սահակ Ծաղկարարի դիմանկարը իր «Այրարատ. Բնաշխարհ Հայաստանեայց» բանբերում զետեղել է Ղևոնդ Ալիշանը, անվանելով նրան «հռչակավոր Ծաղկարար»[1]։ 1956 թվականին «Բանբեր Մատենադարանի» միջնադարագիտական, հայագիտական, ձեռագրագիտական հանդեսում տպագրվել է Երևանի պետական համալսարանի անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Տիրան Ղազանչյանի ընդարձակ հոդվածը, որտեղ նշված է, որ Ծաղկարարին է պատկանում Մատենադարանում պահվող N6247 և 9029 ձեռագրերը, որոնցում ներկայացված են իր մասին տվյալները և քիմիական հայտնագործությունները[2]։

Սահակ Ծաղկարարը եղել է ինքնուս-քիմիկոս։ 1836 թվականին Էջմիածնի կազմատնից շպրտվող թղթի մնացորդները կրկին թղթի վերածելու համար նա փորձեր է կատարել, ինչը պսակվել էին հաջողությամբ։ Էջմիածնի Սինոդը երկու անգամ՝ 1836 և 1837 թվականներին նրան մերժել է թղթի վերամշակման նոր գործարանի կառուցումը։ Ծաղկարարի հաջորդ քիմիական գործունեությունը հաջողվել է իրականացնել Ռուսական կառավարության աջակցությամբ․ Երևանի նահանգը Ռուսական Կայսրությանը միացնելուց հետո ռուսները հետաքրքրվել են Արարատյան դաշտի որդան կարմիրից ներկ ստանալու գործընթացով և Սահակ Ծաղկարարին նշանակել են որդան կարմիրի ստացման գործընթացի կազմակերպիչ։ Այդ աշխատանքների համար Ռուսաստանի ցարը 1834 թվականին Սահակ Ծաղկարարին նվիրել է ամեթիստե ադամանդակուռ մատանի, 1839 թվականի հունիսից նշանակել է 200 ռուբլի ցմահ թոշակ[3]։

Սահակ Ծաղկարարը պատմականորեն համարվում է վերջին մարդը, որը 19-րդ դարում փորձել է վերականգնել որդան կարմիրի բաղադրատոմսն ու դրանից ներկանյութ ստանալ[4]։

Սահակ Ծաղկարարը բացի որդան կարմիրից, ներկեր է ստացել տարբեր եղանակներով։

Բացի որդան կարմիրից՝ Ծաղկարարը գրել է նաև մի ամբողջ տետր՝ նվիրված տարբեր ներկերի ստացման եղանակներին։ Հատկապես զբաղվել է լաջվարդ ներկի արտադրությամբ, որը սովորել է մի պարսիկ պալատական նկարչից[5]։ Բացի այդ նա նաև անդրադարձել է պոտաշի ստացմանը, մետաղների ոսկեզօծմանը և արծաթազօծմանը, սոսինձի պատրաստմանը, երկաթ հալելու ու մխելու, կաշվի դաբաղման խնդիրներին և հարցերին։

Սահակ Ծաղկարարը մահացել է 1857 թվականին, Երևանում։ 1863 թվականին, Միքայել Նալբանդյանն իր նամակներից մեկում՝ հասցեագրված Ղազարոս Նալբանդյանին, գրել է՝ «Ծաղկարարը մեռավ և նրա հետ գերեզման իջավ (ներկ) պատրաստելու եղանակը»[6]։

Աշխատություններ խմբագրել

  • «Խրատ ծաղկարարութեան» (1815-1840, Մատենադարան, ձեռագիր N9029),
  • «Գաղափար օրինակի մանրանկարաց Սահակաց Ծաղկարարի (1819-1837, ձեռագիր N6248)
  • «Բազմավեպ» (1843, ձեռագիր N6247)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղևոնդ Ալիշան, «Այրարատ. Բնաշխարհ Հայաստանեայց», էջ 484
  2. «Բանբեր Մատենադարանի» Տիրան Ղազանչյան, էջ 131
  3. Media, Noev Kovcheg. «Возродится ли армянская кошениль?». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «Հավերժական ներկը` որդան կարմիրը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «Բանբեր Մատենադարանի» Տիրան Ղազանչյան, էջ 137
  6. «Բանբեր Մատենադարանի» Տիրան Ղազանչյան, էջ 132

Արտաքին հղումներ խմբագրել