Բացել գլխավոր ցանկը
Որդան կարմիր
Որդան կարմիր
Որդան կարմրի էգը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Porphyrophora hamelii


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Որդան կարմիր կամ Արարատյան որդան կարմիր[1] (լատ.՝ Porphyrophora hamelii), Margarodidae ընտանիքին պատկանող միջատ, որից հնում հայերը պատրաստում էին նույնանուն ներկը։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՊատմությունԽմբագրել

Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։

Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։

Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկատներ, որոնց կոչում էին արքայական։ Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։

Որդան կարմիրը Հին Հայերի մոտ եղել է որպես ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ խորհրդանիշ։ Պատմական Հայաստանի Բոլոր գավառների և իշխանական տների բազմատեսակ զինադրոշների վրա իշխող է եղել այս գույնը։ Տիգրան II-ի Թագավորության ժամանակաշրջանում Հայկական Հպատակություն ընդունած վասալ արքաները իրենց դրոշների վերին երիզը ներկում էին որդան կարմրով, որով իրենց հավատարմությունն էին հավաստում Հայոց Արքայից-Արքային։

Արաբները Արտաշատ քաղաքը կոչել են որդան կարմիրի քաղաք։

15-րդ դարում Հայ մեծ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին իր աշխատություններից մեկի մեջ հետաքրքիր տեղեկություն է հաղորդում այս ներկի առանձնահատկությունների մասին։

19-րդ դարում Այղր լճի շրջակայքում և Արաքսի մերձափնյա Շորլու, Սարվանլար, Խոր Վիրապ վայրերում դեռևս աճում էին որդան կարմիրի սեզերը։

Շուրջ երկու հազար տարի Հայկական որդան կարմիրը եղել է աշխարհի ամենաթանկարժեք ու բարձրորակ ներկը։ Նրանով ներկում էին ոչ միայն խաների հանդերձները, այլև նկարազարդում էին թանկարժեք մագաղաթները։ Որդան կարմիրը օգտագործել է նաև որպես թանաք։ Հին և միջին դարերում Արևելքի և Եվրոպայի թագավորներն ու կաթողիկոսները ստորագրում էին միայն որդան կարմիր թանաքով։ Աշխարհում տարածված կարմիր թանաքով ստորագրությունը (բոլոր տեսակի փաստաթղթերի վրա) սկիզբ է առել Հայկական որդան կարմիր օգտագործումից։

ՆկարագրությունԽմբագրել

Զարգացման բոլոր փուլերում բնորոշվում է կարմիր գույնով, ինչը պայմանավորված է օրգանիզմում կարմինի առկայությամբ։ Բնութագրվում է վառ արտահայտված սեռական դիմորֆիզմով։ Չափահաս էգը անթև, օվալաձև, դանդաղ շարժվող միջատ է։ Մարմնի երկարությունը՝ 2-12 մմ, լայնությունը՝ 1-6 մմ, քաշը՝ 2-100 մգ (միջինը՝ 27 մգ)։ Մարմինը սեգմենտավորված է, ոտքերը կարճ են, թույլ զարգացած։ Աչքերը պարզ են, փոքր, ուռուցիկ։ Արուները արտաքնապես խիստ տարբերվում են էգերից։ Նրանց մարմնի երկարությունը 2-4,5 մմ է, լայնությունը՝ 0,4-1,3 մմ, քաշը՝ 0,6-3,4 մգ։ Մարմինը հստակ բաժանված է գլխի, կրծքավանդակի և որովայնի։ Կրծքավանդակից սկսում են զույգ թափանցիկ թևերը՝ մուգ կարմիր եզրերով։ Աչքերը բարդ են, մեծ։ Ոտքերը երկար են, հարմարեցված են համեմատաբար արագ շարժման համար։ Մարմինըն մուգ կարմիր գույնի է և վերջին հատվածի մեջքային կողմից դուրս են գալիս մարմնի երկարությունը 2-3,5 անգամ գերազանցող արծաթագույն մոմային թելերից կազմված 2 փնջեր[2]։

ԶարգացումԽմբագրել

Որդան կարմրի ձվերը ձմեռում են հողի մեջ մոտ 7 ամիս (սեպտեմբերից մարտ)։ Գարնանը (մարտ-ապրիլ) ամիսներին, ձվերից դուրս են գալիս երկարավուն թրթուռները, որոնք կպչում են սնուցող բույսի արմատներին։ Հետագայում թրթուռները ձևափոխվում են թաղանթապատյանների (ցիստաների)։ Օգոստոսի վերջում տեղի է ունենում կերպարանափոխություն՝ մետամորֆոզ։ Սեպտեմբերի սկզբներին արդեն ձևավորված արուները և էգերը դուրս են գալիս հողի վրա և զուգավորվում։ Արուները զույգավորումից հետո սատկում են, իսկ էգերը մտնում են հողի տակ ձվադրման համար։ Այսպիսով, մեկ տարում որդան կարմիրը տալիս է մեկ սերունդ։

ՏարածվածությունԽմբագրել

Արարատյան հարթավայրի էնդեմիկ տեսակ է։ Տարածված է Արարատի և Արմավիրի մարզում՝ Արարատյան հարթավայրի աղուտներում։ 20-րդ դարի կեսերին արեալը կազմում էր 10000 հա, 1990 թվականի տվյալներով՝ ընդամենը 2000 հա էր և բաղկացած էր իրարից տարանջատված փոքր (մինչև մի քանի հեկտար) և 2 համեմատաբար մեծ՝ մեկը՝ Արազափ (200 հա) մյուսը՝ Ջրառատ (17 հա) գյուղերի մոտակայքում (Արմավիրի մարզ) գտնվող հատվածներից[2]։

ԷկոլոգիաԽմբագրել

Ապրում է կերային բույսերի առկայությամբ աղուտներում։ Բուսակեր, օլիգոֆագ տեսակ է, որը սնվում է միայն երկու տեսակի բույսերով՝ որդանախոտով (Aeluropus) և եղեգով (Phragmites)։ Ապրիլ-մայիս ամիսներին դուրս են գալիս թրթուները՝ թափառողները, բարձրանում են հողի մակերես և մինչև օգոստոս սեպտեմբեր ամիսը սնվում են կերակրաբույսով։ Սնման ամբողջ ընթացքում թրթուրը մնում է կպած բույսին։ Մայիսի վերջին կատարվում է մաշկափոխություն և առաջանում են ցիստեր, որոնց մի մասից օգոստոսի երկրորդ կեսից սկսում են դուրս գալ արտաքինից հասուն էգերին նման, բայց չափերով շատ ավելի փոքր արու թրթուրները, որոնք որոշ ժամանակ անց անցնում են հողի մեջ և ձևավորվում հարսնյակը և նիմֆերը։ Այդ ամբողջ ժամանակահատվածում էգերի թրթուրները շարունակում են սնվել և աճել կերաբույսերին կպած ցիստերում։ Ցիստերից դուրս գալուց հետո էգերը անմիջապես բարձրանում են հողի մակերեևույթ և սպասում են արուներին, որոնք հողի մակերևույթ են դուրս գալիս շարջուն դառնալուց հետո, երբ ձևավորվում են նրանց թևերը։ Հասուն էգերը և արուները մասսայաբար դուրս են գալիս հողի մակերևույթ սեպտեմբերից մինչև հոկտեմբերի կեսերը, վաղ առավոտյան՝ ժամը 6-ից մինչև 11-ը։ Այդ ընթացքում կատարվում է նրանց զուգավորումը, որից հետո արուները սատկում են, իսկ բեղմնավորված էգերը անցնում են հողի մեջ և 1-5 սմ խորության վրա սկսում են արտադրել նուրբ մոմային թելեր ու պատրաստել յուրօրինակ թավշոտ բոժոժ՝ ձվապարկ, որտեղ էլ ձվադրում են, որից հետո նրանք էլ են սատկում։ Ձմեռում են ձվերը[2]։

ՊահպանությունԽմբագրել

Սահմանափակ, կրճատվող արեալով և նվազող թվաքանակով հազվագյուտ էնդեմիկ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Գրանցված էր ԽՍՍՀ Կարմիր գրքում։

Տարածման վայրերում թվաքանակը բարձր է, սակայն պոպուլյացիայի թվաքանակը, պայմանավորված արեալի զգալի կրճատմամբ, ընդհանուր առմամբ խիստ նվազել է։

Վտանգման հիմնական գործոններից են աղուտների ինտենսիվ յուրացումը, մելիորատիվ աշխատանքների իրականացումը, հողերի սեփականաշնորումը և անասունների չկարգավորված արածեցումը։ Հաշվի առնելով արեալի առանձնահատկությունները՝ դրա սահմանափակ, մասնատված և հողահանդակներով շրջապատված լինելը, կլիմայի հնարավոր փոփոխությունները կարող են առավել մեծ վտանգ ներկայացնել տեսակի համար։ Հիդրոլոգիական ռեժիմի հետագա փոփոխությունը ինչպես տեսակի տարածման վայրերում, այնպես էլ շրջակա հողահանդակներում, կարող է հանգեցնել նրա ապրելավայրերի ոչնչացմանը և հետևաբար` նաև միջատի բնաջնջմանը:

1986 թվականի հատուկ այս տեսակի պահպանության նպատակով ստեղծվել է «Որդան կարմիր» արգելավայրը։ Մշակված է արհեստական պայմաններում միջատի բազմացման մեթոդը[2]։

Որդան կարմիրը պահպանվում է արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

1788 թվականին հնդկահայ հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի կողմից հրատարակած Հայաստանի սահամանադրության նախագծում՝ Որոգայթ փառացում, 502-րդ հոդվածի համաձայն «ով որ շնորհ ունենա մեր Հայաստան երկրում վերականգնել կարմիր որդանը՝ ներկ պատրաստելու համար և աճեցնել լեղակ...մեկ անգամ միայն Հայոց տան կողմից պետք է շնորհի արժանանա, այսինքն՝ 10.000 արծաթ դահեկան»[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Гамель И. Х. Об араратской кошенили. // Записки Императорской Академии наук. — Москва: тип. С. Селивановского, 1835.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
  3. , Որոգայթ փառաց, Երևան, 2002, էջ 208-209 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։