Ռուսական գվարդիական հուշարձան (Սոֆիա)

Ռուսական գվարդիական հուշարձան, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում Բուլղարիայի տարածքում զոհված գեներալներ Վասիլի Կատալեյի և Դմիտրի Ֆիլոսոֆովի հուշարձանը։ Գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ Ցարգորոդյան մայրուղու վրա գտնվող բուլվարում, Բուլղարական հեռագրական գործակալության շենքի դիմաց։

Ռուսական գվարդիական հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումփետրվարի 19, 2008
Երկիր Բուլղարիա
ՔաղաքՍոֆիա
Շինության ձևհուշարձան
Ներկա վիճակկանգուն
 Russian guardian monument, Sofia Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1877 թվականի դեկտեմբերի 21-ին 3-րդ գվարդիական հետևակային դիվիզիան հետապնդում էր Արաբակոնակից, Շանդորնիկից և Դաշքեսանից նահանջող թուրքերին։ Շարասյունը գլխավորում էին դիվիզիայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Կատալեյը և 1-ին բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Ֆիլոսոֆովը։ Միրկովո գյուղում՝ Պետրիչի կիրճի մուտքի մոտ, նահանջող թուրքական զորքերի համար կազմակերպվել էր լավ քողարկված դարանակալություն։ Ռուսական շարասյանը թույլ տալով մոտենալ՝ 700 քայլի վրա թուրքերը ուժեղ հրազենային կրակ բացեցին հիմնականում դիվիզիայի հրամանատարական շքախմբի ուղղությամբ։ Գեներալ Ֆիլոսոֆովը ծանր վիրավորվեց, իսկ Կատալեյը տեղում սպանվեց։ Վերցնելով զոհված հրամանատարի մարմինը և վիրավոր գեներալ Ֆիլոսոֆովին՝ շքախումբը ետ քաշվեց հետևակի մոտ, որը մարտական դիրքեր էր զբաղեցրել։ Վիրավոր Ֆիլոսոֆովը մահացավ նույն օրը՝ Օրհանում[1]։

Ռուսական գվարդիական հուշարձանը կառուցվել է 1885 թվականին՝ 3-րդ գվարդիական հետևակային դիվիզիայի զինծառայողների կամավոր հանգանակությունների հաշվին։ Սոֆիայում այն հայտնի էր որպես «Ռուս գեներալների հուշարձան»։ 1942 թվականին հուշարձանն ավերվել է ֆաշիստ-բուլղարացի սպայի հրամանով։ 1978 թվականին հուշարձանն ամբողջությամբ վերականգնվել է։

1989 թվականին՝ Բուլղարիայի կոմունիստական կուսակցության իշխանությունից հեռանալուց հետո, ոչ մի պետական մարմին չի զբաղվել հուշարձանի խնամքով. գողացվել են մետաղական շինվածքները, երեսապատման սալերը և այլն։ 2007-2008 թվականներին հուշարձանն ամբողջությամբ վերականգնվել է։ Անհրաժեշտ միջոցները տրամադրել են Բուլղարիայի լրատվամիջոցների ասոցիացիան, «Ռուսսոֆիլյա» ազգային շարժումը, Հանուն խաղաղության ռուսական հիմնադրամը (Մոսկվա), «Ռուսնեֆտեքիմ Բոլկանսը» ակցիոներական ընկերությունը, Մելիք Փաշաևի և Ստեֆան Շարլոպովի հիմնադրամները։ Հանդիսավոր բացումը կայացել է 2008 թվականի փետրվարի 19-ին։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Մաքսիմ Մինչևը (Բուլղարական հեռագրական գործակալության տնօրեն), Ենչո Մոսկովը («Ռուսսոֆիլյա» ազգային շարժման նախագահ), Անատոլի Պոտապովը (ՌԴ ներկայացուցիչը Բուլղարիայում), Կաուկո Յանսեն (Ֆինլանդիայի դեսպանորդը Բուլղարիայում) և ուրիշներ։ Բացմանը ներկա են եղել նաև Սոֆիայում Ռուսական ուղղափառ եկեղեցու վանահայր Ալեքսանդր Կորյագինը, Պահեստազորի սպաների և սերժանտների միության նախագահ գեներալ Ստոյան Տոպալովը, ռուսական մշակութատեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Իվանովը և ուրիշներ։ Հաջորդ օրը՝ 2008 թվականի փետրվարի 20-ին, հուշարձանին ծաղիկներ է դրել անձամբ Բուլղարիայի նախագահ Գեորգի Պիրվանովը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Памятникъ Восточной Войны 1877—1878 гг. Составилъ: А. А. Старчевскій. Издание: М. Г. Назимовой. С.—Петербургъ. Типографія Б. Г. Янпольскаго, Демидовъ пер., домъ № 5, 1878.

Արտաքին հղումներ խմբագրել