Ռուբինա Ալի (անգլ.՝ Rubina Ali, հունվարի 21, 1999(1999-01-21)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, առավել հայտնի է «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում ունեցած իր առաջնախաղով։ Այդ ֆիլմի ունեցած հաջողությունից հետո Ալին նկարահանվել է «Ո՞վ գիտի, թե ինչ կպատահի վաղը» ֆիլմում։ 2009 թվականին հրատարակվել է նրա ինքնակենսագրությունը[2]։

Ռուբինա Ալի
Ծննդյան թիվ՝հունվարի 21, 1999(1999-01-21)[1] (25 տարեկան)
Ծննդավայր՝Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 3193186

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Ռուբինա Ալին ծնվել է 1999 թվականի հունվարի 21-ին Հնդկաստանի Մումբայ քաղաքում։ Ալիի ընտանիքը պատկանում էր հասարակության ստորին խավին և ապրում էր Բանդրա կայարանից ոչ հեռու գտնվող ետնախորշերում[3]։ Ռուբինայի մայրն ամուսնուց բաժանվելուց հետո հեռացել էր ընտանիքից։ Ռուբինան ապրում էր հոր՝ Ռաֆիկի, քրոջ՝ Սանայի, եղբոր՝ Աբբասի և խորթ մոր՝ Մուննի հետ։ Մունին առաջին ամուսնությունից ուներ չորս երեխա՝ Սուրայյան, Սանջիդան, Բաբուն և Իրֆան[4][5]։

«Միլիոնատերը ետնախորշից» խմբագրել

 
«Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի նկարահանող անձնակազմն «Օսկարի» 81-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ

2008 թվականին Ալին նկարահանվել է «Միլիոնատերը ետնախորշից» բրիտանական ֆիլմում։ Այն պատմում է պատանի Ջամալ Մալիկի մասին, որը 20 միլիոն ռուպ էր շահել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրում[6]։ Ըստ ֆիլմն ստեղծողների՝ նրանք երկար ժամանակ քննարկել են, թե արդյոք արժե որպես դերակատարներ ընտրել ետնախորշերում ապրող երեխաների՝ վախենալով խարխլել նրանց ճակատագրերը։ Ավելի ուշ ռեժիսոր Դեննի Բոյլը հաստատել է քասթինգը[7].

Մյուս բոլոր դերասանների հետ, ովքեր Ջամալի, Սալիմի և Լատիկայի դերերը խաղացել էին տարբեր տարիքներում (Ալին Լատիկայի դերակատարն էր մանուկ հասակում), Ռուբինան այցելել էր «Օսկարի» 81-րդ մրցանակաբաշխության արարողությանը։ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմն արժանացել է 8 «Օսկարի», մասնավորապես՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Աջարուդին Մոհամեդ Իզմայիլը, որ խաղում էր Սալիմի դերը մանկության տարիներին, եկել էր մոր հետ, իսկ Ռուբինային ուղեկցում էր հորեղբայրը։ Դա նրա առաջին ուղևորությունն էր Մումբայի սահմաններից դուրս[8]։

Թերթերում հաճախ են հայտնվել լրագրողների պատմություններն այն մասին, որ պատանի դերասանները չեն ստացել իրենց համար սահմանված հոնորարները։ Կինոարտադրողները առարկել են՝ հայտարարելով, որ փողերը դերասաններին կվճարվեն միջնակարգ դպրոցն ավարտելիս[9]։ Համաձայն «The Daily Telegraph» թերթի՝ Ալին 1 ամիս նկարահանումների համար ստացել է 500 ֆունտ[10]։ «Fox Searchlight Pictures» կինոընկերության ներկայացուցիչն ասել է, որ դա համարժեք է միջին հնդիկի 3 տարվա աշխատավարձին[10]։

Բոյլն ասել է, որ չի ցանկանում հրապարակել նկարահանման համար երեխաներին վճարված իրական գումարը[11][12]։ Նա նաև հայտարարել է, որ վճարել է Ալիի և Իզմայիլի կրթության համար[10]։ Սակայն դա ևս հանդիպել է քննադատության, քանի որ լրագրողները կասկած են հայտնել ետնախորշերում մեծացող երեխաների՝ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության առթիվ[10]։ Բացի այդ, Հոլիվուդում ֆիլմի հաջողությունից հետո Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ երեխաներին կտրվեն բնակարաններ՝ չնայած նրանք վերադարձել են ետնախորշեր[13]։ Ալին այնտեղ ապրել է մինչև 2011 թվականի մարտը, երբ այն այրվել է[14]։

2009 թվականին «News of the World» բրիտանական տաբլոիդը Մումբայում երեխաների շահագործման վերաբերյալ իր հետաքննության շրջանակներում «միջնորդ» է ուղարկել Ռուբինայի հոր մոտ։ Ռաֆիկը և նրա հորեղբայր Ռաջան աղջկան «արևելյան շեյխի» ընտանիքին վաճառելու բանակցություններ են վարել՝ նրա դիմաց խնդրելով 297000 դոլար։ Ռուբինայի հայրն աղջկան վաճառելու ցանկությունը բացատրել է ընտանիքի ծանր ֆինանսական վիճակով, որը, ըստ նրա, «ոչինչ չի ստացել ֆիլմին մասնակցելու համար»[15]։

Հետագա կարիերա խմբագրել

2009 թվականին Ալին նկարահանվել է «Ո՞վ գիտի, թե ինչ կպատահի վաղը» ֆիլմում։ Բացի նրանից, այդտեղ նկարահանվել են «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի երիտասարդ դերասաններից մեկը՝ Աժարուդին Մոհամեդ Իզմայիլը, ինչպես նաև հայտնի այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Շահրուխ Խանը, Ռիշի Կապուրը և Ջուհի Չավլան[16]։ 2009 թվականին Ալին թողարկել է «Slumgirl Dreaming» ինքնակենսագրությունը, որտեղ պատմել է իր մանկության և «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում նկարահանվելու մասին[2]։

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Թվական Պարգև Կատեգորիա Արդյունք
2009 Central Ohio Film Critics Association Լավագույն անսամբլ
«Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի համար
Հաղթանակ
2009 ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակաբաշխություն Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերասանական կազմ
«Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի համար
Հաղթանակ
2009 Երիտասարդ դերասան Լավագույն դերասանական կազմ
«Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի համար
Հաղթանակ

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ֆ Միլիոնատերը ետնախորշից Slumdog Millionaire Լաթիկան փոքր ժամանակ
2009 ֆ Ո՞վ գիտի, թե ինչ կպատահի վաղը कल किसने देखा կամեո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Cole S. Booktalking Around the World: Great Global Reads for Ages 9-14. — Libraries Unlimited, 2010. — P. 22. — 178 p. — ISBN 1598846132
  3. Ramesh, Randeep (28.2.2009). «Slumdog actor upset at return of her mother». London: The Guardian. Վերցված է 2009 թ․ մարտի 2-ին.
  4. Shukla A. (2009 թ․ ապրիլի 20). «I want to stay with dad: Slumdog star Rubina Ali - Mumbai - DNA». Daily News and Analysis. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  5. Aiswarya A. (2009 թ․ ապրիլի 20). «Sell off Rubina? It's a lie: father». The Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  6. Экслер А. (02.04.2009). «Драма «Миллионер из трущоб»». Субъективные заметки о фильмах. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  7. Harvey O. (7 марта 2009). «Slumdog stars return to reality» (անգլերեն). The Sun. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  8. «Two Mumbai slum kids set for fairytale journey to Oscars» (անգլերեն). Indo-Asian News Service. 19 февраля 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
  9. Nelson D. (14 февраля 2009). «Slumdog Millionaire's child stars to miss Oscars» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2002 թ․ փետրվարի 26-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Nelson D., Henderson B (26 января 2009). «Slumdog child stars miss out on the movie millions». London: The Daily Telegraph. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.
  11. Tapper J. «Slumdog Symphony: A Chat with Danny Boyle». ABC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
  12. Afsana A., Smrity S (5 марта 2009). «From Slumdog to Bollywood». The Times of India. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  13. «Slumdog children to be rehoused» (անգլերեն). BBC News. 25 февраля 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  14. «Slumdog Millionaire child actress's home in Mumbai fire» (անգլերեն). BBC News. 5 марта 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  15. Богданова Е. (19 апреля 2009). «Отец продает свою дочку - звезду «Миллионера из трущоб»». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  16. Azhar and Rubina shoot for movie where Shah Rukh has a cameo(անգլ.) // The Siasat Daily. —Hyderabad, 2009.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբինա Ալի» հոդվածին։