Ջեք Աբրամոֆ (Էյբրամոֆ կամ Աբրամով) (անգլ.՝ Jack Allan Abramoff, փետրվարի 28, 1959(1959-02-28)[1] կամ փետրվարի 28, 1958(1958-02-28)[2], Ատլանտիկ Սիթի, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, լոբբիստ, բիզնեսմեն, որ ներառված է եղել մի շարք սկանդալային գործերում։

Ջեք Աբրամոֆ
անգլ.՝ Jack Abramoff
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1959(1959-02-28)[1] (65 տարեկան) կամ փետրվարի 28, 1958(1958-02-28)[2] (66 տարեկան)
ԾննդավայրԱտլանտիկ Սիթի, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն, Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց և Բրանդեյսի համալսարան
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, փաստաբան, լոբբիստ և կինոսցենարիստ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կայքabramoff.com
 Jack Abramoff Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1959 թվականի փետրվարի 28-ին հրեական ընտանիքում։ Տասը տարեկան հասակում տեղափոխվել է Կալիֆորնիա։ Սովորել է Բևեռլի Հիլզ քաղաքի դպրոցում[3]։

Լոբբիստական գորխծունեություն խմբագրել

Աբրամոֆը եղել է փորձառու ու արդյունավետ լոբբիստ։ Նա լոբբիստական գործունեություն է իրականացրել հետևյալ ծրագրերում[4].

  • Միջազգային ազատության ֆոնդում 1983-1996 թվականներին պաշտպանել է ՀԱՀ-ի ապարտհեյդ ռեժիմը։ Այս գործը նրան բերել է մոտ 1.5 միլիոն դոլար եկամուտ։
  • Հնդկաստանի ռեզերվացիաներում կազինոների հարկերի ներմուծման խափանում (1995 թվականից)։ Հնդկական ցեղերը Աբրամոֆին վճարել են մոտ 83 միլիոն դոլար։
  • Հյուսիսային Մարիանյան կղզիների իշխանությունների և տեղի բիզնեսի պաշտպանություն։ Աբրամոֆին հաջողվել է այս տարածքում պահպանել հարկերից ազատ լինելու կարգավիճակը։ Միայն տարածքի իշխանությունները Աբրամոֆին վճարել են ոչ պակաս, քան 6.7 միլիոն դոլար։
  • Ռուսական «Նաֆտասիբ» ընկերության պաշտպանություն, որի արդյունքում Ռուսաստանի իշխանությունները 1998 թվականի տնտեսական ճգնաժամի նախօրեին ԱՄՀ-ից կարողացել են ստանալ վարկ։
  • Կազմակերպել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի հանդիպումը Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադի հետ, ով դրա համար Աբրամոֆին վճարել է 1.2 միլիոն դոլար։

Քրեական գործեր խմբագրել

Աբրամոֆը ձերբակալվել է 2005 թվականին հանրապետական մի շարք կոնգրեսականների կաշառելու մեղադրանքով։ 2006 թվականին իրեն մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու, հաճախորդներին խաբելու և պաշտոնատար անձանց կաշառելու կասկածի գործում։ Հաշվի առնելով դատարանի հետ համագործակցությունը` Աբրամոֆը դատապարտվել է հասանելի պատժի նվազագույն չափին` 5 տարի, 10 ամիս և 21 միլիոն դոլար բռնագանձման (իր համագործակցի հետ)[5]։ Պարզվել է, որ «SunCruz Casinos» ընկերությունն ունեցել է 11 նավ-կազինո, որով խաղացողները Ֆլորիդա նահանգի նավահանգիստներից ուղևորվել են չեզոք ջրեր, որտեղ չեն գործել ԱՄՆ-ի օրենքները։ Կիդանն ու Աբրամոֆը պատրաստել են փաստաթղթերը, որոնք վկայում են այն մասին, որ նրանք իրենց սեփական գումարից մոտ 23 միլիոն դոլար են ներդրել լողացող կազինո ձեռք բերելու համար, որի արդյունքում կարող էին ստանալ 80 միլիոն դոլար վարկ գործարքի համար[6]։

2008 թվականին Աբրամոֆը դատապարտվել է 4 տարի ազատազրկման լոբբիստական օրենսդրությունը խախտելու համար. նա պաշտոնատար անձանց տրամադրել է թանկարժեք նվերներ, սպորտային-զբոսաշրջային ուղևորություններ, ճաշ ու ընթրիք թանկարժեք ռեստորաններում[6]։ Մասնավորապես, Աբարամոֆը ֆինանսավորել է Կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչ Թոմաս Դելեյի ուղևորությունը Շոտլանդիա հանգստի նպատակով, նրան տրամադրել է սպորտային միջոցառումների տոմսեր և վճարել նրա ճաշի ու ընթրիքի համար ռեստորաններում[6]։

«Մարդու իրավունքների իրավիճակը ԱՄՆ-ում 2006 թվականին» զեկույցում, որ ներկայացրել է ՉԺՀ-ի պետական խորհրդի մամուլի քարտուղարությունը, Աբրամոֆի գործի մասին նշվել է. «2006 թվականին ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում բորբոքվել է վերջին տասնամյակների ամենասկանդալային կոռուպցիոն սկանդալը` լոբբիստների գործը, որի գլխավոր կերպարը Ջեք Աբրամոֆն է։ Արդեն 4 կոնգրեսական պաշտոնաթող են եղել և մոտ մեկ տասնյակից ավելին գտնվում են հետաքննության տակ»[7]։

Իր դատապարտվելուց հետո Ջեք Աբրամոֆը համագործակցել է քննության հետ` ցուցմունքներ տալով իր նախկին գործընկեր լոբբիստների ու կոնգրեսականների դեմ։ Այսպես, նրա ցուցմունքները այն կարևոր հիմքերից են եղել, որով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության նախկին ղեկավար Բոբ Նեյը պաշտոնաթող է եղել, ապա հայտնվել բանտում։

Աբրամոֆի գործի հետ կապված` 2006 թվականին հանրապետական Ռենդի Կանինգհեմը ազատազրկվել է ութ տարով 2.4 միլիոն դոլար կաշառք ստանալու մեղադրանքով, իսկ 2010 թվականին Թոմաս Դելեյը ազատազրկվել է երեք տարով փողերի լվացման հանցավոր համգործակցության մեղադրանքով[8]։

Ձերբակալությունից ազատվելուց հետո խմբագրել

2010 թվականի հունիսի սկզբին Աբրամոֆը ազատվել է ձերբակալությունից և աշխատանքի անցել Բալթիմորի կոշերային պիցցայատանը[9]։

Կինեմատոգրաֆ խմբագրել

2010 թվականին էկրան է բարձրացել «Կազինո Ջեք» ֆիլմը, որը պատմում է Ջեք Աբրամոֆի կյանքի մասին։ Բիզնեսմենի դերում խաղացել է Քևին Սփեյսին։

Սակայն մինչ Ջեքը ինքը կդառնար ֆիլմի հերոս, նա կինեմատոգրաֆում իր ներդրումն է ունեցել այլ ձևով. նա դարձել է «Կարմիր կարիճ» և «Կարմիր կարիճ-2» ֆիլմերի պրոդյուսերը` ընդ որում հեղինակելով առաջին ֆիլմի սցենարը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. The Neoconservative Revolution: Jewish Intellectuals and the Shaping of Public Policy
  4. Лоббизм в США. Как осуществляется лоббизм в США и что можно позаимствовать для России. — М.: ИСЭПИ, 2013. — С. 29 — 30. Режим доступа: http://www.politanalitika.ru/upload/iblock/5f4/5f4353e989c6fe783a3e0d846d73c6f4.pdf Արխիվացված 2016-10-18 Wayback Machine
  5. Портякова Н. Джека Абрамоффа посадят на кошерную пищу // Коммерсантъ, № 56 (3387) от 31.03.2006
  6. 6,0 6,1 6,2 Лоббизм в США. Как осуществляется лоббизм в США и что можно позаимствовать для России. — М.: ИСЭПИ, 2013. — С. 31. Режим доступа: http://www.politanalitika.ru/upload/iblock/5f4/5f4353e989c6fe783a3e0d846d73c6f4.pdf Արխիվացված 2016-10-18 Wayback Machine
  7. ««О ситуации с правами человека в США — 2006»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  8. Лоббизм в США. Как осуществляется лоббизм в США и что можно позаимствовать для России. — М.: ИСЭПИ, 2013. — С. 32. Режим доступа: http://www.politanalitika.ru/upload/iblock/5f4/5f4353e989c6fe783a3e0d846d73c6f4.pdf Արխիվացված 2016-10-18 Wayback Machine
  9. Бывший лоббист Абрамофф нашел работу в кошерной пиццерии
  10. Джек Абрамофф на сайте IMDB

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Աբրամոֆ» հոդվածին։