Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի
Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի (ռուս.՝ Пётр Петрович Семёнов-Тян-Шанский, հունվարի 2 (14), 1827[1][2], Ռյազանկա, Ranenburg Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 26 (մարտի 11), 1914[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս աշխարհագրագետ, վիճակագիր, հասարակական գործիչ, Պետերբուրգի ակադեմիայի պատվավոր անդամ (1873 թվական), ռուսական աշխարհագրական ընկերության փոխնախագահ (1873-1914 թվականներ), պետական խորհրդի անդամ (1897 թվական)։
Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1848 թվական)։ 1849 թվականից արշավախմբային աշխատանքներ է կատարել Արևելաեվրոպական (Ռուսական) հարթավայրում։ 1853-1855 թվականներին Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Իտալիայում ուսումնասիրել է աշխարհագրություն, երկրաբանություն։ Թարգմանել է Կ․ Ռիտտերի «Ասիայի երկրագիտությունը»՝ լրացնելով այն Ռուսաստանի ասիական մասի վերաբերյալ եղած նորագույն նյութերով։ 1856-1857 թվականներին ուսումնասիրել է Տյան Շանը, կազմել Տյան Շանի լեռնագրական և բարձունքային գոտիականության առաջին սխեման, հայտնաբերել սառցադաշտեր։ 1906 թվականին այդ ուսումնասիրությունների 50-ամյակի առթիվ նրան իրավունք տրվեց ագգանվանն ավելացնել «Տյան-Շանսկի»։ 1864-1874 թվականներին ղեկավարել է Կենտրոն վիճակագրական կոմիտեն, 1874-1897 թվականներին՝ Վիճակագրական խորհուրդը։ Վիճակագիրների առաջին համագումարի (1870 թվական) և առաջին ընդհանուր մարդահամարի (1897 թվական) կազմակերպիչն է։ Տվել է Եվրոպական Ռուսաստանի տնտեսական շրջանացման սխեման (12 շրջան)։ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին կազմել է «Ռուսական կայսրության աշխարհագրական վիճակագրական բառարանը», 5 հատորով (1863-1885 թվականներ), «Ռուսաստան» բազմահատոր աշխարհագրական հրատարակությունը 11 հատորով (1899-1914 թվականներ), գրել Աշխարհագրական ընկերության 50-ամյակին նվիրված եռահատոր աշխատությունը (1896 թվական)։ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի անվամբ են կոչվել մի շարք աշխարհագրական օբյեկտներ Միջին և Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Ալյասկայում, Շպիցբերգենում և բուսական ու կենդանական մոտ 100 նոր տեսակներ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ Хронология российской статистики (ռուս.) — Росстат.
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 282)։ |