Շրջասություն, պերիֆրազ (հին հունարեն՝ περίφρασις «բնորոշող արտահայտություն», «այլասացություն», περί՝ peri - «շուրջ» և φράσις՝ phrasō - «ասում եմ»), տրոպի՝ գեղարվեստական խոսքի արտահայտչամիջոցներից մեկը։ Առարկան կամ անձնավորությունը ուղղակի անվանելու փոխարեն նշվում է միայն նրանց այս կամ այն էական կողմը, հատկանիշը, և դա հիմք է տալիս հասկանալու, թե խոսքն ում կամ ինչի մասին է[1]։

Շրջասության սկզբունքով է գրված Չարենցի հետևյալ քառյակը Թումանյանի մասին.

Ես կարդում եմ նրան ու ասում.- Այս հմո՛ւտ, հանճարե՛ղ Լոռեցին

Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի,

Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,

Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույք նստելիս։

Շրջասության դեպքում սովորաբար առաջ է քաշվում տվյալ անհատի կարևորագույն հատկությունը, որը և հասկանալի է դարձնում, թե ում մասին է խոսքը։ Շրջասություններ են հետևյալ տիպի արտահայտությունները, որոնց հաճախ են հանդիպում գրավոր և բանավոր խոսքում. «Հայ նոր գրականության հիմնադիրը» (Խ. Աբովյան), «Հայ գրերի ստեղծողը» (Մ. Մաշտոց), «Սամվելի» հեղինակը» (Րաֆֆի), «Կենդանիների արքան» (առյուծ) և այլն։ Այս շրջասությունները այլաբերական իմաստ չունեն։ Բայց լինում են նաև իրենց իմաստով փոխաբերությանը մոտեցող շրջասություններ, որոնք բնութագրում են երևույթն անուղղակի կերպով։ Դրանք շատ տարածված էին անցյալում և մեծ մասամբ կապված էին տարբեր դիցաբանական ըմբռնումների հետ։ Օրինակ, բանաստեղծին անվանում էին «Ապոլլոնի մրցակից», «Պառնասի որդի», սիրո զգացումը՝ «Աֆրոդիտեի նետերով խոցվել»։ Թումանյանի «Անուշի» առաջին տարբերակում կա՝ «Շեն ու շրջակայք գրկել է Մորփեն», որ նշանակում է՝ ամեն ինչի վրա քուն է իջել (Մորփեոսը համարվում է քնի աստված)։

Այլաբանական շրջասությունները շատ և անտեղի օգտագործվելով, երբեմն արհեստական և անհասկանալի էին դարձնում խոսքը։ Հ. Պարոնյանը ծաղրել է իր ժամանակի գրողներից մեկի ոճը, ում անվերջ մեջբերումները և շրջասությունները խեղդում են կենդանի միտքը։ «Արշալույսին արթնցա, հագուստներս հագա և քիչ մը հաց կերա» պարզ միտքն այդ գրողը, ասում է Պարոնյանը, կարտահայտի այսպիսի վերամբարձ խոսքերով.

Արթնցա արշալույսին, զոր Վարդամատն կանվանեն դասականք, և հագա հագուստներս, որք տձևության ծածկելու միայն ծառայելու են, կըսե Ժան-Ժաք Ռուսո, և կերա քիչ մը հաց, թեպետև Ավետարանը կըսե, թե «Ոչ միայն հացիվ կեցցե մարդ, այլ բանիվ Տյառն»։

Ռ. Պատկանյանը նույնպես ծաղրել է շրջասություններով խճողված ոճը, որի համաձայն չի կարելի ասել՝ «Ես գնացի տուն և կերա ինձ համար պատրաստված ճաշը», այլ պետք է ասել. «Ես ի կողմն իմ տան ոտնաշարժություն արարի և իմ մարմնեղեն գործարանը լցուցի մարմնակազդուրիչ հյութերով»։

Շատ հանելուկներ նույնպես շրջասություններ են. նրաք ցույց են տալիս երևույթի մի այնպիսի էական հատկանիշ, որի հիման վրա ճանաչվում է ամբողջ առարկան։ Օրինակ՝ հոսող ջուրը ներկայացվում է այսպես՝ «Բերան չունի՝ խոսում է, ոտներ չունի՝ վազում է», իսկ ծուխը այսպես՝ «Ոտները՝ կրակում, գլուխը՝ երկնքում»։ Սրանք հանելուկ-շրջասություններ են[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան. «Գրականագիտական բառարան», Երևան, 1980, էջ 226-227
  2. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականության տեսություն. Երևան: «ԵՊՀ». էջ էջ 239-240.