Պենելոպե Դելտա
Պենելոպե Դելտա (հուն․՝ Πηνελόπη Δέλτα, ապրիլի 24, 1874[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս - մայիսի 2, 1941[1][3], Աթենք, Հունաստան), հույն գրող, հունական նոր գրականության առաջին կին գրողներից մեկը, երեխաների համար գրքերի հույն առաջին հեղինակների մեկը։
Պենելոպե Դելտա հուն․՝ Πηνελόπη Δέλτα | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1874[1][2] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Վախճանվել է | մայիսի 2, 1941[1][3] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Հունաստան |
Ամուսին | Ստեֆանոս Դելտաս |
Համատեղ ապրող | Իոն Դրագումիս |
Զավակներ | Վիրջինիա Դելտա, Սոֆյա Դելտա և Ալեքսանդրա Դելտա |
Penelope Delta Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՊենելոպե Դելտան ծնվել է 1874 թվականին Ալեքսանդրիայում[4]՝ ֆանարիոտ, բամբակի հարուստ վաճառական Էմմանուիլ Բենակիսի և Վիրգինիա Խորեմի ընտանիքում[5]։ Պենելոպեն ընտանիքի վեց երեխաներից երրորդն էր։ Նրանից մեծ էին քույրը՝ Ալեքսանդրան և եղբայրը՝ Անտոնիսը Բենակիսը (վերջինիս Պենելոպեն անմահացրել է իր «Ο Τρελαντώνης» գրքում՝ Թոմ Սոյերի նման հերոսի կերպարում, Անտոնիս Բենակիսը հայտնի է որպես հույն կոլեկցիոներ, Բենակի թանգարանի հիմնադիր), իսկ փոքր էին եղբայրները՝ Կոսնյատին (մահացել է 2 տարեկանում), Ալեքսանդրը և քույրը՝ Արգինան։
Բենակիսների ընտանիքը 1882 թվականին ժամանակավորապես տեղափոխվել է Աթենք։ Այստեղ Պենելոպեն հետագայում ամուսնացել է հարուստ ձեռնարկատեր-ֆանարիոտ Ստեֆանոս Դելտասի հետ։ Նրանք ունեցել են երեք աղջիկ՝ Սոֆիյա Մավրոկորդատոսը, Վիրգինիա Զաննասը և Ալեքսանդրա Պապադոպուլոսը։ Ստեֆանոս Դելտոսը մաթեմատիկոս Կոնստանտին Կարատեոդորիի զարմիկն էր։
Դելտոս ամուսինները 1905 թվականին վերադարձել են Ալեքսանդրիա, որտեղ Պենելոպեն ծանոթացել է Ալեքսանդրիայում Հունաստանի փոխհյուպատոս, գրող և հեղափոխական Իոն Դրագումիսի հետ։ Վերջինս, ինչպես և Պենելոպե Դելտան, գրում էր Մակեդոնիայի համար պայքարի մասին։ Որոշ ժամանակ Պենելոպեի և Դրագումիսի միջև շարունակվել է ռոմանտիկ կապը։ Ամուսնու և նրանց երեխաների նկատմամբ տածած հարգանքից ելնելով՝ Դելտան և Դրագումիսը որոշել են հարաբերությունները դադարեցնել։ Սակայն մինչև 1912 թվականը նրանց կրքոտ նամակագրությունը շարունակվել է, մինչև որ Դրագումիսը սիրահարվել է հույն չափազանց հայտնի դերասանուհի Մարիկա Կոտոպուլիին։ Այդ ժամանակ Պենելոպեն երկու անգամ փորձել է ինքնասպան լինել։
Ստեղծագործական շրջան
խմբագրել1906 թվականին Պենելոպե Դելտան տեղափոխվել է Մայնի Ֆրանկֆուրտ (այն ժամանակ Գերմանական կայսրության մի մասը), երբ նրա ամուսինն սկսել է աշխատել Խորեմիս-Բենակիս ընտանեկան ընկերությունում։ 1909 թվականին Ֆրանկֆուրտում լույս է տեսել Դելտայի առաջին՝ «Για την Πατρίδα» (Հանուն հայրենիքի) վեպը։ Վեպի գործողությունները տեղի են ունենում բյուզանդական դարաշրջանում։ Անճշտություններից խուսափելու համար Դելտան նամակագրություն է սկսել պատմաբան, Բյուզանդական կայսրության հայտնի մասնագետ Գուստավ Շլյումբերգի հետ։ Նրանց մշտական փոխազդեցությունը նյութ է դարձել երկրորդ՝ «Τον Καιρό του Βουλγαροκτόνου» (Բուլղարասպանի օրոք) վեպը գրելու համար[6], որը պատմում է բյուզանդական կայսր Բարսեղ Բ Բուլղարասպանի ղեկավարելու ժամանակաշրջանի մասին[7]։ 1909 թվականին Գուդիում տեղի ունեցած հեղաշրջումը նրան ոգեշնչել է գրելու երրորդ՝ «Παραμύθι χωρίς όνομα» (Անվերնագիր հեքիաթ) վեպը, որը լույս է տեսել 1911 թվականին։
1913 թվականին Պենելոպե Դելտան վերադարձել է Ալեքսանդրիա, իսկ այնուհետև՝ 1916 թվականին, նա բնակություն է հաստատել Աթենքում, որտեղ նրա հայրը՝ Էմմանուիլ Բենակիսն ընտրվել է քաղաքապետ։ Աթենքում գտնվելու ընթացքում նրանք դարձել են Էլեֆթերիոս Վենիզելոսի մտերիմ ընկերները։ Պենելոպեի հայրը քաղաքական ոլորտում համագործակցել է Վենիզելոսի հետ և վերջինիս առաջին կառավարության շրջանում նույնիսկ ծառայել որպես ֆինանսների նախարար։
Տրապիզոնի միտրոպոլիտ, եպիսկոպոս Խրիսանֆի (հետագայում Աթենքի արքեպիսկոպոս) հետ Պենելոպեի երկարատև նամակագրությունը նյութ է դարձել նրա հաջորդ գրքի համար, որը լույս է տեսել 1925 թվականին և նվիրված է Քրիստոսի կյանքին։ Նույն 1925 թվականին նրա մոտ ախտորոշվել է պոլիոմիելիտ։ 1927 թվականին նա սկսել է գրել «Ρωμιοπούλες» եռագրությունը՝ նրբորեն քողարկված ինքնակենսագրությունը, որն ավարտել է միայն 1939 թվականին։ Հիմնված լինելով Աթենքում տեղի ունեցած իրադարձությունների վրա՝ «Զարթոնք» առաջին մասը ներկայացնում է 1895-1907 թվականների դեպքերը, երկրորդ մասը՝ «Տոթ», ներառում է 1907-1909 թվականները, իսկ եզրափակիչ «Մթնշաղ» մասը՝ 1914-1920 թվականները։ Այդ բուռն դարաշրջանի քաղաքական իրադարձությունները ներկայացված են գրողի ապրումների ու փորձի միջոցով. նրա հայրը հազիվ է խուսափել ռոյալիստների կուսակցության կողմից մահապատժի ենթարկվելուց, իսկ Իոն Դրագումիսն սպանվել է Վենիզելոսի խմբավորման կողմից 1920 թվականին։ Դրանից հետո Պենելոպե Դելտան հագել է միայն սև հագուստ։
Միևնույն ժամանակ նա հրատարակել է իր երեք հիմնական գործերը՝ «Ο Τρελαντώνης» (Գիժ Անտոնիսը, 1932), «Ο Μάγκας» (1935), «Τα μυστικά του βάλτου» (Ճահճի գաղտնիքները՝ 1937)մանկական վեպեր։ Վերջինում ներկայացրել է Մակեդոնիայի Յաննիցա քաղաքի մերձակայքում գտնվող լճի և ճահճուտների մոտ տեղի ունեցած հույների և բուլղարացիների միջև ռազմական գործողությունները՝ 20-րդ դարի սկզբին Մակեդոնիայի համար պայքարի ֆոնին։ Պենելոպե Դելտան հիմնականում առաջնորդվել է կապիտան Նիկիֆորոսի (Իոաննիս Դեմեստիխաս)՝ այդ պատերազմի մասին հուշերով և իր օգնական Անտիգոնա Բելլա Տրեպսիադայի (Մակեդոնիայի համար պայքարողներից մեկի դուստրը) հավաքած տեղեկություններով[8]։
Հայտնի է, որ Պենելոպե Դելտան իր թոռներին խստորեն արգելել է իրեն անհանգստացնել, երբ ինքը գրում է, սակայն երեկոները հեքիաթների փոխարեն նրանց համար կարդացել է ցերեկվա գրածները։
Վերջին տարիներ
խմբագրելԳրողի կյանքի վերջին տարիներին հիվանդությունն աստիճանաբար զարգացել է։ Նրա համար սփոփանք էին նրա կորցրած սիրո՝ Իոն Դրագումիսի օրագրերն ու արխիվները, որոնք Պենելոպեին էր փոխանցել նրա ավագ եղբայր Ֆիլիպը։ Նրան հաջողվել է թելադրել Դրագումիսի գրառումների շուրջ 1000 էջ ձեռագիր մեկնաբանություն, նախքան նա որոշել է հեռանալ կյանքից։
Պենելոպե Դելտան ինքնասպանություն է գործել 1941 թվականի ապրիլի 27-ին՝ այն նույն օրը, երբ վերմախտի զորքերը մտել են Աթենք[4]։ Դելտայի խնդրանքով նրան թաղել են Կիֆիսիայի վեհասքանչ առանձնատան այգում։ Նրա ընկեր Խրիսանֆ եպիսկոպոսը, որն այդ ժամանակ դարձել է Աթենքի արքեպիսկոպոս, ղեկավարել է հուղարկավորությունը։ Պենելեպեի գերեզմանին փորագրված է ΣIΩΠH՝ «լռություն» բառը։
Ժառանգներ
խմբագրելԴելտայի առանձնատունը ժառանգել են նրա երեք աղջիկները՝ Սոֆիյան, Վիրգինիան և Ալեքսանդրիան։ Նրանք նաև կառուցել են հյուրատուն, որն իրենց անունների առաջին տառերով անվանել են «Սովիրալ»։ Վիրգինիան ամուսնացել է հույն քաղաքական գործիչ Ալեքսանդրոս Զաննասի հետ։ Նրանց դուստրը՝ Ելենա Զաննասը, հույն քաղաքական գործիչ, «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր քաղաքական կուսակցության առաջնորդ Ադոնիս Սամարասի մայրն է[9]։ Միևնույն ժամանակ նրանց որդին՝ Պավլոս Զաննասը (1929-1989), եղել է արվեստի ականավոր քննադատ և Մարսել Պրուստի նոր հունարեն թարգմանողը։ 1989 թվականին Ալեքսանդրան՝ Պենելոպե Դելտայի կրտսեր դուստրը, դաստակերտը կտակել է Բենակի թանգարանին։ Ներկայումս Դելտայի տանը գործում է թանգարանի պատմական արխիվը։
Հիմնական աշխատանքներ
խմբագրել- Հանուն հայրենիքի – Για την Πατρίδα (1909)
- Բուլղարասպանի օրոք – Τον καιρό του Βουλγαροκτόνου (1911)
- Անվերնագիր հեքիաթ – Παραμύθι χωρίς όνομα (1911)
- Հեքիաթներ և ավելին – Παραμύθια και άλλα (1915)
- Քրիստոսի կյանքը – Η ζωή του Χριστού (1925)
- Գիժ Անտոնիսը – Ο Τρελαντώνης (1932)
- Ο Μάγκας (1937, գիրք այդ մականունով շան մասին)
- Ճահճի գաղտնիքները – Τα μυστικά του βάλτου (1937)
- Ρωμιοπούλες (1939)
- Էլեֆտերիոս Վենիզելոս. օրագիր, հուշեր, վկայություններ, նամակագրություններ – Ελευθέριος Κ. Βενιζέλος : ημερολόγιο, αναμνήσεις, μαρτυρίες, αλληλογραφία (1978)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 Modern library of Alexandria (BA), Cairo. Bibliotheca Alexandrina News, Conference about Penelope Delta at the BA, at 2009-05-04:[1]
- ↑ «Biography of Penelope Delta». Benaki Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 25-ին.
- ↑ By Roderick Beaton (1999). «An introduction to modern Greek literature». Oxford University Press. Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Paul Stephenson, The Legend of Basil the Bulgar-Slayer, Cambridge University Press, 2003, page 120
- ↑ Marii︠a︡ Nikolaeva Todorova. «Balkan identities». C. Hurst & Co. Publishers. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Антонис Самарас — новый лидер греческой партии «Новая демократия»
Արտաքին հղումներ
խմբագրել- Penelope Delta — mlahanas.de(անգլ.)
- Biographies: Penelope Delta (Greece, 1874—1941)(անգլ.)
- Penelope Delta — Benaki Museum(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենելոպե Դելտա» հոդվածին։ |