Պեզճյան մայր վարժարան

(Վերահղված է Պեզճյան վարժարանից)

Պեզճյան մայր վարժարան, մինչև 1830 թվականը՝ Գումգափուի մայր վարժարան, միջնակարգ (երկրորդական) դպրոց, հիմնել է Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի պատրիարքը 1715 թվականին՝ Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում։ Մինչև 1741 թվականը կոչվել է Ընծայարան։ Նպատակն էր պատրաստել եկեղեցու սպասավորներ, ուսուցիչներ։ Ունեցել է բարձրագույնի ծրագիր, կրոնին ու հայագիտական առարկաներին զուգընթաց դասավանդվել են «Յոթ ազատ արվեստներ», հունարեն, լատիներեն։ Վարժարանում թարգմանվել է գիտական, փիլիսոփայական, աստվածաբանական գրականություն։ Աստվածաբանական առարկաներից բացի, աշակերտները սովորել են հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, բանահյուսություն, ճարտասանություն, օտար լեզուներ, բնական գիտություններ։ Ուսանելու էին գափս Հայաստանի տարբեր վայրերից։ Շրջանավարտներից շատերը դարձել են կրոնական ու հասարակական նշանավոր գործիչներ (Հակոբ Բ Նալյան պատրիարք, Սահակ Ահագին Կեգեցի՝ ոչ պաշտոնական Ամենայն հայոց կաթողիկոսը 1756-1759 թվականներին, Սամուել Երզնկացի և ուրիշներ)։ 1741 թվականին Հակոբ Բ Նալյան պատրիարքը դպրոցը փոխադրել է Գումգափու՝ պատրիարքարանին կից և վերանվանել Մայր դպրատուն։ Հրավիրվել են նոր դասատուներ, լրացվել ու հաստատվել է վարժարանի կանոնադրությունը (արգելվել են ֆիզիկական պատիժները, սահմանվել աշակերտների և ուսուցիչների իրավունքներն ու պարտականությունները)։ Վարժարանի գրադարանը հարստացվել է հին ձեռագրերով ու մասնագիտական գրականությամբ։

Պեզճյան մայր վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1715
ՀիմնադրիրՀովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի
ՏնօրենԵղիսաբէթ Չաթանասլան
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ
ՀասցեԳումգաբու, (Sevgi Sok. No. 1, 34130 Kumkapı), Թուրքիա

1790 թվականին Միրիճանյան ամիրան Մայր դպրատանը հիմնադրել է տպարան։ 1826 թվականի հրդեհի հետևանքով այրվել են Ստամբուլի պատրիարքարանը, եկեղեցին ու Մայր դպրատունը։ Շենքերը վերակառուցելու արտոնություն է ստացել Պեզճյան Հարություն ամիրան։ 1830 թվականին, շինարարությունն ավարտելուց հետո, վարժարանը վերանվանվել է Պեզճյան մայր վարժարան։ Վերջինս պահպանել և շարունակել է Գումգափուի մայր վարժարանի ավանդույթները։ Ունեցել է 3 բաժին՝ աղքատ երեխաների դպրատուն, դպրության վարժոց, երաժշտանոց։ Վարժարանին կից բացվել է նաև ընծայարան՝ հոգևորականներ պատրաստելու համար։ Վարժարանը մեծ դեր է կատարել տարբեր մասնագիտությունների գծով ուսուցչական կադրեր պատրաստելու գործում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ և եվրոպական ձայնագրության ուսուցմանը։ 1840 թվականին վարժարանին կից բացվել է Լուսավորչական աղջկաց դպրոցը։ 1846 թվականին ստեղծվել է Ընթերցասիրաց ընկերությունը՝ կազմված Պեզճյան մայր վարժարանի շրջանավարտներից։ Վարժարանի ուսուցիչների (Հ. Ոսկան, Մ. Աղաթոն, Կ. Ութուճյան և ուրիշներ) ջանքերով ստեղծվել է մատենադարան (շուրջ 1000 ձեռագիր ու մատյան)։ 1858-1859 թվականի տարեշրջանում վարժարանն ունեցել է 264 աշակերտ, 20-րդ դարի սկզբին դարձել է երկսեռ։ Ներկայումս (2003) գործում է միջնակարգ դպրոցի ծրագրով, դասավանդվում են հայոց լեզու և կրոն, մնացած բոլոր առարկաների ուսուցումը թուրքերեն է։ Տարբեր ժամանակներում վարժարանում դասավանդել են Ղ. Աբրահամյանը, Գասպար դպիրը, Հ. Թոդյանը, Մ Չերազը, Հ. Հինդլյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։