Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի
Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի կամ Հովհաննես Թ պատրիարք (1678[1], Խոց, Սանասունք, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն և Բաղեշ[1] - փետրվարի 13, 1741[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), Պոլսո հայոց 49-րդ պատրիարք (1715-1741), հայ կրոնական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչ, «արևմտահայ Վերածննդի ռահվիրա»։
Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի | |
---|---|
Ծնվել է | 1678[1] |
Ծննդավայր | Խոց, Սանասունք, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն կամ Բաղեշ[1] |
Մահացել է | փետրվարի 13, 1741[1] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մասնագիտություն | քահանա և մշակութային գործիչ |
«Կոլոտ» մականունը ստացել է իր կարճ հասակի պատճառով։ Բաղեշի Խողց գյուղում 1678 թվականին ծնված Հովհաննեսը սովորել է տեղի Ամրդոլու վանքի համալսարանում, որտեղ դասավանդել են Վարդան արք Բաղիշեցին և Գրիգոր վարդապետ Շիրվանցին։ Ավարտելուց հետո 1689 թվականին նա ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ 1706 թվականին անդամակցել է Մշո Սբ. Կարապետ (Գլակա) վանքի միաբանությանը։ Երկրաշարժից վնասված վանքի վերանորոգման համար հանգանակություն կատարելու առաքելությամբ 1712 թվականին նա գնացել է Պոլիս, որտեղից հայոց պատրիարքությունը նրան ուղարկել է Երուսաղեմ, որն այդ շրջանում ուղղակիորեն կապված էր Պոլսո պատրիարքական աթոռին։ Երուսաղեմում իր գործը հաջող ավարտելուց հետո նա վերադարձել է Պոլիս և 1715 թվականին ընտրվել Կ.Պոլսի հայոց պատրիարք և սուլթան Ահմեդ Գ-ի կողմից հաստատվելուց հետո գահակալել որպես Հովհաննես Թ պատրիարք։
Աչքի է ընկել իր ճարտասանությամբ։ Նրա պաշտոնավարության շրջանում զարթոնք է ապրել Թուրքիայի հայոց ազգային, մշակութային ու կրթական կյանքը, իրագործվել են մի շարք նշանակալից ձեռնարկումներ։ 1719 թվականին օծվել է Գումգափուի Մայր եկեղեցին, որը մեկ տարի առաջ հիմնովին այրվել էր, 1727 թվականին կառուցվել է Սկյուտարի Ս. Կարապետ եկեղեցին, 1730 թվականին՝ Պալաթի Ս. Հրեշտակապետը՝ նախկինից ընդարձակ, 1729 թվականին՝ Խասգյուղի (Կոստանդնուպոլսի թաղամաս) փայտաշեն եկեղեցին, 1732 թվականին վերաշինվել է Ղալաթիայի՝ նախկինում այրված Ս. Լուսավորիչ եկեղեցին։ Վերանորոգվել են Սկյուտարի Ս. Խաչ և Օրթագյուղի եկեղեցիները։ 1715 թվականին բացել է Կ. Պոլսի առաջին դպրանոցը՝ Սկյուտարի հոգետունը, որը մատենադարանի հետ միասին հետագայում տեղափոխվել է Գումգափուի պատրիարքարան։ Բացել է երկու նոր տպարաններ, հրատարակել հայերեն 80 անուն գիրք։ Պոլսո մեջ հիմնել է առաջին հայկական փոքրամասնական վարժարանները։ 1719 թվականին Մայր եկեղեցուն կից կազմակերպվել է դպրաց դաս, որի երգչախմբերը կարևոր դեր են խաղացել հայկական ազգային հոգևոր երաժշտությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու գործում։
Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցու գործունեությանն է նվիրված Սահակ արք. Մաշալյանի «Երկու ուխտավոր» պատմավեպը։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Բաբգէն Ծ. Վ. Կիւլէսէրեան, Կոլոտ Յովհաննէս պատրիարք։ Պատմագրական եւ բանասիրական ուսումնասիրութիւն Վիեննա։ Մխիթարեան տպարան, 1904 (Ազգային մատենադարան, ԽԶ)։
- Բաբգէն Ծ. Վ. Կիւլէսէրեան, Կոլոտ Յովհաննէս պատրիարք։ Պատմագրական եւ բանասիրական ուսումնասիրութիւն Վիեննա։ Մխիթարեան տպարան, 1904 (Ազգային մատենադարան, ԽԶ)։
Աղբյուրներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Հարություն ամիրա Պեզճյան». Արևմտահայաստանի և Արևմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն. 2021 թ․ ապրիլի 15. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 563)։ |