Պատմագիտությունը Հայաստանում
Պատմագիտութունը Հայաստանում, 5-18-րդ դարերի պատմագիտությունը Հայ մշակույթի ոսկեդարը (5-րդ դար) նշանավորվել է նաև հայ պատմագրության ստեղծմամբ։
Հայ պատմագիրներ
խմբագրելԱռաջին պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի) երկերն ունեն ազգային բովանդակություն, գրվել են գործնական նպատակադրումով՝ կապված ժամանակի առաջադրած որոշակի խնդիրների հետ։ Ագաթանգեղոսի երկը պայմանավորվել է քրիստոնեության դարձով, Կորյունինը՝ հայ գրերի ստեղծմամբ, Եղիշեինը՝ պարսկական գերիշխանության դեմ Ավարայրի ճակատամարտով (451 թվական), Փավստոս Բուզանդինը, Մովսես Խորենացունը և Ղազար Փարպեցունը՝ քաղաքական և հոգևոր մաքառմամբ։ Օգտագործելով աստվածաշնչյան և հունա-հռոմեական պատմափիլիսոփայության միտքը՝ 5-րդ դարի պատմիչներն ստեղծել են պատմագրության նոր մեթոդներ ու բարոյագիտական նորմեր, նոր պատկերացում՝ պատմության նշանակության մասին։ Մովսես Խորենացին բարձր է գնահատել նախորդ մատենագիրների (հայ և օտար) երկերն ու հմտորեն օգտագործել դրանք իր պատմությունը շարադրելիս։ Ղազար Փարպեցին պատմագրից պահանջում է չեղածը չավելացնել, եղածները չպակասեցնել և չկրճատել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշավորությամբ։ Մովսես Խորենացին իր երկի վերջում զետեղած «Ողբում» անդրադառնում է Հայաստանի 5-րդ դարի քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, մերկացնում հասարակական կյանքում արմատացած արատավոր բարքերը։ Համաբնույթ գործ է նաև Ղազար Փարպեցու նամակը՝ հղած սպարապետ Վահան Մամիկոնյանին։ Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը, ստեղծված լինելով ժողովրդական ավանդույթների հենքի վրա, ներշնչված է հայրենիքի, հայրենի հողի և ջրի հզորության գաղափարով, քաղաքական գործիչները ներկայացված են ժողովրդական վեպին բնորոշ գեղարվեստական գծերով։ Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկն արժեքավոր է պատմական ճշմարտացիության և բանաստեղծ, շարադրանքի միահյուսմամբ։
Հայ ժողովրդի ծննդյան վկայական
խմբագրելՀայ դասական պատմագիտության հիմնասյունը Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ն է, որը Հայաստանի առաջին համակարգված պատմությունն է։ Սկսվում է հայ ժողովրդի ծննդաբանությունից և հասցվում մինչև 5-րդ դարի 40-ական թվականները։ Մովսես Խորենացին քննադատաբար է վերաբերվել իր օգտագործած բազմաթիվ աղբյուրներին (Աստվածաշունչ, հայկական, հունական, ասորական աղբյուրներ, բանավոր զրույցներ, ժողովրդական ավանդություններ՝ ավելին քան 40 աղբյուր), արել հայոց պատմության ժամանակագրության մշակման առաջին փորձը։ Մովսես Խորենացին (անվանվել է Պատմահայր, Քերթողահայր) «Պատմութիւն Հայոց»-ում գրում է, որ «առանց ժամանակագրության պատմությունն ստույգ չէ»։
Սկզբնաղբյուրներ
խմբագրել6-7-րդ դարերի (մինչև 661 թվականը) իրադարձությունների մասին կարևոր սկզբնաղբյուր է Սեբեոս Եպիսկոպոսի «Պատմութիւն»-ը, որտեղ Հայաստանի պատմությունը շարադրված է համաշխարհային նշանակության իրադարձությունների ծիրում։ Սեբեոսը մերկացնում է Բյուզանդիայի ու Սասանյան Պարսկաստանի վարած հայահալած քաղաքականությունը։ 7-8-րդ դարերի պատմիչ Մովսես Կաղանկատվացին «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկում, չնայած ժամանակի ավատատիրական մասնատվածությունից բխող անջատողական տրամադրությանը, Արցախ և Ուտիք նահանգների պատմությունը ներկայացրել է Հայաստանի պատմությանը միահյուսված։ Նույն ժամանակաշրջանի մատենագիր Հովհան Մամիկոնյանը «Պատմութիւն Տարօնոյ» երկում կարևոր տեղեկություններ է հաղորդում վաղմիջնադարյան Հայաստանի պատմության մասին։ 8-րդ դարի հեղինակ Ղևոնդ Վարդապետի «Պատմութիւնը» արաբական արշավանքների, հայ նախարարական տների ոչնչացման, հայրենասեր ուժերի ապստամբության և պարտության մասին պատմող ճշմարտացի սկզբնաղբյուր է։
9-րդ դարի վերջից սկսվել է հայ պատմագրության նոր վերելքը՝ պայմանավորված հայկական պետականության վերականգնմամբ ()։ 9-12-րդ դարերում շարունակվել են 5 դարի մատենագիրների, հատկապես Մովսես Խորենացու ավանդույթները։ Հովհաննես Ե Դրասխանակերտցի (9 դարի 12-րդ դարի կես 929 թվական, Ամենայն հայոց կաթողիկոս՝ Ք.ա. 898- 521 թվականներից) դատապարտել է երկիրը պառակտող իշխաններին և պաշտպանել միասնական պետության պահպանման անհրաժեշտությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |