Պանդորա (նկար, Ռոսսետտի)

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանդորա (այլ կիրառումներ)

«Պանդորա» (անգլ.՝ Pandora), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1871 թվականին։

Պանդորա
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1871
բարձրություն131 սանտիմետր
լայնություն79 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ
 Pandora by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

Նկարն ստեղծված է հին հունական դիցաբանության սյուժեի հիման վրա։ Զևսը Հերմեսի միջոցով Պանդորայի բնակարանում թողնում է ամեն տեսակ հիվանդություններով, վշտերով, դժբախտություններով, մեղքերով ու չարիքներով լեցուն մի տուփ։ Հետաքրքրասիրությունից Պանդորան բացում է տուփը, և այդ ամենը թևավոր ոգիների նման թափվում են մարդկանց վրա։ Փակված տուփի հատակում մնում է միայն հույսը[1][2]։ Ռոսսետտիի համար իր արկղը բացող Պանդորայի կերպարը միաժամանակ կարող է ունենալ նաև որոշակի անձնական նշանակություն. 1869 թվականի հոկտեմբերին, երբ նա սկսել է աշխատել նկարի վրա, որոշել է բացել կնոջ՝ Էլիզաբեթ Սիդալի գերեզմանը, որպեսզի հանի իր բանաստեղծությունների ձեռագրերը, որոնք թաղել էր կնոջ հետ, և դրա հետ մեկտեղ նկարիչը գերեզմանից բաց է թողել նաև իր սարսափելի տանջանքները[3]։

Նկարի աշխատանքն սկսվել է 1868 թվականի դեկտեմբերին և տևել է մինչև 1871 թվականը[4]։ Գեղանկար ստեղծագործությունը դարձել է առաջիններից մեկը, որում Ռոսսետտին պատկերել է իր նոր սիրեցյալ Ջեյն Մորիսի մութ ու հանելուկային գեղեցկությունը[3]։ Ինչպես գրել է նկարչի եղբայր Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին. «Այդ դեմքը ստեղծված էր, որպեսզի վառի նրա երևակայության կրակը և կենդանացնի նրա ուժերը, այդ դեմքը՝ լի հանելուկային և անարտահայտելի իմաստներով»[3]։ Դիմանկարի ստեղծման համար Ռոսսետտին օգտագործել է Ջեյնի լուսանկարը, որոնք նրանք արել էին 1865 թվականին Ջոն Փիրսոնի հետ[4]։ Արկղը, որը պատկերված է նկարում, իրականում ևս գոյություն է ունեցել և պատկանել է Ռոսսետտիին։ Արկղը նկարի հետ վաճառվել է աճուրդում 1965 թվականին, որից հետո դրա ճակատագիրը մնացել է անհայտ[3]։

«Պանդորա», 1878 թվականի էսքիզներից մեկը

Ինչպես և իր շատ այլ աշխատանքների, այնպես էլ «Պանդորա» դիմանկարի համար Ռոսսետտին հորինել է ուղեկցող սոնետ։ Այն հրատարակվել է 1870 թվականին նրա բանաստեղծությունների ժողովածուի կազմում[4][5]։

Ալջերնոն Չառլզ Սուինբյորնը նկարում տեսել է «աստվածակերպ սարսափ և գեղեցկության վեհասքանչ աղետ՝ ստվերապատված միգով և թևավոր ու անմարմին կրքերի կրակե գոլորշով, որոնք շրջապատում են արկղիկը ամպերի լուսավորված քուլաների պարույրների ձևով, նրա ճակատագրական դեմքը և մազերի վշտալի վարագույրը»[3]։ Արվեստաբան Հենրի Մարիլլյերի կարծիքով՝ Ռոսսետտիի Պանդորայի դեմքը ավելի շուտ «պարուրված է մտազբաղ մելանխոլիայով», ոչ թե զարմանքով կամ վշտով[3]։

1878 թվականին Ռոսսետտին կրկին որոշել է պատկերել Ջեյն Մորիսին Պանդորայի կերպարում, սակայն հերոսուհու պաստեղային էսքիզը արտահայտում է բացարձակապես այլ զգացումներ՝ վիշտ և սարսափ։ Մտահղացումը այդպես էլ լիարժեք աշխատանքի չի վերածվել[3]։ Նկարչի ստեղծագործությունների ուսումնասիրողները հաստատում են, որ այդ շրջանում նրա վրա կարող էին ազդած լինել հիվանդությունը և թմրանյութերի օգտագործումը[6]։

«Պանդորան» ստեղծման ժամանակից ի վեր երեք անգամ փոխել է տերերին և ամբողջ այդ ընթացքում գտնվել է մասնավոր հավաքածուներում, սակայն ամեն դեպքում նկարը ցուցահանդեսներին մասնակցության հարուստ պատմություն ունի. 1897 թվականից մինչև 1973 թվականը այն ընդհանրապես չի ցուցադրվել, սակայն Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում ցուցադրությունից հետո, երբ դիտողները կարող էին տեսնել նկարը յոթ տասնամյակի մեջ առաջին անգամ, այն եղել է ցուցահանդեսների Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և Նիդերլանդներում[3]։ 2014 թվականի մայիսին նկարը ներկայացվել է Սոթբիս աճուրդում[3][7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пандора // Щеглов Г., Арчер В. Мифологический словарь, 2006 г.
  2. Пандора հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Dante Gabriel Rossetti — Pandora» (անգլերեն). Sotheby’s. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Pandora». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. «'Pandora', Dante Gabriel Rossetti» (անգլերեն). Walker Art Gallery. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. Sooke, Alastair (2006 թ․ փետրվարի 4). «Viewfinder: 'Pandora' (1878) by Dante Gabriel Rossetti». The Telegraph (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. Kennedy, Maev. (2014 թ․ մարտի 7). «Dante Gabriel Rossetti's Pandora expected to set record price at Sotheby's» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.