Չքնաղ Ֆերոնիերան (Լեոնարդո դա Վինչի)

Չքնաղ Ֆերոնիերան, (ֆր.՝ La belle ferronnière), մոտավորապես 1490 թվական, Լեոնարդո դա Վինչիի կամ նրա աշակերտների վրձնին պատկանող կտավ, պահվում է Լուվրում։

Չքնաղ Ֆերոնիերան
La belle ferronnière
տեսակգեղանկար
նկարիչԼեոնարդո դա Վինչի[1][2]
տարիմոտ 1495[2]
բարձրություն63 ± 1 սանտիմետր[3]
լայնություն45 ± 1 սանտիմետր[3]
ստեղծման վայրՄիլան[2]
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էԻտալական նկարներ, 5-րդ սրահ[4]
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերՖրանսիական պետություն
հիմնական թեմաLucrezia Crivelli?[2]
կայք
Ծանոթագրություններ
 Portrait of a Woman - Leonardo da Vinci - Louvre INV 778 Վիքիպահեստում

Հեղինակության խնդիր խմբագրել

Մոտավորապես 1490 թվականին Լեոնարդո դա Վինչին, կամ, ըստ Բերենոսի` դա Վինչիի աշակերտներ Բերնարդո դեի Կոնտին, Բոլտրաֆֆիոն (ըստ Հերբերտ Կուկի կարծիքի) կամ էլ Ֆարնչեսկո Մելցին, հնարավոր է` իրենց ուսուչցի մասնկացությամբ, ստեղծել են մի կտավ, որը երբեմն կոչում են «Անծանոթուհու դիմանկար» (հաշվի առնելով այնտեղ պատկերված կնոջ անձի անհայտությունը), բայց կտավն առավել հայտնի է «Չքնաղ Ֆերոնիերան» անվամբ։ Կտավը ցուցադրվում է Լուվրում։ Կտավի` դա Վինչիին պատկանելու վերաբերյալ կասկածները գալիս են պատկերի ինչ-որ չափով անփութությունից (չնայած դա կարող է բացատրվել միլանյան գեղանկարչության` մոդելին անբնական դիրքով պատկերելու սովորույթով), ինչպես նաև` տարօրինակ է այն փաստը, որ ավելի մեծ ուշադրություն է դարձվում ոչ թե հենց բնորդուհուն, այլ` հագուստի մանրամասներին ու զարդերին։ Այսօր կարելի է վստահաբար ասել, որ ով էլ որ եղած լինի դրա հեղինակը, նկարն իսկապես Լեոնարդոյի արվեստանոցում է ծնվել. հետազոտությունները ցույց տվեցին, որ «Կզաքիսով տիկինն» ու «Չքնաղ Ֆերոնիերան» պատկերվել են միևնույն ծառի կեղևի վրա։ Ռենտգենը մեծ նմանողություն ցույց տվեց «Ջոկոնդա» կտավի նախապատրաստությունների հետ։ Փաստված է նաև, որ մազերը նախ չեն ծածկել ականջները, զարդարանքները հետո են ավելացվել։ Magdeleine Hours-ի հետազոտողն[5] այստեղից եզրակացնում է, որ նկարն ավարտվել է ուրիշի ձեռքով։

Նկարագրություն խմբագրել

Սա կնոջ դիմանկար է` պատկերված երեք քառորդով։ Նրա դեմքն ուղղված է դեպի հանդիսատեսը, սակայն մի փոքր հարցական հայացքը կողքի է ուղղված։ Կնոջ գլխին scuffia կոչվող գլխարկ է դրված, իսկ ճակատը զարդարված է գլխի հետևում կապվող ճակատազարդով։ Կինը լոմբարդյան նորաձևության թանկարժեք քար է կրում։ Բնորդուհին պատկերված է սև ֆոնի վրա, մուգ գույնի հագուստ է կրում։ Ներքևից կազմվածքն ընդհատվում է ճաղաշարով, որն ավանդական էր միլանյան դիմանկարների համար։ Պարանոցին մի քանի անգամ փաթաթված վզնոցը հակադրվում է կտրվածքի քառակուսի գծին ու օրնամենտալ թևքերին։ Մազերն ուղիղ կիսված են ու իջնում են մինչև ականջները։ Գրաշենկովը համարում էր, որ առաջին պլանի ճաղաշարը, հնարավոր է, ծածկում է ձեռքերը, որոնք կարող էին ի սկզբանե ներառված լինել դիմանկարի մեջ[6]։

Նկարի պատմություն խմբագրել

1515 թվականին Ֆրանցիսկոս Առաջին արքան շվեյցարացիների ու լոմբարդացիների դեմ հաղթանակ տարավ Մարինյանոյի ճակատամարտում, ինչը նրան թույլ տվեց նվաճել Միլանի հերցոգությունը։ Այս հաղթանակի արդյունք էր արքայի ծանոթությունը Լեոնարդոյի հետ, և վարպետը տեղափոխվեց Ֆրանսիա։ Ֆրանցիսկոս Առաջինը դարձավ նրա նոր խնամակալը։ Հնարավոր է, որ այս ժամանակ «Մոնա Լիզա»-յի պես այս մի դիմանկարն էլ հայտնվում է Ֆրանսիայի արքայի պալատում։ Նկարի փաստագրական պատմությունն սկսվում է 1642 թվականից, որտեղ այն առաջին անգամ հիշատակվում է Ֆոնտենբլոյի արքայական հավաքածուի[7] մեջ որպես դա Վինչիի կտավ, որը պատկերում է ոմն Մանտուանյան հերցոգուհու։ Նույն հավաքածուի մեջ հիշատակվում է մեկ այլ կտավ` «Չքնաղ Ֆերոնիերան» («Belle Ferronnière») անվամբ։ Այսօր այդ կտավը ճանաչված է որպես Բյանկա Մարիա Սֆորցայի դիմանկար։ Հենց այս կտավն է առաջին անգամ կրել «Չքնաղ Ֆերոնիերան» անվանումը։ 1709 թվականին շփոթություն է տեղի ունենում, և Բայլիի կողմից կազմված ցանկում կտավն արդեն կրում է մեզ այսօր հայտնի անունը։ Կտավը Լուվր է հասնում արքայական հավաքածուից, այնպես որ կտավի մասին հիշատակությունները դարերից են գալիս։ Ըստ առավել տարածված վարկածի` Լեոնարդոյի կտավում պատկերվածը Լեոնարդոյի հովանավորի` Միլանի հերցոգ Լոդովիկո իլ Մորոյի սիրուհին է` Լուկրեցիա Կրիվելին։ Լուկրեցիայից առաջ հերցոգի սիրտը գրավված էր Չեչիլիա Գալլենարիով, ում Լեոնարդոն պատկերել է իր «Կզաքիսով տիկինը» կտավում։ Մի ժամանակ համարվում էր, որ այս երկու կտավներում էլ նույն կինն է պատկերված, այդ պատճառով էլ «Կզաքիսով տիկինը» կտավի վերևի ձախ անկյունում գրված է (ուղղագրական սխալներով)` «LA BELE FERIONIERE / LEONARD D’AWINCI»: Հնարավոր է` այդ գրությունն ավելացվել է 1798 թվականից հետո, երբ կտավը ձեռք բերեց ու այն Լեհաստան տեղափոխեց Ադամ Եժի Չարտորիսկին, ով հավատում էր բնորդուհիների նույնությանը։ Այսպիսով, «Կզաքիսով տիկինը» երրորդ կտավն է, որին անվանել են «Չքնաղ Ֆերոնիերան»։ Հնարավոր չէ միանշանակ ասել, որ կտավում հենց Լուկրեցիա Կրիվելին է։ Բայց քանի որ կտավը պատկերվել է Լեոնարդոյի միլանյան առաջին շրջանում, և կինը հարուստ է հանգված, նշանակում է` նա այդ ժամանակվա հայտնի անձնավորություններից էր։ Որպես հավանական բնորդուհու` Լուկրեցիա Կրիվելիի անունը ի հայտ է եկել 1804 թվականին[8]։ Այս վարկածն ամրապնդվում է այն երեք էպիգրամների միջոցով, որոնք նկարագրված են Լեոնարդոյի կենսագրի կողմից. դրանք նկարագրում են Լուկրեցիայի գեղեցկությունն ու հավանաբար Լեոնարդոյին են ուղարկվել պալատական բանաստեղծի կողմից։ Այսպիսով հստակ է, որ Լեոնարդոն նկարել է նկարագրված տիկնոջ մի որևէ դիմանկար, բայց արդյո՞ք դա հենց այս կտավն էր. հայտնի չէ։ Որպես թեկնածու ներկայացվում էր և Լոդոբիկո իլ Մորոյի օրինական կինը` հերցոգուհի Բեատրիչէ դ'Էստը։ Այս ենթադրությունը հիմնված է հերցոգուհու` Քրիստոֆորո Ռոմանի պատկերած կտավի բյուստի նմանության վրա, ինչպես նաև դիտարկվում է այն տեղեկությունը, որ Բեատրիչեն ֆերրարյան հերցոգի դուստրն էր։ 2011 թվականին «Leonardo Da Vinci: Painter at the Court of Milan» (National Gallery of Art, Լոնդոն) լայնամասշտաբ ցուցադրության ժամանակ տեղեկագրի հեղինակները հակված էին հենց այս տարբերակին` մերժելով սիրուհիներին պատկերելու վարկածը[9]։

Լեգենդ փաստաբան Չքնաղ Ֆերոնիերայի մասին խմբագրել

Լեոնարդոյի կտավն իր անվանումն ստանալուց հետո այն կրում էր իր վրա։ Այս ուշ ֆրանսիական գրությունը ցույց է տալիս, որ բնորդուհին երկաթյա իրերի վաճառքով զբաղվող մեկի կինն էր կամ դուստրը, ում կոչում էին ferronnier'а: Հնարավոր է` նա որևէ կապ ուներ ճակատազարդերի հետ, որտեղից էլ եկել է կտավի անվանումը։ Իսկ հետո արդեն մասնագիտության անվանումը վերածվել է ազգանվան, և լեգենդ է առաջացել, ըստ որի կտավի բնորդուհուն կոչում էին Ֆերոնիերա և նա Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկ Առաջինի (1494-1547) սիրուհին էր։ Վերջինս հայտնի էր իր կնամոլությամբ։ Նրա անունը նաև կապվում է Լեոնարդոյի անվան հետ, ով աշխատում էր արքայի համար։ Ըստ «Սիրային պատմություններ Ֆրանսիայի պատմության մեջ» 10 հատորյակի հեղինակ Գի Բրետոնի` արքան սիրահարվում է փաստաբան Ժան Ֆերրոնի տիկնոջը` Տիկին Ֆերրոնին, ում կոչում էին Չքնաղ Ֆերոնիերա։ «Նա հիասքանչ էր, գրավիչ, էլեգանտ։ Նա ուներ երկար սև մազեր, արտահայտիչ կապույտ աչքեր, աշխարհի գեղեցկագույն ոտքերը։ Նրա ճակատի կենտրոնում ճակատազարդ էր կախված, և այս անսովոր դետալը միայն ավելացնում էր նրա գրավչությունը»։ Իբր թե, «երբ Ֆրանցիսկը հրամայում է նրան պալատ բերել ու չափազանց շատ է շտապում անկողին հասնել, տիկինն այնքան է վրդովվում, որ նրա ճակատի երակներից մեկը պայթում է։ Մեկ ժամից նա արդեն արքայի սիրուհին էր, իսկ հաջորդ օրը շատ հմտորեն թաքցրեց ճակատի վերքը նկարագրված կախազարդով»[10]։ Ավելի ուշ մի լեգենդ տարածվեց, որն ստեղծվել էր արքայի դեմ հասարակ մարդու վրեժի մոտիվներով։ Իբր թե, պարոն Ֆերրոնը, չկարողանալով դիմակայել իր կնոջ հանդեպ արքայի կատարած ոտնձգություններին, սկսում է շրջել հասարակաց տներով` ցանկանալով վեներական հիվանդություն ձեռք բերել ու կնոջ միջոցով դա արքային փոխանցել։ Ըստ լեգենդի` դա նրան հաջողվում է, և ի վերջո, այդ հիվանդությունը կործանում է արքային։ Թագավորն իսկապես մահացել է սիֆիլիսից, սակայն, ըստ իր մոր հուշագրությունների, նա այդ հիվանդությամբ ավելի վաղ է վարակվել և այլ հանգամանքներում։ Այսօր կտավի կերպարը համարվում է հնարովի։

Պատճեններ խմբագրել

19-րդ դարում այս աշխատանքը մեծ հռչակ ուներ և հաճախ էր պատճենվում։ Այդպիսի պատճեններից մեկը պահվում է Շամբերի Գեղեցիկ արվեստների թանգարանում։ Առավել հայտնի դարձավ մեկ այլ պատճեն։ 20-րդ դարի սկզբին պատրաստվում էին այն վաճառել օրիգինալի անվան տակ։ Բայց 1920 թվականին արվեստի հայտնի գործակալ Ժոզեֆ Դուվինը թույլատրեց New York World-ին տպագրել իր կարծիքն այն մասին, որ դա պատճեն է։

Խնդիրն սկսվեց 1920 թվականի հունիսի 17-ին, գիշերվա ժամը մեկին։ Այդ ժամանակ Լոնդոնում գտնվող Դուվինն արթնացավ New York World-ի թղթակցի զանգից։ Թղթակիցը ցանկանում էր սովորական փաստեր ճշտել. Անդրէ Հանը Կանզասից հայտարարություն էր տվել, որ պատրաստվում է վաճառել Լեոնարդո դա Վինչիի «Չքնաղ Ֆերոնիերան»։ Կիսաքուն Դուվինը պատասխանեց, ասելով` դա անհնար է։ «Ինչու՞», -հետաքրքրվեց թղթակիցը։ «Քանի որ այդ կտավը պահվում է Լուվրում»։ Այս կարճ ակնարկը սկիզբ դարձավ մի էպոպեայի, որը ձգվեց 10 տարի և դարձավ արվեստի բնագավառում 20-րդ դարի ամենահայտնի գործընթացը[11]։ Նկարի տերը` տիկին Անդրէ Հանը, նրան դատի տվեց` մեղադրելով զրպարտության համար։ Հայտարարվեց, որ Դուվինի հայտարարության պատճառով նկարի վաճառքի գործարքը ձախողվեց. իբր թե նկարը 225 հազար դոլարով ցանկանում էր գնել մի անանուն մեկենաս ու նվիրել այն Կանզասի Արվեստի ինստիտուտին։ Իսկ այժմ այն այլևս ոչ ոք չի գնի։ Ծանուցումը տրվեց 1921 թվականի նոյեմբերին, վնասը գնահատվում էր մոտ 500 հազար դոլար։ Դատական պրոցեսն աղմկահարույց էր։ Գործը լսվում էր Նյու-Յորքում. ընտրված էր հատուկ ժյուրիի կազմ, ովքեր երբեք չէին լսել դա Վինչիի մասին և ոչինչ չէին հասկանում բնորոշիչ հատկանիշներից։ Որպես վկաներ ներգրավված էին ժամանակի հայտնի շատ արվեստաբաններ։ Հանի նկարը բերեցին Լուվր ու համեմատեցին այն օրիգինալի հետ։ Ի վերջո, ժյուրին որոշում կայացրեց հօգուտ Հանի. նրան պետք է փոխհատուցվեր 60 հազար դոլար, ինչպես նաև`նշանակալի դատական ծախսերը։ Ամեն դեպքում, չնայած դատական որոշմանը, ըստ որի Դուվինը սխալ էր, և կտավի բնօրինակը չի պահվում լուվրում, Հաների նկարը ոչ ոք բնօրինակ չի համարում։ Անդրէի ամուսինը` Հարրի Հանը, 1946 թվականին գիրք է գրել այս մասին` անվանելով այն The Rape of La Belle: 2010 թվականի հունվարին այս նկարը վաճառվեց 1.5 միլիոն դոլարով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010062372
  2. 2,0 2,1 2,2 2,3 Taburet-Delahaye É., Bresc-Bautier G., Crépin-Leblond T. France 1500 : entre Moyen âge et Renaissance (ֆր.)Réunion des musées nationaux, 2010. — P. 378. — ISBN 978-2-7118-5699-2
  3. 3,0 3,1 Joconde (ֆր.) — 1975.
  4. http://cartelfr.louvre.fr/cartelfr/visite?srv=car_not_frame&idNotice=13835
  5. Magdeleine Hours, la peinture de Léonard de Vinci vue au laboratoire, dans l’Amour de l’Art, n° 67-68-69., 1954, . p.17-74 (ֆր.)
  6. Гращенков В. Н. Портрет в итальянской живописи Раннего Возрождения. М., 1996. С. 237. (ռուս.)
  7. Père Dan, Trésor des Merveilles de la maison royale de Fontainebleau, Paris 1642 (ֆր.)
  8. Carlo Amoretti, Memorie storiche su Leonardo da Vinci, Milan, 1804, p.39. (ֆր.)
  9. Luke Syson and Larry Keith, Leonado Da Vinci: Painter at the Court of Milan, Exhibition Catalogue, National Gallery (London, 2011)
  10. Ги Бретон, «Истории любви в истории Франции», Т. 2, перевод: С. Чалтыкьян.
  11. Meryle Secrest. Duveen: A Life in Art. P. 224 (անգլ.)