Ավետիք Չթչյան

հայ նկարիչ
(Վերահղված է Չթչյան Ավետիքից)

Ավետիք Մկրտչի Չթչյան (հուլիսի 23, 1962(1962-07-23), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 28, 2012(2012-06-28), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ։

Ավետիք Չթչյան
Ի ծնեԱվետիք Մկրտչի Չթչյան
Ծնվել էհուլիսի 23, 1962(1962-07-23)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 28, 2012(2012-06-28) (49 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ավետիք Չթչյանը ծնվել է 1962 թվականին Գյումրիում։ 1979-1983 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում, 1986-1992 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժնում, Էդուարդ Իսաբեկյանի արվեստանոցում։ 1994 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։

Մասնակցել է խմբակային  ցուցահանդեսների հանրապետությունում և արտասահմանում՝ Երուսաղեմ (1992 թվական ), Ստոկհոլմ (1993), Բեյրութ (1994), Փարիզ (1995)  «Արտ-էքսպո» Նյու Յորքում (2004)։ 2008 թվականին մասնակցել է «Տ. Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի 100-ամյակին նվիրված» ցուցահանդեսին, 2009 թվականին՝ «Ծնունդդ շնորհավոր ԵՐԵՎԱՆ» ցուցահանդեսին։

Անհատական  ցուցահանդես է ունեցել Բեյրութում (1995)[1], Երևանում (2017)[2]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Նկարչի ընտրած հիմնական ժանրը նատյուրմորտն է։ Իր ստեղծագործական կարճ ուղու ընթացքում նա անդրադարձել է անշուշտ  և' դիմանկարին, և' մյուս ժանրերին ևս, սակայն այսօր Ավետիք Չթչյանի անունը կապվում է առաջին հերթին նատյուրմորտի ժանրի հետ։ Նատյուրմորտը նկարչի համար լոկ առարկայական աշխարհի արծարծումը չէ, այլ այդ աշխարհի և մարդու փոխկապակցվածության, այլ ոչ թե իրարամերժության մասին խոսելն է։ Աշխատանքի ընթացքում նկարիչը գնում է արտաքին տեսքից դեպի էություն, ինչը մշտապես ներկա է և զգալի նրա ստեղծագործություններում։ Ահա այս է, որ ակնառու է մշտապես և հմայում է դիտողին։ Նյութական աշխարհի ներդաշնակությունը պատկերելու հասնելու ձգտումը, թերևս, երբեք նրան չի լքել։  Կարևորն այն է, որ այդ գործում արվեստագետը դիմել է սիմվոլների  լեզվին։ Կերպարվեստում սիմվոլներին դիմելու փորձված միջոցը այս նկարչի մոտ անհատական դրսևորումներ է ձեռք բերել։

Նատյուրմորտ խմբագրել

Նատյուրմորտի ժանրում Չթչյանի առաջին և ակնառու ստեղծագործություն-հիմնաքարն է հանդիսանում նկարչի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի 1992 թվականի «Անաստվածներ» եռանկար դիպլոմային աշխատանքը։ Առաջին անգամ Գեղարվեստաթատերական ինստիտուտի պատմության ընթացքում որպես դիպլոմային աշխատանք ներկայացվեց վերոնշյալ ստեղծագործությունը, որը ոչ թե տրորված և բազմիցս օգտագործված նատյուրմորտային թեմա էր, այլ  առաջին և բավականին խիզախ քայլ այդ ասպարեզում։ Եռանկարում առաջին հայացքից ներկայացված է բավականին արծարծված թեմաներ և առարկայական ներկայացման ձևեր։ Բայց դա ընդամենն առաջին հայացքից։ Երբ նկարիչների միությունում անցկացվող դիպլոմային աշխատանքների ցուցադրության ժամանակ հայ գեղարվեստի պրոֆեսիոնալներին և սիրողական զանգվածին ներկայացվեց «Անաստվածներ» եռանկարը, երևույթը դիտվեց որպես հեղափոխություն հայկական նատյուրմորտի ասպարեզում՝ իր ձևի, բովանդակության, կյանքի փիլիսոփայության, քրիստոնեության, կյանքի հավերժականության, ժամանակի շարունակականության, սիրո և հավատի մի ամբողջ աշխարհ։

Խորհրդավոր ընթրիքի առարկայական պատկերում, Ղարսի եկեղեցու վնասված խաչից  Քրիստոսի խաչելությունը, անաղարտ սպիտակի վրա և խաչելությունից հետո... տախտակ՝ «Հիսուս Քրիստոս հրեաների թագավոր», խաչելության երեք գամեր և փշեպսակ։ Մարդկային կյանքի, նրա հավատամքի, մարդկության մեղքերի համար խաչված Քրիստոսի և եզրափակիչ փուլ։ Գամեր, տախտակ և ուտեստի մնացորդ։ Առօրյա կյանքի, մարդկային հավատամքի և արդյունքում մնացածի կյանքի փիլիսոփայության թեմաների մի ամբողջ տիեզերք։ Եվ այս ամենը ներկայացված ընդամենը մի եռանկարում։ Եվ այս համարձակ մտահղացման հեղինակը Գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտող ուսանողի դիպլոմային աշխատանքն է։ Շատ մեծ խորհուրդ կա եռանկարի մեջ և ցանկացած դիտող՝ դա կլինի պրոֆեսիոնալ և վաստակաշատ նկարիչ թե արվեստաբան, թե ուղղակի արվեստասեր յուրովի են ընկալում  և մեկնաբանում  այդ եռանկարը և ամենահետաքրքրականն այն է, որ ցանկացած նման խմբի եզրակացությունը կամ կարծիքը հնչում են որպես այդ նկարի իրական բովանդակության արտացոլման ամբողջականությունը։ Բոլոր խմբերն էլ ճիշտ են և լրացնում են միմյանց, առանց մեկը մյուսին բացառելու։ Եվ բոլորը միաբերան՝ մտքի մեջ թե բարձրաձայն, հաստատում են մի մեծ միտք. սա հեղափոխություն է։ Եռանկարը ծառայեց որպես Ավետիք Չթչյանի արվեստի հիմնաքար և ուղեկցեց Ավետիք Չթչյան-նկարչի ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում, և ոչ միայն ստեղծագործական։ Դա նաև նկարչի մարդկային էության, ստեղծագործողի, քրիստոնեական կրոնի հետևորդի, ընկերոջ և Մարդու ամբողջական կերպարի արտահայտումն է։

Բնանկար խմբագրել

Ավետիք Չթչյանը բնանկարով ավելի սիստեմատիկ էր զբաղվում, քան մի այլ ժանրով և ամեն տարի նկարում էր 25 բնանկար, իսկ ընդամենը նկարել է մոտ 400-ից ավելի։ Եվ բնանկարային այս ժառանգությունը պահպանվելով գրեթե ամբողջովին՝ հնարավորություն է տալիս հետևել նկարչի զարգացման ամբողջ ուղուն այս ասպարեզում։ Ահա թե ինչու Չթչյանին բացառապես բնանկարիչ չհամարելով հանդերձ՝ այնուամենայնիվ մեծ ուշադրություն պետք է դարձնել նկարչի այդ ասպարեզում կատարած աշխատանքներին, և ամենից առաջ նշել այն ավանդը, որ նա ներդրել է նաև հայկական բնանկարային նկարչության մեջ։  

Բնություն, հայրենի հող, սրանք էին Ավետիք Չթչյանի ոգեշնչման հավերժական աղբյուրները։ Դա այն աշխարհն էր, որտեղ նա իրեն մի մասնիկն էր զգում և որի հետ նա կապված էր, ինչպես ծառը իր արմատին։

Վայրի ծաղիկների շարքն Ավետիք Չթչյանին ուղեկցել է իր ողջ կյանքի ընթացքում։ Նա նկարում էր ինչպես իր շրջապատի ամենապարզ ծաղիկները, այնպես էլ իր նատյուրմորտներում անդրադառնում էր աստվածաշնչյան ծաղիկներին՝ հիրիկ, շուշան, պիոններ, խոլորձ  և իհարկե վարդեր։ Կակաչների համար նա մշակել էր ժամանակացույց, թե երբ պետք է մեկնի Բյուրական՝ դրանք նկարելու։ Նրա նկատած յուրաքանչյուր կակաչը լեցուն էր  կյանքով՝ շնորհիվ կարմիր թերթերի և սև միջուկների կոնտրաստի։

Չթչյանի 2000-ականների բնանկարները մի նոր ու նշանակալից փուլ են՝ հայրենի բնությունը պատկերող նկարչի առանց այն էլ հարուստ ու բազմազան ստեղծագործության մեջ։ Ուշ շրջանի աշխատանքներում երևան է գալիս իր ողջ խորությունն ու թափը։ Առանձնապես ցայտուն են վայրի ծաղիկները բնանկարներում, որը նկարչի թերևս ամենակատարյալ ստեղծագործությունն է։ Նկարչին հատուկ թափով և լիաբուռն զգացմունքներով «Վայրի ծաղիկ» բնանկարում, դեպի խորքերն են ձգվում  ծաղիկների շարքերը, վերևում խաղաղ երկինքն է։ Ավետիք Չթչյանը ծաղիկներ նկարելիս ընտրում էր բնության «ամենավայրի», գունառատ ծաղիկները։

Ընկալման անաղարտություն կա «Անթառամ ծաղիկներ» բնանկարում։ Բնության մեջ տեսած ծաղիկների պարզ ընդօրինակություն չէ սա։ Մեր առջև նոր ծաղիկներ են, չթչյանական ծաղիկներ։ Արդեն գոյություն ունեցող ծաղիկներին նույնպիսի ծաղիկներ ավելացնելը նշանակում է ոչինչ չավելացնել, մինչդեռ օգտվելով բնությունից՝ ստեղծել նոր, արտասովոր ծաղիկներ, գեղանկարչական խնդիր է։

Այս բնանկարը դիտելիս այնպիսի զգացողություն է առաջանում, որ կարծես հողից դուրս հորդացող ծաղիկներն անվերջանալի են, իբրև մի դյութական սիմֆոնիկ երաժշտության հնչյուն, գեղատես ծաղիկները հորդում են ու հորդում, նրանց ռիթմիկ շարժումները ներդաշնակում են կտավով մեկ ծաղկեփնջի ֆոնի վրա տարածվող և ծաղիկների «ձայնը» դեպի անսահմանություն տանող։

«Ամբերդ  ամրոց-բերդաքաղաքը» գործում կանաչ, դարչնագույն-երկնագույն տոներից կազմված հագեցած ու թանձր գունային գամման, հավաք կոմպոզիցիան, ծառերի կլորավուն սաղարթների, տեղանքի ռելիեֆի, ճարտարապետական հին հուշարձանի պլաստիկական ձևերի հերթականության սահուն ռիթմը, նպաստում են խոհուն տրամադրություն հաղորդելուն։ Նկարիչը փորձել է ստեղծել Հայաստանի ամենաազդեցիկ անկյուններից մեկի կերպարը։ Նա բնությունն ընկալել  է սեփական աչքով ու մտքով, ուստի և նրա միջոցով կարողացել է արտահայտել սեփական ապրումները։ 

Ծովանկար խմբագրել

Գեղանկարչական էֆեկտը հաճախ է ուղեկցում Չթչյանի ծովանկարներին, լինի դա կոմպոզիցիայի կամ գույնի, լույսի ու ստվերի հակադրումների միջոցով։ Բայց այդ էֆեկտները իսպառ զերծ են դեկորային ինքնանպատակ շլացումներից. դրանք միշտ նպատակային են, համոզիչ, ճշմարտացի, մնալով որպես գեղարվեստական արժեք։

Այդպիսին էր նախորդ գործը, այդպիսին է և վերջինը, որում ազդեցություն են առաջացնում առաջնային պլանում ստեղծած գոգավորությունները, բլրանման զանգվածները, դրանց մակերևույթին գալարվող ջրի փրփուրներով, որոնք ջրի շարժման տպավորություն են ստեղծում։ Այդպիսի էֆեկտների բանիմաց, նպատակային օգտագործումով է, որ Չթչյանի ծովը  թվում է շարժման մեջ։ Պատկերին հանդիսավորություն է տալիս կիսով չափ ամպամած  երկինքը, որտեղից  արևի շողերը ճառագայթել են ծովի վրա։ Չթչյանը վիրտուոզ կերպով է տվել ջրի վիթխարի զանգվածի առարկայական պատրանքը, ջրի անզուսպ շարժման առաձգականությունը, ալիքների մակերևույթին գոյացած փրփուրների ժանեկանման հյուսվածքները, ափից ետ սողացող ջրի բնական ընթացքը, փրփրակալած մանր ալիքները։ Այս բազմատարր ծովանկարում ամեն ինչ  մտածված է, տեղադրված տարածական ճշտությամբ, որի հարցում Չթչյանը բծախնդիր է։ Գեղանկարչական բոլոր խնդիրները՝ առարկաների ֆակտուրային զանազանությունը, լուսավորության օգտագործումը՝ համապատասխան օրվա պահին, եղանակին, առարկաների գունափոխությունները՝ համաձայն միջավայրին, արտացոլումներին, մշակման ավարտվածությունը, և վերջապես բնության մեջ թաքնված տրամադրության բացահայտումը, որը նրա համար պարտադիր նախապայման է, գտնվում է պատշաճ մակարդակի վրա։ Գրեթե բոլոր ծովանկարներում Չթչյանը բացառիկ ուշադրություն է նվիրում առաջին պլանի ներկայացմանը, հասցնելով այն ավարտական վերջնական աստիճանի։

Չթչյանի ծովանկարների կոլորիտն ավելի մեղմ է, մոտ արծաթամոխրավունին։ Ըստ երևույթին դա թելադրված է եղել տեղանքի աշխարհագրական պայմաններով։ Մի  քանի գործերում ծովային տեսարանները ուղեկցվում են ծովափնյա ժայռերով։  Բայց, ի տարբերություն նախորդ տարիների նույնատիպ գործերի, սրանց մեջ նկարչի ուշադրության գլխավոր առարկան ոչ թե ծովն է, այլ ցամաքային հատվածը, որոնց գեղանկարչական մշակումը չի զիջում ծովանկարներին։ Այդպիսի պատկերներում ծովը մնում է որպես հարակից տարր։ Այդպիսին է «Իմ սիրելի Շորժան»։ Դա ծովափի  մի հատված է, երեք կողմից շրջափակված խորդուբորդ, անանցանելի ժայռերով, որտեղ  գերիշխող է  մուգ զանգվածային առարկայական տպավորությունը։ Նույնիսկ ծովի նեղ շերտը հնչում է որպես կապույտ ֆոն, շեշտելով ժայռերի դեղնասրճավուն կոլորիտը։ Գեղեցիկ տպավորություն է թողնում նրբերանգ կոլորիտով երկինքը։ Արտացոլման կիրառումը նկատվում է մեծ մասամբ ժայռերի մշակման մեջ, որոնք նկարված են գույների բազմահարուստ ներկապնակով, հարազատ մնալով և' բնությանը, և' գեղեցիկի սկզբունքին։ Գեղեցիկի զգացողությունը և պահանջը միշտ ուղեկցել են Չթչյանի ստեղծագործություններին մեծ մասամբ իրենց նրբագեղ կոլորիտով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Չթչյան Ավետիք | armeniaculture.am». www.armeniaculture.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. Daily, A. Z. G. «ԱՎԵՏԻՔ ՉԹՉՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ». AZG Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.