«Ուրանոմետրիա» (անգլ.՝ Uranometria), երկնքի քարտեզ, որն ստեղծվել է գերմանացի աստղագետ Յոհան Բայերի կողմից։ Հրատարակվել է Քրիստոֆ Մանգի (Christophorus Mangus) կողմից Աուգսբուրգ քաղաքում 1603 թվականին[1] «Uranometria : omnium asterismorum continens schemata, nova methodo delineata, aereis laminis expressa» ամբողջական վերնագրով։ Վերնագիրը թարգմանաբար նշանակում է «Ուրանոմետրիա, որը պարունակում է նոր մեթոդով մշակված և պղնձե թիթեղների վրա փորագրված բոլոր համաստեղությունների գծապատկերները»։ «Ուրանոմետրիա» բառը ծագում է հին հունական աստղագիտության մուսա Ուրանիայի անունից և հունարեն «uranos» (oυρανός«երկինք» բառից։ «Ուրանոմետրիա» բառացի նշանակում է «չափել երկինքը» (համեմատե՛լ հունարեն «Geometria» բառի հետ, որը բառացի նշանակում է «չափել երկիրը»)։ Ամբողջ երկնոլորտն ընդգրկող առաջին ատլասն է եղել։

Հայկ համաստեղության փորագրությունն Ուրանոմետրիայում, ԱՄՆ ռազմածովային աստղադիտարանի գրադարան

Գծապատկերներ «Ուրանոմետրիայում»Խմբագրել

«Ուրանոմետրիան» պարունակել է պղնձե թիթեղների վրա խորատիպ 51 աստղային գծապատկեր, որոնք արվել էին Ալեքսանդր Մեյրի (մոտավորապես 1562-1617) կողմից։ Առաջին 48 գծապատկերը ներկայացրել են պտղոմեոսյան 48 համաստեղություններից յուրաքանչյուրը։ 49-րդ գծապատկերում ներմուծվել են Պտղոմեոսին անհայտ խորը հարավային երկնքի 12 նոր համաստեղությունները[2]։ Վերջին երկու գծապատկերները «Synopsis coeli superioris borea» և «Synopsis coeli inferioris austrina» պիտակավորված պլանիսֆերաներ են, որոնք թարգմանաբար նշանակում են «Հյուսիսային կիսագնդի տեսքը» և «Հարավային կիսագնդի տեսքը»։

Յուրաքանչյուր աստղի դիրքն ըստ աստիճանի ճշգրտորեն որոշելու համար յուրաքանչյուր թիթեղ աղյուսակ է պարունակել։ «Ուրանոմետրիան» ստեղծելու համար Բայերի օգտագործած աստղադիրքերը վերցվել են ընդլայնված 1,005 աստղ պարունակող Տիխո Բրահեի կատալոգից։ Բրահեի ընդլայնված ցուցակը ձեռագիր տարբերակով շրջանառվել է 1598 թվականից ի վեր և առկա է եղել գրաֆիկական տարբերակով Պետրուս Պլանցիուսի, Հոնդիուսի և Վիլլեմ Բլաուի գլոբուսների վրա։ Առաջին անգամ աղյուսակային տեսքով հրատարակվել է 1627 թվականին Յոհան Կեպլերի «Ռուդոլֆյան աղյուսակներ» աշխատության մեջ։

Բրահեի կատալոգի օգտագործումն ավելի մեծ ճշգրտություն է ապահովել, քան Պտղոմեոսի սահմանափակ ցուցակը։ Սակայն «Ուրանոմետրիայում» ցուցակագրված 1,200 աստղերը ենթադրում են, որ Բրահեի կատալոգը տեղեկատվության միակ աղբյուրը չի եղել։ 49-րդ թիթեղիկի հարավային աստղային դիրքերի ու համաստեղությունների անունները Բայերը վերցրել է հոլանդացի ծովագնաց Պիտեր Դիրքսոն Կեյզերի կատալոգից, որն ուղղել էր Ամերիգո Վեսպուչիի ու Անդրեա Կորսալիի ավելի հին դիտարկումները, ինչպես նաև իսպանացի քարտեզագիր Պեդրո դե Մեդինայի հաշվետվությունը։ «Ուրանոմետրիան» պարունակում է ավելի շատ աստղեր, քան նախորդ որևէ ատլաս, թեև ճշգրիտ քանակը վիճելի է, քանի որ ոչ բոլոր աստղերն են պիտակվել։

Համաստեղությունների աստղերից յուրաքանչյուրը ներկայացված է համաստեղության թեմայի փորագրված պատկերով։ Անհայտ պատճառով մարդկային համաստեղություններից շատերը փորագրված են մեջքով, այնինչ ավանդաբար պատկերվելիս են եղել դեմքով դեպի Երկիրը։ Սա տարօրինակ կերպով որոշակի խառնաշփոթ է ստեղծել որոշ աստղերի անունների բառացի իմաստների մեջ (օրինակ՝ որոշ աստղերի անունները ծագել են մասնավորապես «աջ ուս» և նման արտահայտություններից, որոնք ճիշտ չեն դիտվում ըստ «Ուրանոմետրիայի» պատկերազարդումների)։

«Ուրանոմետրիայում» աստղերը պիտակվել են հունարեն ու լատիներեն տառերով, որը հայտնի է որպես Բայերյան անվանակարգություն․ համակարգ, որն օգտագործվում է առ այսօր[3]։

Աստղային կատալոգ «Ուրանոմետրիայում»Խմբագրել

«Ուրանոմետրիայի» առաջին հրատարակության մեջ յուրաքանչյուր էջի դարձերեսին աստղերի աղյուսակ է պատկերված եղել։ Սա անհնար է դարձրել գծապատկերին նայելիս աղյուսակն ուսումնասիրելը։ Ավելին, աղյուսակի տառերը երևում էին էջի մյուս կողմում ու փչացնում գծապատկերը[4]։ «Ուրանոմետրիայի» հետագա հրատարակություններում աղյուսակները բաց են թողնվել, դրա փոխարեն տպագրվել են «Explicatio characterum aeneis Uranometrias» վերանգրով առանձին կատալոգում։ Դժբախտաբար այս առանձին կատալոգը լի էր բազմաթիվ տպագրական սխալներով, որոնք ավելի են ընդգծվել հաջորդող տպագրություններում[5]։

Տիտղոսաթերթի փորագրությունԽմբագրել

 
Ուրանոմետրիայի տիտղոսաթերթը, Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանի գրադարան

«Ուրանոմետրիայի» փորագրված տիտղոսաթերթը ներքևում կնքված է AMF միացագրով, որը խորհրդանշում է «Alexander Mair fecit» արտահայտությունը և թվագրված է MDCIII։ Պատկերված է ճարտարապետական մոտիվով, որի կենտրոնում ամբողջական վերնագիրն է։ Երկու կողմից պատվանդանների վրա կանգնած են Ատլասը և Հերկուլեսը։ Պատվանդաններին հետևյալ մակագրություններն են՝ «Atlanti uetustiss astronom magistro» («Ատլաս՝ աստղագիտության առաջին ուսուցիչը») և «Herculi uetustiss astronom discipulo» («Հերկուլես՝ աստղագիտության առաջին աշակերտը»)։ Տիտղոսաթերթի վերնամասում փորագրված են մի քանի այլ կերպարներ նույնպես։ Վերին ձախ կողմում Ապոլլոնն է, որը մարմնավորում է արևին։ Կենտրոնում Երկիրը խորհրդանշող Կիբելա աստվածուհին է՝ աստղերից բաղկացած թագով ու վզակապերով կապված երկու առյուծով։ Վերին աջ մասում լուսինը մարմնավորող Դիանան է՝ աստղային թիկնոցով։ Վերնագրի տակ այծեղջյուրի կերպարանք է, որի տակ պատկերված է Աուգսբուրգի տեսարաններից մեկը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Christoph Mang was printing books at Augsburg with dates ranging 1567-1617, according to Johns Hopkins Library catalog; Uranometria is the most famous work issuing from his press.
  2. «Star Tales - Bayer's southern star chart»։ www.ianridpath.com։ Վերցված է 2020-12-18 
  3. «Star Tales – Bayer letters»։ www.ianridpath.com։ Վերցված է 2020-12-18 
  4. «Bayer, Explicatio, 1654»։ stars.lindahall.org։ Վերցված է 2020-12-18 
  5. «Star Tales – Bayer letters»։ www.ianridpath.com։ Վերցված է 2020-12-18 

Արտաքին հղումներԽմբագրել