Ունիթորություն (ունիտորություն, լատին․՝ unitor – միաբանող) կամ միարարություն, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ քրիստոնեական տարբեր եկեղեցիների միության (ունիայի) գաղափարի վրա հիմնված եկեղեցական ուղղություն, որն ընդունում է Հռոմի պապի գերագահությունը, կաթոլիկական դավանանքը, ծեսը՝ պահպանելով ժամերգության ազգային լեզուն։ Գոյություն ունեն Արևելյան միացյալ (Uniate) եկեղեցիներ կամ պատրիարքություններ, ինչպիսիք են Մարոնիական (1216 թ.), Քաղդեական (1553 թ.), Հույն (Մելքիդ ՝ 1724 թ.), Ասորի (1783 թ.), Ղպտի (1824 թ.) կաթոլիկ պատրիարքությունները։ 1742 թ.-ին կազմավորվել է Հայ կաթողիկե պատրիարքությունը

16-րդ դարի վերջին ունիթորական եկեղեցի է ստեղծվել նաև Ուկրաինայում և Բելառուսում։

Պատմություն

խմբագրել

Ունիթորության առաջացումը պայմանավորված էր պապականության և արևմտաեվրոպական տերությունների աշխարհակալական քաղաքականությամբ, իսկ Ունիթորության նախադրյալներն ստեղծվել են 12-րդ դարի վերջին՝ պայմանավորված առաջին Խաչակրաց արշավանքներով։ Հայ իրականության մեջ նույնպես Ունիթորությունն ուներ քաղաքական երանգավորում. Կաթոլիկ եկեղեցու հետ միավորվելու ձգտումը նպատակ էր հետապնդում Արևմտյան Եվրոպայի ռազմաքաղաքական օգնությամբ ազատագրվել օտար լծից և վերականգնել հայկական պետականությունը։

Ունիթորությունը Կիլիկյան Հայաստանում

խմբագրել

Ունիթորությունը տարածվել է նաև Կիլիկյան Հայաստանում, որի լատինացի և լատինամետ (առևտրատնտեսական կապերով Եվրոպայի հետ սերտորեն կապված) հայ բնակչությունը որոշակի ուժ ու դիրք է ձեռք բերել և իր նկրտումներն առավել եռանդով դրսևորել հատկապես ճգնաժամային պայմաններում։ Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ թագավորը թագադրումից (1198 թ.) առաջ առերես ծիսական որոշ զիջումներ է խոստացել Հռոմի պապին և Կիլիկիայում նրա քարոզիչներին ազատ գործելու հնարավորություն տվել, սահմանային մի շարք ամրոցներ իբրև ավատ հանձնել եվրոպական ռազմիկ-միաբանություններին։ Կիլիկյան միարարների և ազգային ավանդներին հավատարիմ հոսանքի հետևորդների միջև սուր պայքար է ծավալվել Կիլիկիայի Հայկական պետության թուլացման և անկման շրջանում (1289–1375 թթ.)։ 1307 թ.-ին Սսում և 1316-ին Ադանայում գումարված ժողովներն ընդունել են Կաթոլիկ եկեղեցու դավանանքը, ծիսակարգը և Հռոմի պապի գերիշխանությունը։ Սակայն ակնկալած ռազմաքաղաքական օգնությունը չստանալով ՝ 1371 թ.-ին Սսում չեղյալ է հայտարարվել նախորդ ժողովների ընդունած ունիան։ Հայ եկեղեցու դավանանքի, ծիսակարգի անաղարտության, ավանդական կարգի և ինքնուրույնության պահպանման համար Ունիթորության ու Կիլիկիայի լատինամետ հայ հոգևորականների դեմ անհաշտ պայքար է մղել հայ հոգևորականության ավանդապահ թևը՝ Հայոց Հյուսիսային Կողմանց կամ արևելյան վարդապետները։

Քարոզիչների գործունեությունը 13-14-րդ դարերում

խմբագրել

1240-ական թթ. պապական քարոզիչները թափանցել են նաև բուն Հայաստան և տարանցիկ առևտրական ճանապարհների կարևոր հանգուցակետերում հիմնել արքեպիսկոպոսություններ (Սուլթանիե, Խանբալիկ-Պեկին) և եպիսկոպոսություններ (Թավրիզ, Մարաղա, Դեհխարկան, Թիֆլիս, Նախիջևան)՝ փորձելով «ճշմարիտ հավատի»բերել արևելյան հին քրիստոնյա, առաջին հերթին՝ հայ և ասորի ժողովուրդներին։ Սկզբում գործել են Ֆրանցիսկյան միաբանները, որի արդյունքում կաթոլիկացվել է Արտազի թեմական կենտրոն Սուրբ Թադեի վանքը։ 1318 թ.-ից Հռոմի պապ Հովհաննես 22-րդի հանձնարարությամբ նրանց փոխարինել են Դոմինիկյան կրոնավորները, որոնց աջակցությամբ ավելացել է Անիի, Կարինի, Թիֆլիսի, Թավրիզի, Մարաղայի և այլ վայրերի կաթոլիկացած հայ համայնքների անդամների թիվը։ Ամենանշանակալին Նախիջևանի Երնջակ գավառի եպիսկոպոսությունն էր, որը հաստատվել է 1330 թ.-ին, Քռնայի Սուրբ Աստվածածին վանքում՝ Հովհաննես Քռնեցու գլխավորությամբ, և գործել մինչև 1766 թ.-ը (ունեցել է 38 գահակալներ, որոնցից 32-ը՝ հայ վանականներ)։ Վանքում գործել է Քռնայի բարձր տիպի դպրոցը, որի դեմ դավանաբանական պայքար են մղել Գլաձորի և Տաթևի համալսարանների ուսուցչապետներն ու վարդապետները՝ Եսայի Նչեցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշները։ Հովհաննես Քռնեցին այստեղ հիմնել է «Կարգ Սուրբ Գրիգոր Լուսավորչի»անունով միաբանություն, որդեգրել Դոմինիկյանների տարազը (քիչ տարբերությամբ) և կանոնագիրը։ Այդ միաբանության կրոնավորները կոչվել են «Հայ միաբանող եղբայրներ» կամ ունիթորներ։

Ունիթորությունը 16-րդ դարում

խմբագրել

16-րդ դարի վերջին սկսվել է Ունիթորության՝ դեպի արևելք տարածվելու երկրորդ շրջանը։ Հիսուսյան, Թեատինյան ու այլ միաբանությունների անդամների և Ուշիի Ուրբանյան դպրոցի (որի հայկական բաժինը 1884 թ.-ին վերածվել է քահանայապետական Լևոնյան վարժարանի) ուսուցիչների ու սաների ջանքերով կաթոլիկ հայերի համայնքներ են ստեղծվել նաև այլ վայրերում։ Հայ կաթողիկե պատրիարքության հաստատումից (1742 թ.) հետո, երբ ստեղծվել են կաթոլիկ նվիրապետական թեմեր և միաբանություններ, Ունիթորությունը աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը և մարել՝ չիրականացնելով իր հետապնդած նպատակները

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 251