Ուլի Հյոնես

գերմանացի ֆուտբոլիստ

Ուլրիխ Հյոնես (գերմ.՝ Ulrich Hoeneß, հունվարի 5, 1952(1952-01-05)[1][2][3], Ուլմ, Տյուբինգեն, Գերմանիա[4]), առավել հայտնի է որպես Ուլի Հյոնես (գերմ.՝ Uli Hoeneß), գերմանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մենեջեր։

Ուլի Հյոնես
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 5, 1952(1952-01-05)[1][2][3] (72 տարեկան)
Ծննդավայր Ուլմ, Տյուբինգեն, Գերմանիա[4]
Հասակ 180 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Խաղացողի կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Որպես ֆուտբոլիստ Ուլի Հյոնեսը կարիերան սկսել է ՖՖԲ-ի «Ուլմ» ակումբում։ Նրա հաջորդ ակումբը դարձել է ՍՍՖ «Ուլմ» ֆուտբոլային ակումբը։ 15 տարեկանում Ուլին դարձել է Գերմանիայի պատանեկան հավաքականի ավագ։ 1970 թվականին նա Պաուլ Բրայթների և Ռայներ Ցոբելի հետ տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», սակայն մինչև 1972 թվականը խաղացել է միայն «Բավարիայի» սիրողական թիմում, որպեսզի կարողանա մասնակցել 1972 թվականի Մյունխենի Օլիմպիական խաղերին։ 1972 թվականից Հյոնեսը դարձել է «Բավարիայի» հիմնական կազմի և միաժամանակ Գերմանիայի հավաքականի խաղացող։ «Բավարիայի» կազմում նա դարձել է երկրի եռակի չեմպիոն (1972, 1973, 1974), Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի գավաթակիր (1971), ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եռակի գավաթակիր (1974, 1975, 1976) և Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթի գավաթակիր (1976)։ 1978 թվականին Հյոնեսը տեղափոխվել է «Նյուրնբերգ», սակայն մրցաշրջանի ավարտին 1975 թվականի Չեմպիոնների գավաթի եզրափակչում «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում ստացած վնասվածքից քրոնիկ ցավերի պատճառով 27 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ «Բավարիայի» կազմում Հյոնեսն անցկացրել է 336 խաղ և խփել 111 գոլ, «Նյուրնբերգի» կազմում՝ 11 խաղ։

Ազգային հավաքականում խմբագրել

Հավաքականում հանդես է եկել 1972 թվականից, նույն թվականին նորամուտն է նշել օլիմպիական խաղերում, որտեղ նրա հավաքականն անհաջող է հանդես եկել՝ երկրորդ խմբային փուլում գրավելով երրորդ տեղը և Դանիայի հետ կիսելով 5-6-րդ տեղերը։ Նույն 1972 թվականին նա դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ երկու տարի անց՝ աշխարհի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ նա Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 35 խաղ և դարձել՝ 5 գոլի հեղինակ։

Մենեջերի կարիերա խմբագրել

1979 թվականի ամռանը խաղային կարիերայի ավարտից անմիջապես հետո Հյոնեսը ստանձնել է «Բավարիայի» գլխավոր մենեջերի պաշտոնը (դառնալով Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ մենեջերը)։ 2002 թվականի փետրվարի 14-ից միաժամանակ եղել է ակումբի մարզական տնօրեն և վարչության նախագահի տեղակալ։ Այդ պաշտոններում մնացել է մինչև 2009 թվականի նոյեմբերի 30-ը։

2009 թվականի դեկտեմբերի 27-ին Հյոնեսն ընտրվել է «Բավարիայի» նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով մեկ այլ ակումբային լեգենդի՝ Ֆրանց Բեկենբաուերին[6]։ 2010 թվականի մարտին դարձել է նաև դիտորդ խորհրդի նախագահ։ 2014 թվականի մարտի 14-ին ստիպված է եղել լքել զբաղեցրած պաշտոնները իր նկատմամբ մեղադրական դատավճռի պատճառով[7]։

2016 թվականի նոյեմբերի 26-ին բանտից ազատվելուց անմիջապես հետո ակումբի տարեկան ժողովը Հյոնեսին կրկին ընտրել է «Բավարիայի» նախագահ՝ 987 օրվա ընդմիջումից հետո[8][8]։ Լինելով այլընտրանք չունեցող թեկնածու՝ նա ստացել է ձայների 98,5 տոկոսը[9]։ 2017 թվականի փետրվարի 6-ին կրկին ընտրվել է դիտորդ խորհրդի նախագահ[10]։ 2019 թվականի նոյեմբերի 15-ին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, Հյոնեսը լքել է նախագահի պաշտոնը, իսկ դեկտեմբերի 9-ին՝ դիտորդ խորհրդի նախագահի պաշտոնը։

Իր հրաժարականից հետո 2019 թվականի նոյեմբերի 15-ին Հյոնեսը դարձել է «Բավարիայի» պատվավոր նախագահ[11]։ Բացի այդ, դեկտեմբերի 9-ին նա երկրորդ անգամ դարձել է ակումբի վարչության փոխնախագահ։

Հյոնեսի մենեջերական կարիերան սկսելու պահին «Բավարիան» արդեն հինգ տարի չէր հաղթել ազգային առաջնությունում և զգալի պարտքեր ուներ։ Այնուամենայնիվ, նրա ջանքերով ակումբը վերածվել է գերմանական ակումբային ֆուտբոլի հեգեմոնի և աշխարհի առաջատար ակումբներից մեկի. մյունխենցիները նվաճել են Գերմանիայի առաջնության 21 տիտղոս, ՈՒԵՖԱ գավաթ, երկու Չեմպիոնների Լիգա, ինչպես նաև ոչ շատ նշանակալի գավաթներ։

Օրենքի հետ կապված խնդիրներ խմբագրել

2014 թվականի սկզբին Ուլի Հյոնեսը մեղադրվել է ավելի քան մեկ միլիոն եվրո հարկերի վճարումից միջոցներ թաքցնելու մեջ։ Թաքցված միջոցների գումարն ավելացել է գործի յուրաքանչյուր լսումների ժամանակ։ Երբ Հյոնեսին մեղադրել են 3 միլիոն եվրո թաքցնելու մեջ, նա պատիժը մեղմելու համար անկեղծորեն խոստովանել է, որ ընդհանուր առմամբ 15 միլիոն եվրո է թաքցրել։ Հյոնեսի հաշվապահների ցուցմունքների արդյունքում՝ 2014 թվականի մարտի 13-ին նա դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման՝ հարկերից խուսափելու և իր շվեյցարական հաշվում 27,2 միլիոն եվրո[12][13][14][15] թաքցնելու համար։ Հետագայում հեռացվել է գերմանական սպորտի «Փառքի սրահից»[16]։ 2016 թվականի փետրվարին վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից՝ կրելով պատժի կեսը[17]։

Անձնական կյանք խմբագրել

Ուլի Հյոնեսը կրտսեր եղբայր ունի՝ Դիտերը, որը հանդես է եկել 1986 թվականի աշխարհի առաջնությունում։ 1973 թվականից Հյոնեսն ամուսնացած է։ Զույգն ունի երկու երեխա և չորս թոռ։

1982 թվականին 30 տարեկան հասակում Ուլի Հյոնեսը Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղի համար Մյունխենից Հանովեր թռիչքի ժամանակ չորս տեղանոց Piper PA-34 Seneca ինքնաթիռի վթարից միակ փրկվածն է եղել։ Բայց նա ոչինչ չէր հիշում տեղի ունեցածից, քանի որ աղետի պահին քնած էր։ Միայն մեկ ժամ անց նրան պատահաբար գտել է տեղի անտառապահը[18][19]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ֆուտբոլի Գերմանիայի գավաթ Եվրոգավաթներ[20] Այլ[21] Ընդամենը
Խաղեր գոլ Խաղեր գոլ Խաղեր գոլ Խաղեր գոլ Խաղեր գոլ
Բավարիա 1969/70 0 0 1 0 0 0 0 0 1 0
1970/71 31 6 6 0 7 1 0 0 44 7
1971/72 34 13 5 3 8 1 0 0 47 17
1972/73 34 17 6 3 6 2 0 0 46 22
1973/74 34 18 4 2 10 5 0 0 48 25
1974/75 28 8 3 1 7 1 0 0 38 10
1975/76 17 4 5 1 5 0 0 0 37 5
1976/77 27 9 4 4 6 0 4 0 41 13
1977/78 30 11 2 0 6 1 0 0 38 12
1978/79 4 0 2 0 0 0 0 0 6 0
Ընդամենը 239 86 38 14 55 11 4 0 336 111
Նյուրնբերգ 1978/79 11 0 1 0 0 0 0 0 12 0
Ընդամենը 11 0 1 0 0 0 0 0 12 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 250 86 39 14 55 11 4 0 348 111

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118705598 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.zeit.de/politik/deutschland/2014-12/uli-hoeness-verdienstorden
  6. Хёнесс стал президентом «Баварии»(չաշխատող հղում)
  7. «Хёнесс вновь стал президентом «Баварии»». Championat.Ru. Rambler&Co. 2016 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. 8,0 8,1 «Bayern welcome back beloved Ex-con Hoeness». WorldFootball.Net (անգլերեն). HEIM:SPIEL Medien GmbH & Co. KG. 2016 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. «Ули Хенесс снова стал президентом «Баварии»». Sport-Express.Ru. «Спорт-Экспресс», АО. 2016 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. Ули Хёнесс снова выбран председателем наблюдательного совета «Баварии»
  11. Ули Хёнесс удостоился особой чести
  12. Тённис: тюрьма очень изменила Хённеса, он стал намного более вдумчивым
  13. Чемпионат Германии. Ули Хёнесс сел в тюрьму
  14. Президент немецкого футбольного клуба «Бавария» Ули Хёнесс приговорен к лишению свободы на 3,5 года
  15. «Тюремные завсегдатаи». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 29-ին.
  16. Хенесс исключен из «Зала славы» немецкого спорта
  17. Бывший президент «Баварии» досрочно вышел из тюрьмы, отбыв половину срока
  18. ««Меня спасло то, что я очень хотел спать»». Sovsport.Ru. «Советский спорт». 2016 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  19. 40 лет назад Ули Хенесс чудом выжил в авиакатастрофе: спас непристегнутый ремень и охотник на «Ниве»
  20. Кубок европейских чемпионов, Кубок ярмарок, Кубок УЕФА, Кубок обладателей кубков УЕФА.
  21. Суперкубок УЕФА, Межконтинентальный кубок.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլի Հյոնես» հոդվածին։