Շուշիի առաջին մելիքական ապարանք
Շուշիի առաջին մելիքական ապարանք, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում գտնվող 18-րդ դարի կառույց։
Շուշիի առաջին մելիքական ապարանքի հատակագծի լուսանկարը[1] | |
Տեսակ | աշտարակ և շինարարական կառույց |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Շուշիի շրջան |
Վայր | Շուշի |
Հիմնադրված է | 18-րդ դար |
Շուշիում պահպանվել են մի քանի մելիքական ապարանքներ, որոնք գտնվում են քաղաքի հարավարևելյան մասում։ Սակայն գրավոր վկայություններ այս շինությունների մասին հայտնի չեն։ Դրանցից մեկը Շուշիի առաջին մելիքական ապարանքն է։ Այն տեղակայված է քաղաքի հարավարևելյան մասում, ձորի վերին քարափի գրեթե եզրից 400 մ արևմուտք։ Քառաբուրգ, պարսպափակ ապարանքի շեշտված ամրոցակերպությունը հուշում է, որ այն կառուցվել ու գործել է որպես ինքնուրույն պաշտպանական կառույց։
Պատմություն
խմբագրելՇուշիի բերդ
խմբագրել18-րդ դարի վավերագրերի հիման վրա ապացուցված է, որ Շուշին որպես բերդ հիմնադրվել է Ղարաբաղի խանության կենտրոն դառնալուց շատ ավելի շուտ։ Մասնավորապես ակադեմիկոս Աշ․Հովհաննսիյանը փաստերով հիմնավորել է, որ «Փանահ խանի միջնաբերդն ու Ղարաբաղի խանության նստավայրը դարձած տեղում կառուցված բերդապարիսպների հիմնավորումը սկսել է Ավան Յուզբաշին դեռ 1724 թվականին։ Այն մասին,որ Ավան Յուզբաշին այստեղ զբաղված է եղել բերդապարիսպ կառուցելով, 1725 թվականին մի նամակում հայտնում է նաև գեներալ Մատյուշկինը»[2]։
Ուշագրավ է նաև Լեոյի տեղեկույթը․
Շուշին և սրա շրջակայքն էլ կազմում էին Ավան սպարապետի կալվածը։ Մինչ այժմ էլ Շուշիի հարավարևելյան ձորի ժայռը կոչվում է Ավանայ քերծ, այդ ժայռի ստորոտում երևում են ավերակներ, որոնք կոչվում են «Ամարաթներ», և ժողովուրդը պատմում էր, թե այդտեղ բնակվում էր Ավան Յուզբաշին[3]։
- Լեո
|
Ճարտարապետություն
խմբագրելՄելիքական ապարանքների ճարտարապետական հորինվածքներում միահյուսված են հայ հնագույն և Արցախ-Խաչենի իշխանական պալատաշինության, երկրամասի ամրոցաշինության և ժողովրդական բնակելի տան ճարտարապետության դարավոր ավանդույթները։ Որպես ամբողջովին քարակերտ գլխատան համալիրներ՝ մելիքական ապարանքները միաժամանակ ունեն խիստ յուրահատուկ ճարտարապետական նկարագիր, բնական միջավայրին հմտորեն ներդաշնակված հորինվածքներ, զուսպ և ազդու հարդարանք։
Ապարանքն ընդհանուր հատակագծում պարսպապատերով կազմված քառակուսի է՝ չորս անկյունում բոլորաձև, սնամեջ բուրգերով։ Հարավային շարքում պահպանվել են բուրգից բուրգ ձգվող 3,6 մ լայնությամբ բաժանմունքների պատերի և թաղածածկի հատվածներն ու բակահայաց բացվածքների հետքերը, արևելյան մասում՝ թաղածածկի ստորին շարքերը և սրանց տանիքից 1,5 մ բարձրությամբ չորսկան լայն դիտանցք-հրակնատներն ու որմնախորշերը։
Պարիսպներն ու բուրգերը պահպանվել են 6-7 մ բարձրությամբ։Ուշագրավ է ապարանքի հարավարևմտյան բուրգը, որի բարձրությունը 10 մ է, հիմնովին ավերվել է 1992 թվականին, հավանաբար ռմբակոծությունից։ Ինչպես պարսպի դիտանցքները, այնպես էլ այս շեշտված բուրգը ուղղված են դեպի այստեղից բացվող ամենահեռահորիզոն տեսադաշտը։ Սա վկայում է, որ ապարանքը կառուցվել և ինքնուրույն պաշտպանական դեր է կատարել քաղաքի բերդապարիսպների կառուցումից շատ ավելի վաղ։ Ապարանքը կառուցված է բաց երանգով կոպտատաշ որձաքարի կանոնավոր շարքերով, 1-1,2 մ հաստությամբ պատերով։ Սրբատաշ քարով է շարված միայն արտաքին մուտքն իր եզրամասերով, կիսաշրջանագծային կամարներով։
Ապարանքի դեր
խմբագրելԱրցախի մելիքական ապարանքները, այդ թվում և Շուշիի առաջին մելիքական ապարանքը, դարաշրջանի բերդերի և վանք-ամրոցների կողքին մեծ դեր են խաղացել երկրամասի պաշտպանության գործում՝ ինչպես պարսկաթուրքական պատերազմների շրջանում, այնպես էլ հարևան խանությունների ոտնձգությունների դեմ մարտերում։ Հատկապես մեծ է մելիքական ապարանքների դերը 17-18-րդ դարերի հայ ազգային-ազատագրական պայքարի գործում. ապարանքներն այդ պայքարի օջախներ էին՝ յուրօրինակ ամրացված «սղնախները»[4]։
Շուշիի առաջին մելիքական ապարանքում պահպանված գծաշար սենյակները խստորեն տարանջատված և հարմարեցված չեն բնակության համար, ըստ ամենայնի՝ դրանք ծառայել են որպես ամրացված ռազմական հենակետի զորանոցներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արտակ Ղուլյան Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները Արխիվացված 2021-05-02 Wayback Machine
- ↑ «Армяно-русские отношения в первой трети XVIII века». serials.flib.sci.am. II, մաս I. էջեր 140, 490. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Լեո,հատոր 3, գիրք Բ, էջ 140, ծանոթագրություն 4, հատոր 5, էջ 490
- ↑ Ղուլյան Ա., «ՄԵԼԻՔԱԿԱՆ ԱՊԱՐԱՆՔՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ» (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Հայաստան)
Հղումներ
խմբագրելՇահեն Մկրտչյան, Շուշիի պատմական հուշարձանները, 1979,էջ 50: Արխիվացված 2019-04-12 Wayback Machine