Մահամորմ
Մահամորմ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
Ընտանիք | Մորմազգիներ (Solanaceae) |
Ցեղ | Մահամորմ (Atropa) L., 1753 |
Շիկատակ, մահամորմ, լուսնի ծաղիկ, սնգույրատակ (լատին․՝ Atropa belladonna), մորմազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բազմամյա թունավոր խոտաբույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արմատները բազմաթիվ են և խոշոր։ 0,6-2 մ բարձրությամբ ցողունը կանգուն է և ճյուղավորվող։ Տերևները մուգ կանաչ են, հերթադիր, խոշոր, ամբողջաեզր։ Ծաղիկները մեկական են, տերևանութային, դարչնամանուշակագույն կամ կարմրագորշ։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը սև և փայլուն հատապտուղ է[1]։
Տարածված է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում։ Աճում է բացատներում, անտառների հատված ու հրդեհված հատվածներում, անտառեզրերին, խոնավ վայրերում[1]։
Հայտնի է մահամորմի 14 տեսակ, որից երկուսը՝ մահամորմ (A. belladonna) և մահամորմ կովկասյան (A. caucasica), հանդիպում են Հայաստանում[1]։
Արժեքավոր դեղաբույս է, բոլոր մասերը պարունակում են ալկալոիդներ, ատրոպին, հիոսցիամին, սաթաթթու և այլն։ Տերևների ու արմատների մզվածքը և թուրմն օգտագործվում են ստամոքսի խոցի, բրոնխային հեղձուկի, պարկինսոնյան և այլ հիվանդությունների բուժման համար։ Շիկատակի սխալ օգտագործումը կարող է թունավորումների, նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ Ծաղիկները գորշամանուշակագույն են, ցողունները՝ մերկ, թխակապույտ։ Ունի երկար վեգետացիայի շրջան[1]։
Նկարագրություն
խմբագրելՄինչև 2 մ բարձրությամբ, թունավոր բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է։ Ցողունները թխակապույտ են և մերկ։ Մինչև 20 սմ երկարությամբ և մինչև 12 սմ լայնությամբ տերևները ձվաձև խոշոր են, իսկ ծաղիկները՝ մանուշակագույն գորշավուն։ Բազմաթիվ սերմերով պտուղը սև է և փայլուն[2]։
Տարածվածություն
խմբագրելՀայտնի է Իջևանի, Լոռու և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակն աճում է նաև Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Հարավային Կովկասում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Ղրիմում, Անատոլիայում և Հյուսիսային Իրանում[2]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1700 մ բարձրությունների վրա, անտառներում, բացատներում և գետերի ափերին։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[2]։
Պահպանություն
խմբագրելԽոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում և «Դիլիջան» ազգային պարկում[2]։
Տեսակներ
խմբագրել- Atropa acuminata Royle ex Lindl.
- Atropa baetica Willk.
- Atropa belladonna L.
- Atropa caucasica Kreyer
- Atropa komarovii Blin. et Shal. (1945) (=Atropa lutescens Blin. et Shal. (1944))
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Armando T. Hunziker։ The Genera of Solanaceae. A.R.G. Gantner Verlag K.G., Ruggell, Liechtenstein 2001, ISBN 978-3-904144-77-3.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահամորմ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահամորմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 183)։ |