Շետլանդական պոնի

Շետլանդական պոնի, ձիերի ցեղատեսակ, պոնի։ Ցեղատեսակը ձևավորվել է Շետլանդյան կղզիներում (Շոտլանդիա

Շետլանդական պոնին ձիերի ամենատարածված ցեղատեսակներից մեկն է և պոնիներից ամենատարածվածը[1]։

Ցեղատեսակի պատմություն խմբագրել

Ցեղատեսակի ստույգ ծագումը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ Շետլանդական պոնիները ծագել են փոքրիկ տնային ձիերից, որոնք մոտ 2500 տարի առաջ բերվել են Շետլանդյան կղզիներ մայրցամաքային Եվրոպայից[2]։

Տվյալ տարածաշրջանի անբարենպաստ կլիմայական պայմանները և պոպուլյացիայի մեկուսացումը հանգեցրել են անասունների չափերի փոքրացմանը։ Անբարենպաստ կլիմայական պայմանները, որոնցում ձևավորվել է ցեղատեսակը, հիմք են հանդիսացել այդ ձիերի բարձր դիմացկունության զարգացման համար[2][3]

Ցեղատեսակի առաջին ցեղային պաշտոնական գիրքն ստեղծվել է 1890 թվականին Շետլանդյան կղզիների կազմում ընդգրկված Մեյնլենդ կղզում[2]

Նկարագրություն խմբագրել

Շետլանդական պոնին փոքրիկ, բայց ամուր կազմվածքով ձի է, որը ընդհանուր կերպարով հիշեցնում է ծանրաքաշ ձիու[1]։ Նրանք առանձնանում են իրենց խիտ մազածածկույթով, ունեն երկար մազերով պոչ և բաշ[2]։

Այս տեսակի ձին ունենում է 65-110 սանտիմետր հասակ[3], իսկ նրանց միջին քաշը 150-180 կիլոգրամ է[4]։

Ցեղատեսակի ներսում արտահայտվում են երկու հիմնական ֆենոտիպային գծեր․ դրանցից մեկը թեթև է, ունի բարակ ոսկոր, փարթամ պոչ և գեղեցիկ նուրբ գլուխ, երկրորդ գիծն ավելի ծանր է, ոսկորոտ, արտաքինից հիշեցնում է ծանրաքաշ ձիու[4]։

Շետլանդական պոնիների մոտ ցայտուն արտահայտված է սեզոնային մազաթափումը, և այդ ձիերի ձմեռային և ամառային մազածածկույթները շատ տարբեր են։

Գլուխը փոքր է, լայն ճակատով և ուղիղ քիթով։ Քթանցքները լայն են, բարձր դիրքով։

Ականջները փոքր են և լայն տեղադրությամբ։ Աչքերը մեծ են, հիմնականում մուգ։ Շետլանդական պոնիների առանձնահատկությունն այն է, որ նրանք երբեմն ունեն կապույտ աչքեր, ինչը ընդունելի է՝ ըստ ցեղատեսակի ստանդարտի[4]։

Վիզն ուղիղ է, արտահայտված վզակոթով։ Մեջքը կարճ է, ավարտվում է հզոր գավակով։ Ոտքերը կարճ են, արտահայտված մկանոտ հոդերով և բարձր կոճով։

Շետլանդական պոնիների կյանքի միջին տևողությունը կազմում է մոտ 30 տարի[3]։ Այս ձիերը իրենց հասուն չափերին հասնում են 6-7 տարեկանում, իսկ մինչ այդ համարվում են քուռակներ[4]։

Կիրառություն խմբագրել

Շետլանդական պոնիները հիմնականում օգտագործվում են բեռներ փոխադրելու համար, քանի որ այս ձիերը ի վիճակի են երկար տարածությունների վրա տեղափոխել բեռներ, որոնք զգալիորեն գերազանցում են իրենց քաշը։ Սեփական քաշի և նրանց կրած բեռներին հարաբերակցությամբ այս ցեղատեսակի ձիերը կարելի է համարել ամենահզոր ձիերից մեկը[2]։

Շետլանդական պոնիները նաև ակտիվորեն օգտագործվում են երեխաների ձիավարման և մանկական ձիասպորտի համար[5]։

Իրենց տարածվածության շնորհիվ այս ցեղատեսակի ձիերն օգտագործվում են նաև կրկեսային ներկայացումների համար, ցուցադրվում են շատ կենդանաբանական այգիներում[2]։ Նաև օգտագործվում են ձիավարության բուժական դասընթացների համար[1]։

Բացի այդ, Շետլանդական պոնին օգտագործվում են որպես ուղեկից-ձիեր կույրերի համար[1]։

Այս ցեղատեսակի ձիերը վարելիս կարող են կրել մինչև 60 կիլոգրամ քաշ, իսկ լծասարք օգտագործելու դեպքում կարող են քաշել մինչև 300-350 կիլոգրամ[4]։

Բնավորություն խմբագրել

Շետլանդական պոնիներն անչափ հավատարիմ են մարդկանց[6], ինչը թույլ է տալիս նրանց պահել որպես կույրերին ուղեկցողներ։ Դանից բացի, պահվում են որպես ընտանի կենդանիներ[7]

Հեշտ են վարժեցվում, ունեն բավականին բարձր ինտելեկտ։ Ակտիվ են, հետաքրքրասեր, սիրում են շարժվել[6]։

Շետլանդական պոնիները հանգիստ են և հավասարակշռված[6], ինչը հնարավորություն է տալիս ձիավարություն սովորեցնել երեխաներին։ Կայուն հոգեբանությունը թույլ է տալիս նրանց օգտագործել աշխատանքում, ներառյալ բարձր ձայնի աղբյուրների և այլ նյարդայնացնող գործոնների առկայության պայմաններում։

Առողջություն խմբագրել

Շետլանդական պոնին, չնայած այս ձիերի ընդհանուր բարձր դիմացկունությանը, ունի առողջության հետ կապված մի շարք առանձնահատկություններ։ Այս ցեղատեսակի հիմնական առանձնահատկություններից մեկը մեծ ախորժակի պատճառով պոնիի ճարպակալման բարձր հակումն է[2]։ Քաշի ավելացումը կարող է մեջքի և մկանների խնդրների պատճառ դառնալ, դրա համար պետք է հետևել, որպիսի նրանք շատ չուտեն։

Ընդհանուր առմամբ, այս ցեղատեսակը շատ դիմացկուն է, և հեշտ է հարմարվում ցածր ջերմաստիճանի պայմաններին[8]։

Խնամքի առանձնահատկություններ խմբագրել

Չնայած շետլանդական պոնիներն ունեն երկար մազեր, սակայն հատուկ խնամք չի պահանջվում, նրանց մազերը հաճախակի սանրելու կարիք չի լինում, ինչն էլ ավելի է հեշտացնում նրանց պահելը[8]։

Այս ցեղատեսակի ձիերը բավականին պահանջկոտ են լծի համար, այն պետք է լավ տեղավորվի, որպեսզի բացառվի մարմնի հետ շփման վայրերում քերծվածքների առաջացումը[8]։ Ցեղատեսակի ներսում գոյություն ունեն մի շարք տարբեր տեսակներ, որոնք կարող են չափսերով զգալիորեն տարբերվել, ուստի յուրաքանչյուր ձիու համար անհրաժեշտ է ընտրել առանձին թամբ։

Այս ցեղատեսակի ձիերի ուշ ձևավորման պատճառով թամբելուն կամ լծելուն նրանց վարժեցումը հնարավոր է միայն կյանքի չորրորդ տարվանից սկսած[4]։

Ցեղատեսակի հայտնի ներկայացուցիչ խմբագրել

Սոկս անունով շետլանդական պոնին դարձել է հեռուստաաստղ և YouTube-ի աստղ այն գովազդային հոլովակում նկարահանվելուց հետո[9]։ Հոլովակը հրապարակվել էր բրիտանական Three բջջային օպերատորի կողմից։ Տեսանյութի հրապարակումից մի քանի ամիս անց BBC 1-ը վավերագրական ֆիլմ է պատրաստել հոլովակում նկարահանված ձիու մասին։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Шетлендский пони - крошка с душой большой лошади». animalsglobe.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 admin. «Шетлендский пони | Lovehorses.ru» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Сто пород лошадей!: Шетлендский (шетландский) пони!». Сто пород лошадей!. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Шетлендский пони (фото), порода лошадей». zooclub.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. Купила мама коника // Коммерсантъ.
  6. 6,0 6,1 6,2 «Пони». zveridikie.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. «Пони в качестве домашнего питомца: все «за» и «против»». brothers-smaller.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին. {{cite web}}: Text "Всё о домашних животных." ignored (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 «Разведение пони в домашних условиях: содержание, кормление, уход» (ռուսերեն). agronomu.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  9. «Նա մի փոքրիկ ձի է։» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.