Շամքորի ճակատամարտ (1826)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամքորի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Շամքորի ճակատամարտ, ռուս-պարսկական պատերազմի (1826-1828) խոշոր ճակատամարտերից։ Տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին, Շամքոր գյուղի մոտ (այժմ՝ քաղաք Շամքոր, Ադրբեջան)՝ Շամքորչայ գետի ափին։ Պարսկական զորքը (40 հազար մարդ), գահաժառանգ Աբբաս Միրզայի հրամանատարությամբ ներխուժելով Ղարաբաղ, մտադիր էր գրավել ռազմաստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող Շուշի ամրոցը և ապա շարժվել Թիֆլիս, գրավել այն և վերջ տալ ռուսական տիրապետությանը Հարավային Կովկասում։ Սակայն ռուսական կայազորի և հայ ազգաբնակչության կողմից Շուշիում հերոսական պաշտպանությունը պարսկական զորքերի մի նշանակալի մասը գամեց Շուշիին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/Shamkir_minaret_Mesherskiy.jpg/220px-Shamkir_minaret_Mesherskiy.jpg)
Պարսկական 10 հոգանոց մի զորամաս Ամիրխանի գլխավորությամբ Ղազախի վրայով շարժվեց դեպի Թիֆլիս, բայց Շամքոր գետի ափին նրա դեմ ելավ գեներալ Վալերիան Մադաթովի գլխավորած 2 հազարանոց ռուսական զորաջոկատը, որի կազմում գործում էին հայկական աշխարհազորային ջոկատները (Գալուստ Մանոլչարյանի, Ասրի Բահաթրյանի և այլոց գլխավորությամբ)։ Շամքորի ճակատամարտում ռուսական, զորքը ջախջախեց պարսիկներին, որից հետո սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի (Գանձակ) ճակատամարտում ջախջախեց Աբբաս-Միրզայի գլխավորությամբ այստեղ փութացած պարսկական 25 հազարանոց բանակը։
Շամքորի ճակատամարտում աչքի ընկած բազմաթիվ հայեր արժանացան կառավարական պարգևների։ Այն սկիզբ դրեց ռուսական զորքի հաղթանակներին՝ 1826-1828 թվականի ռուս-պարսկական պատերազմում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 443)։ ![]() |