Նորք (քաղաքական հանդես)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորք (այլ կիրառումներ)
«Նորք», գրական, գիտական և քաղաքական հանդես։ Լույս է տեսել 1922-ից 1926 թվականներին, 1928 թվականին, Երևանում (8 գիրք)։ Խմբագիրներ՝ Ա․ Հովհաննիսյան, Ա․ Մռավյան, այնուհետև՝ խմբագրական կոլեգիա (1928 թվականին)։ Նպատակն էր արձանագրել նոր կյանքի ճանապարհին հայ աշխատավորի ձեռք բերած հաջողությունները, պարզաբանել տնտեսության ու մշակույթի բնագավառների անելիքները, լուսաբանել անցյալի իրադարձությունները մարքսիստական պատմագիտության տեսանկյունով։ Հանդեսը ճիշտ դիրքորոշում ուներ գրական և մշակութային ժառանգության գնահատման հարցերում, մերժում էր պրոլետկուլտականությունը։ Հ․ Թումանյանի, Վ․ Տերյանի, Ա․ Շիրվանզադեի, Լեոյի գործերի կողքին տպագրել է Ե․ Չարենցի, Դ․ Դեմիրճյանի, Մ․ Արազու, Մ․ Մանվելյանի, Ս․ Զորյանի, Ն․ Զարյանի, Ա․ Բակունցի, Մ․ Արմենի և այլոց ստեղծագործություններ։ «Նորք» հանդեսի գործունեության էական մասն են կազմել գրական-քննադատական հոդվածները (Ա․ Հովհաննիսյան, Ա․ Կարինյան և ուրիշներ), որոնցում մերժվում էին ժամանակի անընդունելի տեսակետները։ Թարգմանական բաժինը ներկայացրել է ռուս և եվրոպական գրականության լավագույն նմուշներ։ Գիտական և քաղաքական բաժիններում հրատարակված Ս․ Կասյանի, Թ․ Ավդալբեգյանի, Ե. Շահազիզի, Աշխարհբեգի և ուրիշների հոդվածները հիմնականում առնչվում են հայ ժողովրդի պատմության տարբեր շրջանների խնդիրներին։ «Մոտիկ անցյալից» խորագիրը ներկայացրել է հուշագրություններ, վավերագրեր, մեկնաբանություններ ևն, որոնք վերաբերում են XX դարի հասարակական-քաղաքական կացությանը Անդրկովկասում (մասնավորապես Հայաստանում)։ Անդրադարձել է նաև հայ սովետական պարբերականների գործունեությանը, տպագրել մամուլի տեսություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 395)։ |