Նորմա Խուրի

hորդանանցի-ամերիկացի գրող

Նորմա Խուրի (նաև հայտնի է որպես Նորմա Բագաին, Նորմա Տոլիոպուլոս, մայիսի 15, 1970(1970-05-15), Ամման, Հորդանան), հորդանանցի-ամերիկուհի գրող, միջազգային ճանաչում ստացած շահախարդախ, աֆերիստ։ Նա համբավ ձեռք բերեց 2002 թվականին այն բանից հետո, երբ գրել էր, իր պնդմամբ, ինքնակենսագրական գիրք՝ «Արգելված սեր»։ Գրքում Խուրին պատմել է այն մասին, թե ինչպես է իր լավագույն ընկերուհի Դալիան զոհվել 1990-ականներին Հորդանանում տարածված պատվո սպանության պատճառով, ինչին ականատես էր եղել Խուրին։

Նորմա Խուրի
Ծնվել էմայիսի 15, 1970(1970-05-15) (53 տարեկան)
ԾննդավայրԱմման, Հորդանան
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Հորդանան[1]

2004 թվականին գիրքը ճանաչվեց կեղծիք, քանի որ այն պարունակում էր մեծ թվով փաստական ​​սխալներ. Խուրին ինքը բնակվում էր Միացյալ Նահանգներում Հորդանանում իր լավագույն ընկերոջ «սպանության» պահին, և Հորդանանի իրավապաշտպան կազմակերպությունները չեն գտել ոչ մի սպանություն, որը կհամապատասխանի գրքում ներկայացված նկարագրություններին։

2007 թվականին Նորմա Խուրիի և նրա գրքի մասին նկարահանվել է «Արգելված սուտ» վավերագրական ֆիլմը, որը մի քանի մրցանակների է արժանացել միջազգային կինոփառատոներում։

Գործունեություն խմբագրել

Նորմա Խուրիի հասարակական կարիերան սկսվել է մոտ 2000 թվականին, երբ նա կապ է հաստատել Նյու Յորքի պրոֆեսիոնալ գրական գործակալ Քրիստի Ֆլետչերի հետ ինքնակենսագրական վեպի համար։ Խուրին պնդում էր, որ ծնվել և մեծացել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, պատմել է 1990-ականներին իր լավագույն ընկերուհի Դալիայի՝ պատվի պատճառով սպանության մասին։ Ըստ Խուրիի կենսագրության՝ նա Դալիայի հետ գործընկեր է եղել, միասին վարսավիրանոց են աշխատեցրել։ Վարսավիրանոցի հաճախորդներից մեկը Միխայիլ անունով զինվորական էր։ Նա սիրահարվել է Դալիային։ Որոշ ժամանակ Դալիան ու Միխայիլը ժամադրվել են՝ այդ փաստը խնամքով թաքցնելով Դալիայի հարազատներից ու ընկերներից, իսկ Նորման օգնել է սիրահարներին պահպանել գաղտնիքը։ Նրանք չէին կարող ամուսնանալ, քանի որ Դալիան մուսուլման էր, իսկ Միխայիլը՝ քրիստոնյա։ Ի վերջո Դալիայի ընտանիքը իմացել է գաղտնի սիրավեպի մասին, և հայրը դանակահարել ու սպանել է դստերը։ Հորը կարճ ժամանակով ձերբակալել են, սակայն շարիաթի դատարանը թույլ է տվել նրան ազատ արձակել բանտից՝ գրավի դիմաց։ Դրանից հետո Խուրին, վախենալով, որ նա նույնպես կսպանվի Դալիայի գործին աջակցելու համար, Մայքլի օգնությամբ փախել է Հունաստան և, նստելով ինտերնետ սրճարանում, գիրք է գրել Դալիայի սպանության մասին՝ արևմտյան հանրության ուշադրությունը հրավիրելու համար։ Արաբական երկրներում պատվի համար սպանությունը ամենամեծ խնդիրներից է[2]

Ֆլետչերը հետաքրքրվեց գրքով, և Խուրին նրան ուղարկեց վեպը։ Ֆլետչերը չի ստուգել՝ արդյո՞ք Խուրիի պատմությունը ճշմարիտ է, և գիրքն առաջարկել է աշխարհի 16 հրատարակիչների։ Երկու հրատարակիչներ փորձել են ինքնուրույն գնահատել գրքի ճշմարտացիությունը՝ ViacomԱՄՆ-ում և Transworld PublishersՄեծ Բրիտանիայում։ Երկուսն էլ չկարողացան բացահայտել խաբեությունը։ Համարելով, որ Խուրիի պատմությունը ճշմարիտ է և հավատալով, որ նա իսկապես կին է նահապետական ​​իսլամական երկրից, ով ուներ բոլոր հիմքերը վախենալու իր կյանքի համար, Random House-ը 2002 թվականին[3] աջակցեց Խուրիի խնդրանքին՝ Ավստրալիայի վիզա ստանալու համար «Մեծ տաղանդ ունեցողների» կատեգորիայում։ Եվ նրան տրամադրվեց երկրում մշտական ​​բնակության իրավունք[4]։ Խուրին վիզա ստացավ և բնակություն հաստատեց Ավստրալիայում՝ Բրիսբենի մոտ գտնվող Բրիբի կղզում, Նորմա Ալբակիին անունով, Ջոն Տոլիոպուլոս անունով ամերիկացու և երկու երեխաների՝ տղայի և աղջկա հետ միասին։ Նա բացատրեց հարևաններին և նոր ընկերներին, որ Տոլիոպուլոսը մեկն էր նրանցից, ովքեր օգնեցին իրեն փախչել Հորդանանից[5], իսկ երեխաները ինչ-որ մարմնավաճառի երեխաներ էին,մայրը փախավ և լքեց նրանց, երբ նրանք երեք տարեկան էին[6]։

Գրքի հաջողություն խմբագրել

Հրատարակվելուց հետո Խուրիի գիրքն անմիջապես դարձավ բեսթսելլեր անգլիախոս աշխարհում։ Այն հայտնվեց շատ հարմար պահի. 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո արևմտյան աշխարհը շահագրգռված էր ավելին իմանալ արաբական մշակույթի և նրա բարբարոսության մասին[7].: «Արգելված սերը» լավ տեղավորվում էր իսլամական երկրներում կանանց իրավունքների վերաբերյալ արևմտյան կարծրատիպային դիսկուրսի մեջ, և նյութը ականատեսի վկայության տեսքով ներկայացնելը դժվարացնում էր քննադատությունը, քանի որ մարդու իրավունքների համատեքստը ենթադրում էր անվերապահ վստահություն տրավմատիկ իրադարձությունների զոհերի վկայությունների հանդեպ[8]։ Խուրին անմիջապես գտավ մեծ թվով երկրպագուներ, այդ թվում՝ Էլիզաբեթ Չեյնին՝ այն ժամանակ Ամերիկայի փոխնախագահ Դիք Չեյնիի դուստրը[9]։

2004 թվականի դրությամբ «Արգելված սերն» ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 300․000 օրինակով[10].

Գիրքը լավագույնս վաճառվել է Ավստրալիայում[11]։ : Ավստրալացիները քվեարկել են «Արգելված սերը» բոլոր ժամանակների հարյուր լավագույն գրքերի ցանկում ներառելու համար։ Այն 55-րդ տեղում էր[2]։

Խուրին հարցազրույցներ է տվել, մասնակցել գրքի տոնավաճառներին և իր պատմությամբ շրջել աշխարհով մեկ՝ հայտնվելով հեռուստատեսային շոուներում[3] և բոլորին ցույց տալով մատանին, որը նա անվանել է սպանված Դալիայի նշանադրության մատանին[12]։

Նախատեսվում էր թողարկել «Պատվի հարց» կոչվող գրքի շարունակությունը, որը նկարագրում էր Խուրիի «առաջին» տպավորությունները Հունաստանում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում ազատ կյանքի մասին[10]։

Կեղծիքի բացահայտում խմբագրել

Գրքի հրատարակումից գրեթե անմիջապես հետո լուրջ հարցեր սկսեցին ծագել դրա բովանդակության վերաբերյալ։ Հարցերով բացահայտվում էր հեղինակի ծայրահեղ վատ իմացությունը Հորդանանի կյանքի իրողությունների և նույնիսկ աշխարհագրության մասին։ Ինքը՝ Խուրին, նույնպես որոշ զարմանք առաջացրեց իր հետ շփվող մարդկանց շրջանում, քանի որ, Հորդանանում ապրելով մոտ 25 տարի, նա հիաանալի խոսում էր անգլերեն՝ հստակ ամերիկյան առոգանությամբ, բայց վատ էր խոսում արաբերեն[7]։ Այնուամենայնիվ, Արևմուտքում ընթերցողների մեծամասնությունը Խուրիի պատմությունն իրական էր համարում։

Հորդանան խմբագրել

Առաջինը ուշադրություն դարձրին այս փաստին հորդանանցիները։ Լրացուցիչ վստահություն ներշնչելու նպատակով՝ Խուրին իր գրքի վերջում ներառեց Հորդանանում կոնտակտների ցանկը և խրախուսեց իր ընթերցողներին գրել այդ մարդկանց՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու պատվի սպանությունները երկրում։ Ցուցակում ներառված էր Jordan Times թերթի հայտնի լրագրող Ռանա Հուսեյնիի էլ.փոստի հասցեն։ Երբ Հուսեյնիի էլեկտրոնային փոստարկղը սկսեց լցվել մտահոգ ընթերցողների ագրեսիվ նամակներով, նա իմացավ Խուրիի գրքի մասին, և գիրքը նրան դուր չեկավ։ Հորդանանի իրավապաշտպան խմբի ղեկավար Ամալ ալ-Սաբբահի հետ Հուսեյնին հետաքննություն է սկսել և կազմել գրքում տեղ գտած փաստացի սխալների ցուցակը՝ բաղկացած 73 կետից[13]։

Այսպես, օրինակ, «Արգելված սեր» գրքում ասվում էր, որ Հորդանանը սահմանակից է Եգիպտոսին, Լիբանանին և Քուվեյթին (սահմանակից չէ), և որ հին ժամանակներում Հորդանան գետի ջրերը հասնում էին Ամման (չեն հասնում)։ Այնուհետև պարզվեց, որ Հորդանանում անօրինական է վարսավիրանոցների ստեղծումը, որտեղ կանայք կտրում են տղամարդկանց մազերը, և այդպիսով Միխայիլի հանդիպումը նրա մազերը կտրած Դալիայի հետ չի կարող իրականություն լինել։ Հորդանանի շարիաթի դատարանը չի զբաղվում պատվի սպանությամբ, ուստի Դալիայի հայրը չէր կարող ընկնել շարիաթի դատարանի ձեռքը։ Մարդասպաններին գրավ չի առաջարկվում, հետևաբար Դալիայի հայրը չէր կարող գրավի դիմաց ազատություն ստանալ։ Բացի այդ, գիրքը պարունակում էր բազմաթիվ անախրոնիզմներ. գրքի հերոսները վճարում էին հաշիվներով և ծխում ծխախոտ, որոնք գոյություն չունեին Հորդանանում 1990-ականներին, և նշվում էր հյուրանոց, որը դեռ չէր կառուցվել։ Այս անհամապատասխանությունները կասկածի տակ են դնում Խուրիի գրքում նկարագրված իրադարձությունների իսկությունը։ Բացի այդ, Sabbah իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ հետևում էր երկրում պատվի սպանություններին, և չնայած դրան, ոչ իրենք, ոչ գործընկերները չկարողացան գտնել որևէ սպանություն, որը համապատասխանում է գրքին[14][15]։

Ավստրալիա խմբագրել

Նույն ժամանակահատվածում Նորմա Խուրիին նկատել է ավստրալական The Sydney Morning Herald թերթի խմբագիր Մալքոլմ Նոքսը։ Նա 18 ամիս անցկացրեց հետաքննություն վարելով և լրագրող Քերոլայն Օվերինգթոնի օգնությամբ պարզեց, որ Նորմա Խուրին, ով հանրությանը հայտնի էր որպես միայնակ հորդանանցի կին, իրականում 27 տարի ապրել է Միացյալ Նահանգներում, և այնտեղ նա հայտնի էր որպես Նորմա Բագաին Տոլիոպուլոս, որ նա ոչ միայն ամուսնացել է իր «օգնական» Ջոն Տոլիոպուլոսի հետ, այլև «մարմնավաճառի» երեխաների իրական մայրն է։ Նոքսը մեկնեց Միացյալ Նահանգներ և անձամբ խոսեց Խուրիի ընտանիքի և հարևանների հետ, ովքեր հայտնեցին, որ Խուրին հանկարծակի հեռացել է Չիկագոյից 1999 թվականին՝ խզելով կապերը նրանց հետ[16], և որ նրանից ոչ մի լուր չի եղել մինչև գրքի հրատարակումը։

Համաձայն Նոքսի ջեռք բերած տեղեկույթունների՝ Խուրին ծնվել է 1970 թվականի մայիսի 15-ին Ամմանում, մեխանիկ Մաջիդ Բաղաինի և նրա կնոջ՝ Ասմայի ավագ դուստրն է։ 1973 թվականին Մաջիդը, Ասման և Նորման տեղափոխվել են ԱՄՆ։ Այսպիսով՝ Խուրին այս երկրում ապրել է երեք տարեկանից։ Մաջիդն ու Ասման Խուրիից բացի ևս չորս երեխա են ունեցել՝ Դիանան, Ռիտան, Մայքլը և Ուիլյամը։ 1986 թվականին Խուրիի ծնողները բաժանվել են, բայց պաշտոնապես դա տեղի է ունեցել 1994 թվականին։ Մաջիդը վերադարձել է Հորդանան, իսկ Ասման և իր երեխաները մնացել են Ամերիկայում։ Այս ամբողջ ընթացքում Խուրին ապրել է Չիկագոյում։ 1993 թվականի նոյեմբերի 27-ին[3] (Chicago Tribune հրատարակչությունը նշել է 1989 թվականը[17]) նա ամուսնացել է ծնունդով հույն Ջոն Տոլիոպուլոսի հետ, որից 1991 թվականին ծնվել է դուստրը՝ Զոյին, իսկ 1993 թվականին՝ որդին՝ Քրիստոֆերը։

2004 թվականի հուլիսի 24-ին The Sydney Morning Herald-ը հրապարակեց Մալքոլմ Նոքսի ջախջախիչ հոդվածը, որը ներկայացնում էր Խուրիի իրական կենսագրությունը։ Սակայն խարդախն ընդհանրապես չէր ընդունում պարտությունը։ Ընդհակառակը, նա ճշմարտության մերկացման բոլոր փորձերին կատաղի դիմադրում էր պնդումներով, որ իր պատմությունը ճշմարիտ է, որ իր խեղճ ընկերուհի Դալիան իսկապես սպանվել է, և որ նա պարզապես փոխել է գրքի որոշ տեղեկություններ՝ իրեն և գլխավոր հերոսներին պաշտպանելու համար։ Խուրիի մասին հարցեր առաջացել էին դեռևս Նոքսի հոդվածից առաջ, բայց յուրաքանչյուր հարցի համար նա կայծակնային արագությամբ բացատրություն էր մտածում։

Նոքսի հոդվածի հրապարակումից երկու օր անց Random House-ը, որը նախկինում միշտ Խուրիի կողմնակիցն էր, չկարողացավ անտեսել ծավալվող սկանդալը։ Այն հետ կանչեց «Արգելված սերը» խանութներից և Խուրիից պահանջեց մի քանի շաբաթվա ընթացքում հավաքել իր պատմության ճշմարտացիության ապացույցները[18]։ Խուրին խանդավառությամբ խոստացել էր նրանց տրամադրել փաստեր,սակայն գաղտնի լքեց Ավստրալիան՝ երեխաներին թողնելով ընկերուհու խնամքին։ Հրատարակչությունը երբեք որևէ ապացույց չի ստացել։ Իսկ ընկերուհին, նույնպես չսպասելով Խուրիից լուրերի, նրա մեկնելուց երկու ամիս անց կապվեց ամերիկյան հյուպատոսության հետ՝ խնդրելով երեխաներին ուղարկել Ամերիկա՝ մոր մոտ[19]։

Վավերագրական ֆիլմ խմբագրել

2007 թվականին ռեժիսոր Աննա Բրոինովսկին Խուրիի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է Forbidden Lie։ Սկզբում Բրոինովսկին ցանկանում էր օգնել գրողին՝ վերականգնելու իր բարի անունը, քանի որ Խուրին հավաստիացրել էր Բրոյնովսկուն, որ Հորդանանում գտնվելու դեպքում նա հեշտությամբ կներկայացնի իր պատմության ճշմարտացիության բոլոր անհրաժեշտ ապացույցները[26]: Այնուամենայնիվ, երբ նկարահանող խումբը ժամանեց Հորդանան, պարզվեց, որ Ամմանում ոչ ոք երբևէ չի իմացել Խուրիին, Դալիային կամ նրանց վարսավիրանոցը, որ Ամմանի փողոցներն ու տարածքները կառուցված չեն այնպես, ինչպես նկարագրել է Խուրին, և որ Հորդանանի պաշտոնյաները փաստաթղթերի պահոցներում չկարողացան գտնել Դալիայի պատմությանը նման սպանությունների մասին գրառումներ։

Սակայն ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ՝ 2007 և 2008 թվականներին շահելով մի քանի մրցանակ տարբեր կինոփառատոնների մի քանի անվանակարգերում․

  • 2007, Ավստրալական կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության մրցանակը՝ լավագույն վավերագրական ֆիլմ և վավերագրական ֆիլմի լավագույն մոնտաժ անվանակարգերում,
  • 2008, ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ՝ վավերագրական ֆիլմի լավագույն սցենար անվանակարգում,
  • 2008, Սան-Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն, ժյուրիի հատուկ մրցանակ՝ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում։

Գրքի թարգմանությունների ցանկ խմբագրել

  • Բնօրինակը անգլերեն,
  • Արաբերեն, ‏نورما خوري شرف ضائع :‏ ‏الحب والموت في الأردن. — دمشق: قدمس للنشر والتوزيع, 2004.
  • Բուլղարերեն, Норма Хури Поругана чест. — София: Емас, 2005.
  • Հոլանդերեն, Norma Khouri Ferboden liefde: De eremoord op mijn hartsvriendin Dalia / Vertaald door Wim Scherpenisse. — Uitgeverij Arena, 2002.
  • Դանիերեն։ Norma Khouri Forbudt kærlighed / Översättare: Sture Jensen. — Lademann, 2003.
  • Իսպաներեն, Norma Khouri Honor perdido: Una historia verdadera de amor y de muerte en Jordania. — Barcelona: Plaza & Janes, 2004.
  • Իտալերեն,Norma Khouri L' amore ucciso: Un delitto d'onore nella Giordania di oggi. — Mondadori, 2003.
  • Գերմաներեն, Norma Khouri Du fehlst mir, meine Schwester. — Wunderlich im Rowohlt, 2003.
  • Լեհերեն, Norma Khouri Utracony honor / Tłumaczenie: Piotr Amsterdamski. — Albatros, 2005.
  • Սինգալերեն, Norma Khouri දයාබර ඩාලියා / перевод: දිලීප ජයකොඩි. — පහන් ප්‍රකාශකයෝ.
  • Թայերեն, Norma Khouri รักต้องห้าม / แปลโดย : โรจนา นาเจริญ. — กรุงเทพฯ: สำนักพิมพ์มติชน, 2004.
  • Ֆիններեն, Norma Khouri Kunniamurha: rakkaus ja kuolema nykypäivän Jordaniassa. — WSOY, 2003.
  • Ֆրանսերեն, Norma Khouri Pour l'honneur de Dalia. — JC Lattès, 2002.
  • Շվեդերեն, Norma Khouri Förlorad heder: En sann berättelse om hedersmord, kärlek och vänskap / Översättare: Eva Mazetti-Nissen. — Stockholm: Prisma, 2003.
  • Էստոներեն, Norma Khouri Kaotatud au: Armastus ja surm tänapäeva Jordaanias / Tõlkinud: Karin Suursalu. — Sinisukk, 2003.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France Record #14444587g // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. 2,0 2,1 The lies stripped bare // The Sydney Morning Herald. — 2004.
  3. 3,0 3,1 3,2 Bestseller's lies exposed // The Sydney Morning Herald. — 2004. Архивировано из первоисточника 2018թ․ դեկտեմբերի 31.
  4. Khouri can stay in Australia: Vanstone // The Sydney Morning Herald. — 2004. Архивировано из первоисточника 2019թ․ հունիսի 4.
  5. Khouri - the troubled life of a fake // The Age. — 2004. Архивировано из первоисточника 4 Հունիսի 2019.
  6. Anna Broinovski (2007). Forbidden Lie$ (документальный фильм). США, Иордания. Event occurs at 31:40. Արխիվացված օրիգինալից 2018թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  7. 7,0 7,1 Iain McCalman The Empty Chador // The New York Times. — 2004. Архивировано из первоисточника 2015 թ․ մայիսի 28.
  8. Kelly Jean Butler Witnessing Australian Stories: History, Testimony, and Memory in Contemporary Culture. — Routledge, 2017. — С. 193.
  9. Never-ending story's secrets and lies // The Sydney Morning Herald. — 2007. Архивировано из первоисточника 2019 թ․ հունիսի 4.
  10. 10,0 10,1 Khouri Admits Lies // The Sydney Morning Herald. — 2004. Архивировано из первоисточника 4 Հունիսի 2019.
  11. Khouri Fights Back // The Sydney Morning Herald. — 2004. Архивировано из первоисточника 2019թ․ հունիսի 4.
  12. Steven Salaita Arab American Literary Fictions, Cultures, and Politics. — Palgrave Macmillan US, 2006. — С. 88.
  13. Gillian Whitlock Soft Weapons: Autobiography in Transit. — University of Chicago Press, 2010. — С. 108—109.
  14. Anna Broinovski (2007). Forbidden Lie$ (документальный фильм). США, Иордания. Event occurs at 18:00. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  15. Rana Husseini Chapter 10. Two Steps Back // Murder in the Name of Honor: The True Story of One Woman's Heroic Fight Against an Unbelievable Crime. — Oneworld Publications, 2009.
  16. We were inseparable, says hoaxer's Chicago flatmate // The Sydney Morning Herald. — 2004. Архивировано из первоисточника 2018 թ․ դեկտեմբերի 31.
  17. Jon Yates, Mickey Ciokajlo, Kirsten Fogg Author's stardom stained by plot twist // Chicago Tribune. — 2004.
  18. Khouri children still in friend's care // The Sydney Morning Herald. — 2004. Архивировано из первоисточника 2020թ․ սեպտեմբերի 28.
  19. Publisher fails to reel Khouri in // The Sydney Morning Herald. — 2004.