Նոկտյուռն (ֆր.՝ nocturne — «գիշերային», իտալ.՝ notturno[1], ցայգերգ, ցայգանվագ), տարատեսակ երաժշտական ստեղծագործություններին (սովորաբար գործիքային, հազվադեպ՝ վոկալ) տրվող անվանում։ Ֆրանսերեն nocturne բառն այդ իմաստով առաջին անգամ օգտագործել է Ջոն Ֆիլդը 1810-ական թվականներին, իսկ իտալերեն notturno տերմինը գոյություն է ունեցել դեռ 18-րդ դարում և անվանել է այն երաժշտությունը, որը կատարել են բացօթյա։

Պատմություն խմբագրել

Նոկտյուռնի ժանրը ծագել է դեռ միջնադարում։ Այն ժամանակ նոկտյուռն կոչվել է կրոնական կաթոլիկ ժամերգության մի մասը, որը կատարվել է կեսգիշերից մինչև լուսաբաց (որպես ուղղափառ առավոտյան ժամերգություն)։ Զուտ կրոնական ժանր լինել նոկտյուռնը դադարել է 18-րդ դարում՝ վերածվելով կամերային ստեղծագործության, որը կատարվում է գիշերային ժամերին բաց երկնքի տակ (Nachtmusik)։ Դասական Նոկտյուռնը ոչ մի կապ չուներ ժանրի Ժամանակակից ընկալման հետ (քնարական փոքրածավալ ստեղծագործություն չէր) և հաճախ գրվում էր սոնատ-սիմֆոնիկ ցիկլի տեսքով (օրինակ՝ Մոցարտի «Փոքրիկ գիշերային սերենադը»)։

18-րդ դարում և 19-րդ դարի սկզբին իտալերեն notturno տերմինով նշել են դիվերտիսմենտի տեսակներից մեկը, գործիքային սերենադին կամ կասացիային մոտ բազմամաս ստեղծագործությունը՝ հիմականում փողային կամ լարային և փողային գործիքների համար (սովորաբար՝ գիշերը բացօթյա կատարման համար, օրինակ՝ Վ. Ա. Մոցարտի և Յ. Հայդնի նոկտյուռնները և այլն)։ Առաջին կոմպոզիտորը, ով գրել է նոկտյուռներ բառի ժամանակակից իմաստով, եղել է Ջոն Ֆիլդը[2]։ Նա ստեղծել է 18 դաշնամուրային նոկտյուռններ, որոնք մինչ օրս ընդգրկված են դաշնակահարների երգացանկում։ Նրա ստեղծագործության մեջ էլ այն արտահայտվել է իր հիմնական բնութագրական գծերով՝ որպես էլեգիական բնույթի երգ, քնարական 1-մասանի դաշնամուրային պիես, հիմականում՝ եռամաս-ռեպրիզ. ձևով։

Ֆ. Շոպենի 21 դաշնամուրային նոկտյուռնները դարձել են ժանրի զարգացման բարձրակետն, որոնք աչքի են ընկնում բովանդակության խորությամբ և հարստությամբ։ Շոպենի վաղ ստեղծագործություններում (օրինակ՝ հայտնի Es-dur, Op. 9 № 2 նոկտյուռնում) նկատելի է Ֆիլդի ազդեցությունը. հետագայում կոմպոզիտորն սկսեց բարդացնել ներդաշնակությունը և նույնիսկ օգտագործել ավելի ազատ ձև։

Նոկտյուրնի հիմքում ընկած է սովորաբար լայնորեն զարգացած երգեցիկ մեղեդին, որի շնորհիվ նոկտյուննը դառնում է յուրատեսակ գործիքային երգ։ Սովորաբար նոկտյուռնները գրվում են դաշնամուրի համար, բայց նմանատիպ ստեղծագործություններ կան նաև այլ գործիքների, ինչպես նաև անսամբլների և նվագախմբերի համար։

Նոկտյուռնը դարձել է ռոմանտիզմի իսկական այցեքարտը։ Դասական հայեցակարգում գիշերը դիտարկվել է որպես չարի մարմնավորում, կլասցիզմի ստեղծագործություններն ավարտվել են մթության նկատմամբ լույսի հաղթանակով։ Ռոմանտիկները, ընդհակառակը, նախընտրել էին գիշերը՝ այն ժամանակը, երբ հոգին բացահայտում է իր իրական հատկությունները, երբ կարելի է երազել և մտածել ամեն ինչի մասին՝ դիտելով խաղաղ բնությունը, չծանրաբեռնվելով օրվա եռուզեռով։ Շոպենի նոկտյուռնը հավանաբար ռոմանտիկականներից ամենահայտնին է. հենց նոկտյուռնային ֆակտուրան է դարձել կոմպոզիտորի այցեքարտը։ Ռոբերտ Շումանը ներկայացրել է Շոպենի երաժշտական ոճը՝ տեղադրելով նրա յուրօրինակ երաժշտական դիմանկարը «Կառնավալ» դաշնամուրային ցիկլի պիեսներից մեկում (№ 12 — քնարական նոկտյուռն)։

Նոկտյուռններ գրել են նաև Կառլ Չեռնին, Ֆերենց Լիստը, Էդվարդ Գրիգը, Միխայիլ Գլինկան (այս ժանրի իր երկու պիեսները՝ մի բեմոլ մաժորային դաշնամուրի կամ տավիղի համար և դաշնամուրային «Բաժանում» նոկտյուռնը գրել է Ֆիլդի երաժշտության տպավորության տակ), Միլի Բալակիրևը, Պյոտր Չայկովսկին և այլ կոմպոզիտորներ։

Այս ժանրի նվագախմբային ստեղծագործությունների շարքում առավել հայտնի է Ֆելիքս Մենդելսոնի նոկտյուռնը Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազ» կատակերգության համար երաժշտությունից։ Իմպրեսիոնիստական երաժշտության ակնառու օրինակ են Կլոդ Դեբյուսիի երեք նոկտյուռները («Ամպեր», «Տոնակատարություն», «Յասամաններ»)։

20-րդ դարում որոշ կոմպոզիտորներ փորձել են վերաիմաստավորել նոկտյուռնի գեղարվեստական բնույթը՝ դրա օգնությամբ ներկայացնելով այլևս ոչ թե քնարական գիշերային երազները, այլ գիշերային աշխարհի ուրվական տեսիլներն ու բնական հնչյունները։ Դրա սկիզբը դրվել է Ռոբերտ Շումանի կողմից Nachtstücke ցիկլում, այս մոտեցումն ավելի ակտիվորեն դրսևորվել է Պոլ Հինդեմիթի («1922» սյուիտ), Բելա Բարտոկի («Գիշերային երաժշտություն») և մի շարք այլ կոմպոզիտորների ստեղծագործություններում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nocturne Definition from the Free Merriam-webster Dictionary». Merriam-webster.com.
  2. Brown, Maurice J.E. & Hamilton, Kenneth L. (2001). "Nocturne (i)". In Sadie, Stanley & Tyrrell, John (eds.). The New Grove Dictionary of Music and Musicians (2nd ed.). London: Macmillan. ISBN 978-1-56159-239-5.

Գրականություն խմբագրել

  • Янкелевич В. Le nocturne. — Париж, 1957
  • Марина Малкиель. Цикл лекций по истории зарубежной музыки (Век романтизма)
  • Wignall, Harrison James, "Mozart and the 'Duetto Notturno' Tradition", Mozart-Jahrbuch, 1993.
  • Wignall, Harrison James, "Duetto notturno", The New Grove Dictionary of Music and Musicians, (ed. Sadie), London, MacMillan, 2000.
  • Mozart's Notturno in D, K.286: Chicago Symphony Orchestra program notes Արխիվացված 2016-03-13 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։