Նամակաձև գրականություն

գրական ժանր

Նամակաձև գրականություն, էպիստոլյար գրականություն (< հուն․ epistolḗ – ուղերձ, նամակ), տարբեր ժանրերի, գլխավորապես՝ արձակ գրական ստեղծագործություն, որտեղ օգտագործված է շարադրանքի նամակային ձևը։ Առաջացել է կենցաղային, պաշտոնեական գրագրությունից՝ դառնալով գաղափարական–գեղագիտական ինքնատիպ արտահայտչամիջոց, որին հատուկ են անմիջականությունն ու քնարականությունը։ Նամակաձև գրականությունը լայն տարածում է ունեցել հատկապես հռոմեական գրականության մեջ։ Հայտնի են Էպիկուրի, Ցիցերոնի, Սենեկայի, Պլինիոս Կրտսերի, Կատոնի նամակները, որոնք, գեղարվեստական լինելուց բացի, ունեն նաև փաստավավերագրական արժեք։ Նամակաձև գրականությունը առաջատար ժանր է եղել բյուզանդական հրապարակախոսության մեջ (Թեոդորոս Ստուդիտ, Նիկոլա Միստիկ, պատրիարք Ֆոթիոս)։ Հայ գրականության մեջ նամակի ձևն օգտագործվել է դեռևս V դ․։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ հորինել է բազմաթիվ նամակներ՝ թղթեր («Հայոց Վաղարշակ թագավորի թուղթը պարսից թագավոր Արշակ Մեծին», «Աժդահակի թուղթը․․․», «Աբգարի թուղթը Փրկչին» ևն)։ Հայտնի են նաև Ղազար Փարպեցու «Թուղթը»՝ հղված Վահան Մամիկոնյանին, Ներսես Շնորհալու «թղթերը»՝ բյուզական թագավորին, հունական պատրիարքին և այլ անձանց, Գրիգոր Մագիստրոսի «Թղթերը»։ Վերածննդի ժամանակաշրջանում նամակաձև գրականությունը հարստացել է նոր բովանդակությամբ (Ի․ Ռեյխլին, Է․ Ռոտերդամցի)։ Լուսավորականության դարաշրջանը նամակաձև գրականության մեջ շեշտում է դաստիարակության գաղափարը։ Առանձնանում է Ջ․ Սվիֆտի «Օրագիր Ստելլայի համար» նամակների ժողովածուն, որով սկզբնավորվել է անգլիական սոցիալ–հոգեբանական վեպը։ Մոնտեսքյոյի հորինած «Պարսկական նամակներ»-ից (փիլիսոփայական վեպ, 1721) հետո նամակ–վեպը լայն տարածում է գտել եվրոպական գրականության մեջ (Ս․ Ռիչարդսոն, Ժ․ Ժ․ Ռուսո, Յո․ Վ․ ԳյոթեՆ․ Կարամզինի «Ռուս ճանապարհորդի նամակները» ակնարկային–փաստագրական երկով և Դ․ Ֆոնվիզինի՝ Ֆրանսիայից Պ․ Պանինին ուղղված նամակներով («Առանձին ճանապարհորդական նոթեր», 1777–78) սկսվել է նամակաձև գրականության ավանդույթների յուրացումը Ռուսաստանում։ Նամակաձև գրականության փորձն ու ձևը օգտագործված են Ֆ․ Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» վիպակում։

Նամակ–վեպի ժանրը որոշակի զարգացում է ապրել նաև հայ գրականության մեջ, նպաստել գեղարվեստական կերպարի հոգեբանական խորացմանը։ Մ․ Մամուրյանի «Անգլիական նամականին» բաղկացած է ավելի քան 100 նամակից, որ փոխանակում են երեք հոգի։ Ս․ Տյուսաբի «Մայտա»-ն նամակ–վեպ է, Նար–Դոսի «Աննա Սարոյան»-ը՝ նամակ–վիպակ։ Լինում են նաև նամակ–ուղերձ, նամակ– պամֆլետ, նամակ–խոստովանանք։ Նամակի ձևը գրական երկին հաղորդում է հավաստիություն, բնականություն, ներքին դրամատիզմ, խորացնում մարդկային հարաբերությունների պատկերումը (Հ․ Ղուկասյան, «Բոգդան Սալթանով»)։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 4, Ե․, 1970։
  • Античная эпистолография, М․, 1967;
  • Елистратова А․ А․, Эпистолярная проза романтиков, в кн․։ Европейский романтизм, М․, 1973․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 174