Յուլիա Պետրովնա Վրևսկայա (ռուս.՝ Юлия Петровна Вревская, ի ծնե ազգանունը՝ Վարպախովսկայա, հունվարի 25, 1838(1838-01-25), Լուբնի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 24 (փետրվարի 5), 1878, Բյալա, Ռուսեի մարզ, Բուլղարիա), ռուս բարոնուհի, Իվան Տուրգենևի ընկերը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ եղել է Ռուսական Կարմիր խաչի դաշտային հոսպիտալի գթության քույր[1]։

Յուլիա Վրևսկայա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1838(1838-01-25)
ԾննդավայրԼուբնի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 24 (փետրվարի 5), 1878 (39 տարեկան)
Մահվան վայրԲյալա, Ռուսեի մարզ, Բուլղարիա
ԳերեզմանԲուլղարիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբուժքույր
 Yulia Vrevskaya Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Յուիա Վրևսկայան ծնվել է 1838 թվականի հունվարի 25-ին Պոլտավայի նահանգի Լուբնի քաղաքում՝ Բորոդինոյի ճակատամարտի մասնակից, Առանձին պահեստային հեծյալ դիվիզիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Պյոտր Եվդոկիմովիչ Վարպախովսկու (1791-1868) և Կառոլինա Իվանովնայի (օրիորդական ազգանունը՝ Բլեխ, 1805—1870) ընտանիքում։

Յուլիա Պետրովնան սովորել է Օդեսայի ազնվազարմ օրիորդների դպրոցում։ 1848 թվականին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ստավրոպոլ, ինչից հետո սկսել է սովորել Ստավրոպոլի «Իգական սեռի դաստիարակության Սուրբ Ալեքսանդրայի անվան միջնակարգ կրթական հաստատությունում»։ 1857 թվականին նա ամուսնացել է Իպոլիտ Վրևսկու հետ։ Հարսանիքից հետո նրանք Ստավրոպոլից տեղափոխվել են Վլադիկավկազ, սակայն նրանց համատեղ կյանքը երկար չի շարունակվել։ 1858 թվականի օգոստոսի վերջին Իպոլիտ Վրևսկին վիրավորվել է մարտում և մահացել մի քանի օր անց։ Այրիանալով 18 տարեկան հասակում՝ Յուլիա Վրևսկայան տեղափոխվել է Պետերբուրգ, որտեղ հրավիրվել է արքունիք և ընդգրկվել Մարիա Ալեքսանդրովնա թագուհու շքախմբում։ Արքունիքում անցկացրած տասը տարվա ընթացքում (1860-1870) Յուլիա Վրևսկայան թագուհու հետ եղել է Ֆրանսիայում, Իտալիայում, Սիրիայում, Եվրոպայի լավագույն լողափերում, Աֆրիկայում, Պաղեստինում, Երուսաղեմում։

Ռուսաստանում Յուլիա Վրևսկայայի ընկերների թվում էին գրողներ Դմիտրի Գրիգորովիչը, Իվան Տուրգենևը, Վլադիմիր Սոլոգուբը, բանաստեղծ Յակով Պոլոնսկին, նկարիչներ Վասիլի Վերեշչագինը և Հովհաննես Այվազովսկին։ Նա շատ է ճանապարհորդել Եվրոպայում, Կովկասում, Մերձավոր Արևելքում, ծանոթացել է նշանավոր անձանց հետ (այդ թվում՝ Վիկտոր Հյուգոյի և Ֆերենց Լիստի հետ)։ Յուլիա Վրևսկայան բոլորին գրավել է իր կարդացածությամբ։ 1873 թվականից Յուլիա Վրևսկայան ընկերություն է արել և նամակագրական կապ է պահպանել Իվան Տուրգենևի հետ։

1877 թվականին, երբ սկսել է ռուս-թուրքական պատերազմը, Յուլիա Վրևսկայան որոշել է մեկնել գործող բանակ։ Օրյոլում գտնվող իր կալվածքի վաճառքից ստացված գումարով նա անհրաժեշտ պարագաներ է գնում սանիտարական ջոկատի համար։ Յուլիա Վրևսկայան դառնում է շարքային գթության քույր․ 1877 թվականի հունիսի 19-ից նա եղել է Յաշ քաղաքի (Ռումինիա) 45-րդ ժամանակավոր ռազմական էվակուացիոն հոսպիտալում, իսկ նույն թվականի նոյեմբերի 20-ից՝ 48-րդ ժամանակավոր ռազմական էվակուացիոն հոսպիտալում, որ տեղակայված էր Բուլղարիայի Բյալա քաղաքի մերձակայքում։ Նա կատարել է ամենածանր ու ամենակեղտոտ գործերը։ «Պատերազմը մոտիկից ահավոր է, այնքան դառնություն կա, այնքան այրիներ ու որբեր»,- գրում է նա հայրենիք ուղարկած իր նամակում։ Դեկտեմբերին Յուլիա Վրևսկայան աշխատում էր ռազմաճակատին մոտ գտնվող վիրակապական կետում, որ տեղակայված էր Օբրետենիկ գյուղում։ Վերջին նամակը Յուլիա Վրևսկայան գրել է իր քրոջը՝ Նատալիային, 1878 թվականի հունվարի 12-ին։ Հունվարի 17-ին Յուլիա Վրևսկայան հիվանդացել է բծավոր տիֆի ծանր ձևով։ Նա մահացել է 1878 թվականի փետրվարի 5-ին։ Յուլիա Վրևսկայային թաղել են գթության քրոջ զգեստով Բյալայի ուղղափառական եկեղեցու մոտ։

Հիշատակ

խմբագրել
  • Յուլիա Վրևսկայային են նվիրված Յակով Պոլոնսկու «Կարմիր Խաչի ներքո» (ռուս.՝ Под Красным Крестом) և Վիկտոր Հյուգոյի «Ռուսական վարդը, որ զոհվեց բուլղարական հողի վրա» բանաստեղծությունները։
  • Իվան Տուրգենևը Յուլիա Վրևսկայայի մահվանն անդրադարձել է իր արձակ բանաստեղծություններից մեկում՝ «Յու․ Վրևսկայայի հիշատակին» (ռուս.՝ «Памяти Ю. Вревской»
  • 1920-ական թվականներին Փարիզում գործել է «Գթության քույրերի՝ Վրևսկայայի անվան ռուսական միությունը»։
  • Յուլիա Վրևսկայայի կյանքի մասին 1977 թվականին նկարահանվել է «Յուլիա Վրևսկայա» ռուս-բուլղարական գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Լյուդմիլա Սավելևան։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել