Յակով Խաչիկյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչիկյան (այլ կիրառումներ)
Յակով Իվանի Խաչիկյան (հայտնի է նաև որպես Յակով Անուշավանի Թումանյան, հուլիսի 7, 1921, Ստեփանավան, Հայաստան - մարտի 20, 2015, Երևան, Հայաստան[1]), հայ փիլիսոփա, գեղագետ, գրականագետ, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970), ՀԽՍՀ X գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
Յակով Խաչիկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1921 Ստեփանավան, Հայաստան |
Մահացել է | մարտի 20, 2015 (93 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պարգևներ | Մովսես Խորենացու մեդալ |
ԿենսագրությունԽմբագրել
Յակով Խաչիկյանը ծնվել է 1921 թվականին Ջալալօղլիում (այժմ` Ստեփանավան): 1938-1941 թվականներին աշխատել է «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրությունում: 1942-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1949 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: 1949-1952 թվականներին սովորել է ասպիրանտուրայում (Երևան-Մոսկվա): 1952-1953 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում, 1953 թվականին՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում: 1953-1962 թվականներից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորում, 1962-1969 թվականներին ղեկավարել սեկտորի գեղագիտության խումբը։ 1969-1973 թվականներին ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1973-1976 թվականներին՝ տնօրեն, 1976 թվականից ՀԿԿ Կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ։
Հայաստանի գրողների միության (1971), Հումանիզմի հիմնախնդիրների (1989), Հայոց փիլիսոփայության (2000), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային (2000), ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների (2004) ակադեմիաների անդամ:
Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել Յակով Խաչիկյանի «Ս. Գ. Շահումյանի պայքարը պատմության մեջ ժողովրդական մասսաների դերի մարքս-լենինյան ըմբռնման համար» (Երևան, 1956), «Արվեստի ճանաչողական նշանակության մասին» (Երևան, 1959), «Աբստրակցիոնիզմը և գեղարվեստական ճանաչողությունը» (Երևան, 1968), «Հայաստանում էսթետիկական մտքի զարգացման ակնարկ» (հեղինակակիցներ Ս. Թովմասյան, Ս. Թոփչյան և ուրիշներ, Մոսկվա, 1976), «Շեքսպիրը արվեստի մասին» (Երևան, 1977) աշխատությունները:
ՍտեղծագործություններԽմբագրել
Յակով Խաչիկյանի աշխատանքներով սկզբնավորվել է Հայաստանում գեղագիտության և հայ գեղագիտական մտքի պատմության համակարգված ուսումնասիրությունը («Հայ էսթետիկական մտքի պատմությունից» գիտական հետազոտությունների ժողովածուի (պրակ 1-5, 1974-2005), «Հայ գեղագիտական մտքի պատմության զարգացման ակնարկ» (ռուսերեն, 1976, համահեղինակ և պատասխանատու խմբագիր)):
Հեղինակ է «Հայ գեղագիտական մտքի պատմության մեթոդաբանական հարցեր» (ռուսերեն, 2001) գրքի, եռահատոր հուշագրության (2002-2005) և համահեղինակ՝ «Հայ կերպարվեստագետներն արվեստի մասին» (ռուսերեն, 2004) ժողովածուի[2][3]։
ՊարգևներԽմբագրել
- Հեգելյան միջազգային կոմիտեի մեդալ, 1974
- ԵՊՀ ոսկե մեդալ, 2000
- Վ. Վեռնադսկու մեդալ, 2003
- Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալ, 2004
- Ստեփանավանի պատվավոր քաղաքացի, 2005
- Մովսես Խորենացու մեդալ, 2012[4]
ԵրկերԽմբագրել
- Գեղագիտության հարցերը Նիկոլ Աղբալյանի աշխատություններում, Ե., 2003: Արվեստի էսթետիկայի հարցեր, Ե., 1978:
- Շեքսպիրը արվեստի մասին, Ե., 1985:
- О познавательном значении искусства, Е., 1959;
- Абстракционизм и художественное познание, Е„ 1968.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Յակով Խաչիկյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-06-11
- ↑ «Յակով Խաչիկյան - Հաշվետու եմ - Երկիր Մեդիա»։ Masis.TV - Armenian internet TV։ Վերցված է 2016-08-25
- ↑ Յակով Իվանի Խաչիկյան. ակադեմիկոս՝ ըստ էության /Կարինե Աշուղյան
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 28)։ |