Մուտեմույա (անգլ.՝ Mutemwiya, գրվում է նաև Մուտեմուիա կամ Մուտեմուեյա, մ.թ.ա. 15-րդ դար - մ.թ.ա. 14-րդ դար), եգիպտական թագուհի, որը հանդիսացել է եգիպտական տասնութերորդ արքայատոհմի փարավոն Թութմոս IV-ի երկրորդ դասի կինն ու փարավոն Ամենհոտեպ III-ի մայրը։ Մուտեմույա անունը նշանակում է «Մուտն աստվածային եռակայմ առագաստանավում»[1]։ Թեև չի հաստատվել, սակայն ենթադրվել է, որ իր որդու՝ Ամենհոտեպ III-ի անչափահասության ժամանակ հանդես է եկել որպես վերջինիս ռեգենտ[2]։

Մուտեմույա
Ծնվել է՝մ.թ.ա. 15-րդ դար
Մահացել է՝մ.թ.ա. 14-րդ դար
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմՏասնութերորդ արքայատոհմ
քաղաքական գործիչ
ՀայրArtatama I?
ԵրեխաներԱմենհոտեպ III
Մուտեմույային նվիրված սուրբ նավակի քանդակ, մ․թ․ա․ մոտավորապես 1400 թվական, Կառնակի տաճարի սև գրանիտ, ցուցադրված է Բրիտանական թանգարանում

Կենսագրություն խմբագրել

<
X1G14G17P3
>

Ամուսնու՝ Թութմոս IV-ի իշխանության տարիներին Մուտեմույայի մասին վկայություններ չկան։ Հավանաբար արքունիքում նա գտնվել է մեծ թագուհիներ Նեֆերտարիի, իսկ հետագայում՝ Յարետի ստվերում։ Մուտեմույան պատկերված է միայն իր որդու՝ Ամենհոտեպ III-ի կառուցած հուշարձաններում[3]։

Որոշ ուսումնասիրողներ Մուտեմույային համարում են Միտաննիի արքա Արտատամա I-ի դուստրը, սակայն ապացույցներ չկան, որ նա այդ նույն անձնավորությունն է և նրա ծագման մասին ոչինչ հայտնի չէ[4]։ Որոշ վկայություններ եղել են, որ նա Արտատամայի դուստրը չէր[5], բայց այս տեսությունը մերժվել է[6]։ Եգիպտագետ Կիրիլ Ալդրեդը ենթադրել է, թե Մուտեմույան Յույայի քույրն է եղել[7]։ Նա պնդել է, որ, քանի որ Մուտեմույան ակտիվ է եղել իր որդու գահակալության առաջին տարիներին, նա հավանաբար կազմակերպել է երիտասարդ արքայի ու Տիյայի ամուսնությունը՝ իր ընտանիքն արքայական տոհմի հետ կապելու նպատակով։ Այս տեսակետը, սակայն, գրեթե չի հիմնավորվել տեքստերով կամ հնագիտական գտածոներով։

Մուտեմույան կրել է բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ «Աստծո կին» (Hm.t-nTr), «Երկու երկիրների տիկին» (nb.t-tAwy), «Մեծ թագավորի կին՝ նրա սիրելին» (Hm.t-nsw-wr.t mry.t=f), «ազնվականուհի, կոմսուհի» (r.t-pa.t), «Մեծ փառաբանյալ» (wr.t-Hsw.t), «Սիրո քաղցրություն» (bnr.t-mrw.t), «Վերին և Ստորին Եգիպտոսի տիրուհի» (Hnw.t-rsy-mHw) և «Աստծո մայր» (mwt-nTr)[8]։ «Թագավորի մայր» և «Աստծո մայր» տիտղոսները ենթադրում են նույն բանը, քանի որ ենթադրյալ աստվածն իշխող թագավորն էր՝ Ամենհոտեպ III-ը[9]։ Այս բոլոր տիտղոսներն, այդ թվում և «Մեծ թագուհին», օգտագործվել են նրա ամուսնու մահից հետո՝ իր որդու գահակալության տարիներին։ Ամենհոտեպ III-ի գահ բարձրանալու ժամանակ է նա կարևորություն ստացել որպես փարավոնի մայր[10]։

Մուտեմույան պատկերված է Լուքսորի տաճարում՝ որդու աստվածային ծնունդը պատկերող տեսարաններում։ Այս տեսարանները նման են (որոշ դեպքերում կրկնօրինակում են) Դեյր էլ-Բահարիում Հատշեպսուտի աստվածային ծնունդին․ վերջինս ծննդյան պատմությունն օգտագործել էր գահի հանդեպ իր պահանջներն ամրապնդելու նպատակով։ Ամենհոտեպը եղել է իշխող փարավոնի որդի, ու թվում է՝ ծննդյան տեսարանն օգտագործվել է նրա կիսաստվածային բնույթը շեշտելու նպատակով։ Գլխավոր տեսարանում Մուտեմույան նստած է մահճակալի վրա և ընդունում է իր ամուսնու՝ Թութմոս IV-ի կերպարանքն առած Ամոն աստծուն։ Ներկա են աստվածուհիներ Սելկետն ու Նեյտը։ Տեսարանները ցույց են տալիս, որ Ամենհոտեպ III-ն իր մայրիկի ու հենց Ամոն աստծո միության արդյունքն է[6][10]։ Հետագայում հղի Մուտեմույային Իսիդան ու Խնումն ուղեկցում են ծննդաբերության սենյակ[7]։

Կառնակի տաճարում հայտնաբերվել է Մուտեմույային պատկերող գրանիտե արձանի հատված, որն այժմ գտնվում է Բրիտանական թանգարանի ցուցադրության մեջ։ Արձանն ունի ռեբուսի տեսք, այսինքն պատկերված է Մուտ աստվածուհին նավակի մեջ, որտեղից էլ առաջացել է Մուտեմույա անունը։ Մուտեմույայի անունը նշված է նավակի կողմնամասի փորագրության մեջ[10][11]։

Իր հարս Տիյայի հետ պատկերված է նաև Ամենհոտեպ III-ի կողմից կանգնեցված Մեմնոնի կոթողներում[3][6]։

Մահ խմբագրել

Մուտեմույայի մահվան ստույգ ժամանակը հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ նա որդու գահակալության տարիներին կենդանի է եղել։ Սրա ապացույցն Ամենհոտեպ III-ի կողմից իր գահակալության շրջանում կառուցած Մեմնոնի կոթողներում Մուտեմույայի ներկայությունն է, ինչպես նաև վերջինիս կալվածքի մասին հիշատակությունը Թեբեում գտնվող Ամենհոտեպ III-ի ՄԱլկատա պալատից հայտնաբերված գինու կարասի պիտակի վրա[6]։ ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ranke, Hermann (1935). Die Ägyptischen Personennamen, Bd. 1: Verzeichnis der Namen. Glückstadt: J.J. Augustin. էջ 147.
  2. Barbara Watterson: Amarna: Ancient Egypt's Age of Revolution. 2002
  3. 3,0 3,1 Aidan Dodson & Dyan Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt, Thames & Hudson (2004), pp. 132-141.
  4. Betsy Bryan, The Reign of Thutmose IV, (Johns Hopkins University Press: 1991), p.119
  5. Nicolas Grimal, A History of Ancient Egypt, (Blackwell Books: 1992), p.221
  6. 6,0 6,1 6,2 6,3 O'Connor, David and Cline, Eric H. Amenhotep III: Perspectives on His Reign University of Michigan Press. 2001 978-0-472-08833-1
  7. 7,0 7,1 Aldred, Cyril, Akhenaten: King of Egypt ,Thames and Hudson, 1991 (paperback). 0-500-27621-8
  8. Grajetzki, Ancient Egyptian Queens: A Hieroglyphic Dictionary, Golden House Publications, London, 2005, 978-0-9547218-9-3
  9. Betsy Bryan, Chapter 6: "Thutmose IV Abroad and at Home" in 'The Reign of Thutmose IV,' pp.113-118
  10. 10,0 10,1 10,2 Tyldesley, Joyce. Chronicle of the Queens of Egypt. Thames & Hudson. 2006, p. 114. 0-500-05145-3
  11. Quirke, Stephen and Spencer, Jeffrey, The British Museum Book of Ancient Egypt, Thames and Hudson, 1992, p 78. 0-500-27902-0
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուտեմույա» հոդվածին։