Մուղնու ավետարան, 11-րդ դարի հայկական մագաղաթյա ձեռագիր Ավետարան։

Մուղնու Ավետարան
Mugni.jpg
Տեսակձեռագիր
Ժանրկրոնական գրականություն
Ստեղծման տարեթիվմինչև 1060
Էջեր380

«Մուղնու ավետարան» է կոչվում հարյուր տարի՝ 1822—1922 թվականներին Թիֆլիսի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում գտնվելու համար։ Մինչ այդ, մի քանի հարյուր տարի, Հաղպատում էր, որի պատճառով համարվում էր այնտեղ գրված և նկարազարդված։ Այժմ պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Հայ ձեռագրական մշակույթի գլուխգործոցներից է, 42 սմ X 32,5 սմ մեծությամբ 380 բարձրորակ մագաղաթյա թերթերի վրա երկաթագրով գրված և բազմերանգ նկարազարդված։

Գրիչն ու նկարիչը Մարիամի և Դավթի որդի Հովհաննես Սանդղկավանեցին է, որի արվեստանոցը գտնվում էր Արշարունյաց գավառի Կաղզվան քաղաքին մոտ՝ Սանդղկավանքում։ «Մուղնու ավետարանը» գրվել և նկարազարդվել է, ամենայն հավանականությամբ, մինչև 1060 թվականը։ Մինչ այդ մեզ հայտնի ամենահարուստ նկարազարդված ձեռագրերից է։ Բազմերանգ են 10 խորանները և 12 տերունական նկարները, ինչպես նաև չորս ավետարանիչներն[1] ու ավետարանառաջները, որոնք գտնվում են յուրաքանչյուր Ավետարանի սկզբում։

Այս ձեռագրում առաջին անգամ հանդիպում ենք գլխազարդերի և զարդագրերի։ Հովհաննես Սանդղկավանեցու 1053 թվականի ձեռագրի հիշատակագրություններում պահպանվել են ներկեր, մագաղաթ պատրաստողների և այլ արհեստավորների անուններ, որոնք ցույց են տալիս, որ Սանդղկավանքում եղել է գրչության և մանրանկարչության խոշոր արվեստանոց, ուր նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր։ Դրանցից մեզ հասածները, ըստ Լիդիա Դուռնովոյի, «ցույց են տալիս, որ նրանք սկիզբ են առնում մի մեծ, «ակադեմիական» կարգի արվեստանոցից, որտեղ ստեղծվել են ամենաբազմազան նշանակալից գործեր՝ իրենց տարբերակներով, և որ այդ աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել վարպետ նկարիչներ»։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։