Միյատ Գաչինովիչը «Լեոտար» և «Վոյվոդինա» ակումբների սան է։ «Վոյվոդինայի» կազմում նորամուտը նշել է 2013 թվականի մարտի 19-ին, 18 տարեկան հասակում, «Դոնյի Սրեմ» ակումբի դեմ խաղում։ Մայիսի 18-ին խփել է իր առաջին գոլը «Ռադնիչկի» (Նիշ) ակումբի դարպասը՝ իր ակումբին պարգևելով 3-2 հաշվով հաղթանակ[4]։
2015/16 մրցաշրջանում Գաչինովիչը մինչև 2019 թվականի հունիսի 30-ը պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ[5]։ Գերմանիայի Գավաթի 2017/18 մրցաշրջանի եզրափակչում Միյատ Գաչինովիչը գոլ է խփել Մյունխենի «Բավարիայի» դարպասը, և ակումբի հետ նվաճել գավաթը (3-1)[6]։ 2018 թվականին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2022 թվականը[7]։
2020 թվականի օգոստոսի 4-ին Գաչինովիչը փոխանակման գործարքի շրջանակներում 4 տարվա պայմանագիր է ստորագրել գերմանական «Հոֆենհայմի» հետ[8]։
Նախկինում խաղացել է Բոսնիայի և Հերցեգովինայի մինչև 17 տարեկանների հավաքականում Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլում, բայց հետո ընտրել է Սերբիայի ազգային հավաքականը[9]։ Սերբիայի մինչև 19 տարեկանների թիմի կազմում մասնակցել է 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը, կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում հանդիպման 85-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, իսկ հետո 11-մետրանոցների հարվածաշարում խփել է հաղթական գնդակը։ Եզրափակչում նրա թիմը հաղթել է Ֆրանսիային և դարձել Եվրոպայի չեմպիոն[10]։
2015 թվականին Սերբիայի հավաքականի կազմում նա հաղթել է Նոր Զելանդիայում կայացած մինչև 19 տարեկանների աշխարհի առաջնությունում[11]։