Միզորամ (հինդի՝ मिज़ोरम; անգլ.՝ Mizoram), փոքր տարածքով նահանգ Հնդկաստանի արևելքում։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը՝ Աիջալն է։ Բնակչությունը՝ 1.091.014 մարդ (նահանգների շրջանում 29-րդ տեղը՝ 2011 թվականի տվյալներով)։ Պաշտոնական լեզուներն են միզոն, անգլերենը։ Տարածքի մակերեսը 21.081 կմ² է (24-րդ հորիզոնական)։

Միզորամ

Զինանշան

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնԱիջալ
Օրենսդրական մարմինՄիզորամի օրենսդիր ժողով
Բնակչություն1 097 206 մարդ (2011)[1]
Տարածք21 081 կմ²
Հիմնադրված էփետրվարի 20, 1987 թ.
Սահմանակցում էԱսսամ, Տրիպուրա, Մանիպուր, Բանգլադեշ և Մյանմա
ISO 3166-2 կոդIN-MZ
Ավտոմոբիլային կոդMZ
mizoram.nic.in
Միզորամը և հյուսիս-արևմտյան Հնդկաստանի նահանգները

Նահանգը ձևավորվել է 1987 թվականի փետրվարի 20-ին՝ անջատվելով՝ Ասսամից ինքնորոշման համար մղված երկարատև պայքարից հետո, որի արդյունքում տարածքը ստացել է ավելի մեծ ինքնավարություն։

Աշխարհագրություն

խմբագրել

Նահանգի ռելիեֆը կազմված է բլուրներից, որոնց հաջորդում են հովիտներ։ Նահանգի արևմուտքում բլուրների միջին բարձրությունը կազմում է մոտ 1000 մ՝ աստիճանաբար բարձրանալով մինչև 1300 մ՝ արևելքում։ Առանձին շրջանների բարձրությունը գերազանցում է 2000 մ-ը, նահանգի հարավ-արևելքում է գտնվում Փհավնգպույ Տլանգ լեռը (2210 մ)՝ Միզորամի ամենաբարձր կետը։

Նահանգի խոշորագույն գետը՝ Չհիմտույպույը (հայտնի է նաև որպես Կալադան), սկիզբ է առնում Մյանմարում, հոսում է միզորամական Սայխա և Լավնգթլալ շրջանների միջով և կրկին մտնում Մյանմարի տարածք, որտեղ էլ թափվում է Բենգալյան ծոցը։ Նահանգի մյուս առավել նշանակալի գետերը ներառում են Տլավնգը, Թուտը, Թույրիալը և Տույվավլը, որոնք հոսում են Միզորամի հյուսիսով և թափվում Բարաք գետը։ Նահանգի արևմտյան մասը ողողվում է Քհավտհլանգ Թույպույ գետի և նրա վտակների ջրերով։ Առավել նշանակալի լիճը Միզորամա-Պալակն է, որը գտնվում է Սայհա շրջանում և զբաղեցնում է մոտ 30 հա տարածք։ Նահանգի տարածքը գտնվում է երկու տեկտոնական սալերի (Հնդկական և Ավստրալիական) հանգույցի մոտ։

Միզորամն ունի մեղմ բարենպաստ կլիմա՝ ամռանը՝ 20-29 °C և ձմռանը՝ 11-21 °C ջերմաստիճաններով։ Տեղումները կախված են մուսսոններից, նրանց մեծ մասը թափվում է մայիսից մինչև սեպտեմբեր։ Միջին տարեկան տեղումների մակարդակը կազմում է միջինում 2540 մմ, Աիջալում՝ 2080 մմ։

Բնակչություն

խմբագրել

2011 թվականի տվյալներով Միզորամի բնակչությունը կազմում է 1.091.014 մարդ, բնակչության խտությունը՝ 51,75 մարդ/կմ² (զգալիորեն ցածր է երկրի միջին 382 մարդ/կմ²-ից)։ Գրագիտության մակարդակը՝ 91,6 % (երկրում ամենաբարձր ցուցանիշը Քերալի նահանգի հետ միասին)։ Բնակչության մեծ մասը ներկայացված է միզո էթնիկ խմբի կողմից, որը բաժանված է առանձին ցեղերի։ Միզո լեզվով խոսում է բնակչության 73,22 %-ը. այլ լեզուները ներառում են. բենգալերեն (9,18 %), լաքհեր (3,91 %), պավի (2,8 %), կոկբորոկ (1,98 %), հմար (1,6 %), հինդի (1,2 %), նեպալերեն (1 %)։ Քրիստոնյաները կազմում են Միզորամի բնակչության 87 %-ը, բուդդայական է 6 %-ը` հինդուական՝ 3,6 %-ը, մուսուլմանները՝ 1,1 %-ը, մնացած 2,3 %-ը դավանում է այլ կրոններ։ Շատ քրիստոնյաներ պրեսբիտերական են[2][3]։

Ժողովրդագրական շարժ.

  • 1951՝ 196 000 մարդ։
  • 1961՝ 266 000 մարդ։
  • 1971՝ 332 000 մարդ։
  • 1981՝ 494 000 մարդ։
  • 1991՝ 690 000 մարդ։
  • 2001՝ 889 000 մարդ։

Վարչական բաժանում

խմբագրել

Վարչականորեն նահանգը բաժանվում է 8 շրջանի։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության մոտ 70 %-ը զբաղված է գյուղատնտեսությամբ։ Տնտեսության մեջ կարևոր դեր են խաղում տարբեր արհեստագործական և փոքր արտադրությունները։ Նահանգի ՀՆԱ-ն 2004 թվականին կազմել է 685 մլն $։ Միզորամում արտադրվում է ամբողջ հնդկական բամբուկի մինչև 40%-ը, որը մեծապես օգտագործվում է որպես շինարարական նյութ, վառելիք և այլն։

Տրանսպորտ

խմբագրել

Նահանգն ունի մոտ 4000 կմ ավտոճանապարհ, գյուղական ճանապարհները հիմնականում առանց ծածկի են։ Հիմնական մայրուղիներն են № 54 և № 159 (Միզորամը կապում է Մանիպուր նահանգի հետ) և № 40A (կապում է Տրիպուրա նահանգի հետ) ազգային մայրուղիները։ Աիջալ քաղաքի մոտակայքում կա օդանավակայան (թռիչքը Կալկաթայից՝ մոտ 40 րոպե)։ Բացի այդ, նահանգ կարելի է հասնել Սիլչարի (Ասսամ նահանգ) օդանավակայանի միջոցով, որը Աիջալից 200 կմ հեռավորության վրա է։ Առկա է երկաթուղային ճյուղ՝ մինչև նահանգի հյուսիսում գտնվող Բարբի քաղաքը, սակայն այն օգտագործվում է միայն բեռնափոխադրումների համար։ Մոտակա ուղևորատար կայանը գտնվում է նույն ասամական Սիլչարում։

Զբոսաշրջություն

խմբագրել

Ունենալով բարենպաստ կլիմա, բնություն և մի շարք տեսարժան վայրեր, Միզորամը համարվում է հիանալի վայր զբոսաշրջության զարգացման համար։ Այնուամենայնիվ, չնայած՝ տեղական զբոսաշրջության նախարարության կողմից այս ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը, նահանգը վանում է հավանական զբոսաշրջիկներին ենթակառուցվածքների և հարմարությունների բացակայության պատճառով։ Ներկայում նահանգի տարածք մուտք գործելու համար արդեն հնդկական իշխանություններից հատուկ թույլտվություն չի պահանջվում, սակայն Միզորամ ժամանելուց հետո անհրաժեշտ է գրանցվել զբոսաշրջական ոստիկանության հատուկ բաժնում։

Տեսարժան վայրեր.

  • Միզորամ նահանգի թանգարան
  • Սողոմոնի տաճար Աիջալայում
  • Ավանդական գյուղ Ռեյեկ՝ Աիջալից 12 կմ հեռավորության վրա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 2011 census of India
  2. «CHAPTER 2 SIZE, GROWTH RATE AND RURAL-URBAN DISTRIBUTION OF POPULATION IN MIZORAM» (PDF). Registrar General & Census Commissioner, India. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  3. «Mizoram Profile» (PDF). Registrar General & Census Commissioner, India. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել