Մետաֆիզիկական նկարչություն

Մետաֆիզիկական նկարչություն (իտալ.՝ Pittura metafisica), XX դարի սկզբի իտալական գեղանկարչության ուղղություն։ Մետաֆիզիկական նշանակում է ֆիզիկականից, իրականությունից այն կողմ։ Մետաֆիզիկական շարժումը սկիզբ է առել 1911 թվականին՝ Ջորջո դե Կիրիկոյի գլխավորությամբ։ Նրա գեղարվեստական աշխատանքները լույսի ու ստվերի սուր հակադրություններն էին, որոնք ունեին խորհրդավոր որակ. «նկարչություն, որը չի կարող տեսանելի լինել»[1]։

Ջորջո դե Կիրիկոն և խմբի ձևավորումը խմբագրել

 
Ջորջո դե Կիրիկո, Cavalli

Մետաֆիզիկական նկարչության նախահայր է հանդիսանում Ջորջո դե Կիրիկոն, ով՝ դեռևս իր Փարիզում գտնվելու ժամանակներից, 1913-1914 թվականներին, ստեղծեց քաղաքային ամայի կտավներ։ Սա ապագայում դառնալու էր մետաֆիզիկական նկարչության հիմնական բնորոշիչը։ Նրա՝ «Իտալիայի հրապարակները» շարքը ֆանտաստիկորեն ներկայացրեց իտալական դասական ճարտարապետությունը։ 1915 թվականին Իտալիան ներգրավվում է առաջին համաշխարհային պատերազմում և նկարիչը ստիպված էր վերադառնալ Ֆերարա, որտեղ սպասում էր մոբիլիզացիայի։ 1916 թվականին ձևավորում է մետաֆիզիկական նկարչության հետևորդների խումբ, երբ՝ Ֆերերայի հոսպիտալում Ջորջո դե Կիրիկոն հանդիպում է ֆուտուրիզմի հետ հարաբերությունները խզած Կառլո Կարայի, Ֆիլիպպո դե Պիզիսի և իր կրտսեր եղբայր Անդրեայի հետ, ով հանդես էր գալիս՝ Ալբերտո Սավինիո մականունով[2]։ 1920-ական թվականներին կարճ ժամանակով նրանց միանում է նաև Ջորջո Մորանդին[3]։

Գեղագիտություն խմբագրել

Մետաֆիզիկական նկարչությունում փոխաբերությունն ու երազանքը, սովորական տրամաբանությունից դուրս ելքի համար, դառնում են հիմնական, իսկ առարկայի ճշգրիտ պատկերի և տարօրինակ մթնոլորտի հակադրությունն՝ իրական։

Մետաֆիզիկական շարժումը գեղանկարչությունում առաջացավ այս նոր մոտեցման հիման վրա, և 1916-1922 թվականներին «Valori Plastici» (Պլաստիկ արժեքներ) ամսագրի շուրջ միավորեց արվեստագետներին և գրողներին, որտեղ հրապարակված էին Կիրիկոյի և Սավինիոյի մի շարք աշխատանքներ՝ նվիրված մետաֆիզիկական նկարչությանը։ Իր՝ «Անադիոմեն» աշխատանքում, Ալբերտո Սավինիոն ձևակերպում է մետաֆիզիկական պոետիկայի երկու հիմնական կանոն. «ցնորականություն» և «հեգնանք»։

Երկու միտումներ խմբագրել

Մետաֆիզիկական շարժման մեջ առանձնացվում են երկու միտումներ. առաջինը հատկապես հարսուստ է խորհրդանշական ու գրական իմաստներով և ռեմինեսցենցիաներով (Ջորջո դե Կիրիկո, Ալբերտո Սավինիո), երկրորդն առավել պակաս դոկտրինյորական է, բայց ավելի շատ հիմնված է գեղանկարչական երևակայությամբ (Կառլո Կարա, Ջորջո Մորանդի)։ Շարժումը չառաջացրեց ո՛չ իր դպրոցը, ո՛չ էլ որոշակի խումբ, դա ավելի շատ ֆուտուրիզմի արձագանք էր, նրա ճգնաժամի արտահայտությունը և հենց այդ առումով էլ ազդեցություն ունեցավ Իտալիայում, որտեղ, այդ ժամանակաշրջանում, նման գեղագիտություն օգտագործում էին որոշ այլ նկարիչներ։

Դպրոցի ավարտը խմբագրել

Մետաֆիզիկական շարժումը արագորեն անհետացավ բեմից։ Այս ոճով վերջին նկարը դե Կիկիրոն նկարել է 1918 թվականին, Մորանդին՝ 1920 թվականին, Կարան՝ 1921: Սական մետաֆիզիկների շատ գաղափարներ վերցրել են սյուրռեալիզմի ներկայացուցիչները։ Մետաֆիզիկական նկարիչների աշխատանքները առավել լիարժեք ցուցադրված են միլանյան թանգարաններում և Յուկկերի, Տոնինելլիի, Մատտիոլիի մասնավոր հավաքածուներում, Լոնդոնի Ռոլանդ Պենրոուզի հավաքածուում, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Չիկագոյի Գեղարվեստի ինստիտուտում, Ստոկհոլմի Ազգային թանգարանում և Վենետիկի Պոպպի Գուգենհեյմի ֆոնդում։

Մետաֆիզիկ նկարիչներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

(անգլ.)Ջորջիո դե Կիրիկո. Հոգիներն ազատվում են. Դե Կիրիկո և մետաֆիզիկական հեռանկար:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Conway Morris, Roderick, De Chirico: "Painting Landscapes of the Mind, International Herald Tribune, Feb 11 2007
  2. Cowling, Elizabeth; Mundy, Jennifer (1990). On Classic Ground: Picasso, Léger, de Chirico and the New Classicism 1910–1930. London: Tate Gallery. p. 52.
  3. Morandi, Giorgio (1988). Morandi. New York: Rizzoli. p. 141.

Գրականություն խմբագրել

  • Герман, Михаил. Искусство первой половины XX века. Азбука. 2005.
  • Грибоносова-Гребнева Е. Творчество К. С. Петрова-Водкина и «метафизическая живопись» // Искусствознание. 2. 99. С.372-401.
  • Art of the 20 Century. Vol.I Taschen. 1998.