Մեսրովբ Հակոբ Սեթ (Սեթյան կամ Սեթյանց[2], մարտի 15, 1871(1871-03-15)[1] - հոկտեմբերի 31, 1939(1939-10-31)[1]), հնդկահայ գրող, պատմաբան, ուսուցիչ և հասարակական գործիչ, գրաբարի ու արդի հայերենի քննող Կալկաթայի համալսարանում։ Հայտնի է հնդահայերի պատմության վերաբերյալ իր բազմաթիվ հետազոտություններով։

Մեսրովբ Սեթ
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1871(1871-03-15)[1]
Մահացել էհոկտեմբերի 31, 1939(1939-10-31)[1] (68 տարեկան)
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան
Մասնագիտությունհեղինակ և պատմաբան
 Mesrovb Jacob Seth Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մեսրովբ Հակոբ Սեթը ծնվել է Նոր Ջուղայում 1871 թվականի մարտի 15-ին։ Նրա հայր Հակոբը նշանավոր գրող ու մանկավարժ Մեսրոպ Թաղիադյանի աներձագն էր։ Նախնական ուսումն է առել հայրենի քաղաքի բողոքական միսիոներների դպրոցում։ 1889 թվականին մեկնել է Հնդկաստան Կալկաթայի հայկական վարժարանում ուսանելու համար։ Վարժարանը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվել է Կալկաթայի համալսարան։ Նա հաջողությունների է հասել որպես գիտնական, հատկապես գրաբարի՝ իր սիրելի առարկայի, որի ջերմեռանդ սիրահարն ու նշանավոր ներկայացուցիչն էր։

Թեև Սեթը բիզնեսով էր զբաղվում, սակայն այս զբաղմունքը համարում էր ապրուստի միջոց և գրեթե ողջ ուշադրությունը նվիրում էր գրական գործունեությանը։ Նա արտասովոր հակում ու հետաքրքրություն էր ցուցաբերում պատմական և հնագիտական հետազոտությունների նկատմամբ և շատ տասնամյակներ եռանդուն կերպով զբաղվում էր հին ձեռագրերի, նամակների, դամբանագրերի և հուշատախտակների ուսումնասիրությամբ ամբողջ Հնդկաստանի եկեղեցիներում և գերեզմանատներում և դրանք միասին ու խելամտորեն ներկայացնելով իր հայրենակիցներին և նրանց, ովքեր հետաքրքրված էին այդ ուսումնասիրություններով։ Նրա հոդվածները տպագրված են Կալկաթայի իր ժամանակի մամուլում[3]։

1920 թվականի մայիսի 18-ին, Հայաստանի Հանրապետության անկախության երկրորդ տարեդարձի կապակցությամբ Կալկաթայում կազմակերպված միջացառման ժամանակ Մեսրովբ Սեթը գեղեցիկ, հայրենաշունչ ճառ է արտասանել գրաբարով[2]։

1921 թվականին պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը նամակով դիմել է Սեթին՝ խնդրելով Հայաստանի նորանկախ հանրապետությանը վավերագրեր տրամադրել անցյալի հնդկահայ նշանավոր գործիչներ Հովսեփ Էմինից, Մովսես Բաղրամյանից և Շահամիր Շահամիրյանից։ Սեթը մեծ սիրով արձագանքել է այդ նամակին և տրամադրել անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև կցել է սեփական նամակները և Հայաստանի Հանրապետության անկախության երկրորդ տարեդարձի կապակցությամբ Կալկաթայում արտասանած ճառը[2]։

Կյանքի վերջին տարիներին Սեթը մնացել է միայնակ, և մահից հետո նրան խնամող հնդիկ կինն այրել է նրա բոլոր աշխատությունները[3]։

Մեսրովբ Սեթը թաղված է Կալկաթայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում[3]։

Մատենագիտություն

խմբագրել

Կենդանության օրոք Սեթը գրել և հրատարակել է հետևյալ գրքերն ու աշխատությունները[4].

  • «Հայերի պատմությունը Հնդկաստանում» (անգլերեն՝ History of the Armenians in India), 1895
  • «Արդյոք մեռա՞ծ է գրաբարը» (անգլերեն՝ Is Classical Armenian Dead?), 1923
  • «Հայաստանի Հանրապետությունը» (անգլերեն՝ The Republic of Armenia), 1924
  • «Մխիթարյան միաբանությունը», (անգլերեն՝ The Society of Mekhithar), 1924
  • «Գրիչ Ոսկեգրիչ Մատենագրին», 1926
  • «Հայերը և Արևելյան Հնդկաստանի ընկերությունը», (անգլերեն՝ Armenians and the East India Company), 1926
  • «Հնդիկներ Հայաստանում», (անգլերեն՝ Hindoos in Armenia), 1927
  • «Գորգին խան», (անգլերեն՝ Gorgin Khan), 1928
  • «Խոջա Պետրոս», (անգլերեն՝ Khoja Petrus), 1929
  • «Հայերը Ագրայում և Գվալիորում», (անգլերեն՝ Armenians at Agra and Gwalior), 1930
  • «Աղա Խաչիկ Առաքել», (անգլերեն՝ Agah Catchick Arrakiel), 1931
  • «Հայերը Չանդերնագորում», (անգլերեն՝ Armenians at Chandernagore), 1931
  • «Հնագույն քրիստոնյա գերեզմանը Կալկաթայում» (անգլերեն՝ Armenians at Chandernagore), 1932
  • «Հնությամբ երկրորդ քրիստոնյա եկեղեցին Բենգալիայում» (անգլերեն՝ The Second Oldest Christian Church in Bengal), 1936
  • «Հայերն իբրև քաղաքական աստիճանիկներ» (անգլերեն՝ Armenians as Political Stepping-Stones), 1936
  • «Հայերը Հնդկաստանում վաղագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (անգլերեն՝ Armenians in India from the Earliest Times to the Present Day), 1937
  • «Մադրաս՝ հայ լրագրության ծննդավայր» (անգլերեն՝ Madras, the Birthplace of Armenian Journalism), 1937

Նաև բազմաթիվ գիտական հոդվածներ է հրապարակել «Բազմավեպ» և «Հանդես ամսօրյա» ժուռնալներում, թղթակցել տարբեր հայկական թերթերի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 «Մեսրոպ Սեթի ճառը՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ տարելիցի առթիվ» (PDF). Մատենադարանի արխիվ, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթապանակ 243, ցուց. 10։. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 Journalist.am. ««Քանի դեռ կա Հայոց Մարդասիրական ճեմարանը, կլինի նաև հնդկահայ գաղութը»․ Զաքարիա ծ․ վարդապետ Բաղումյանի դասախոսությունը՝ նվիրված հնդկահայ գաղութին | Ժուռնալիստիկայի ֆակուլտետ». Վերցված է 2022 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Seth, Mesrovb Jacob (1992). Armenians in India from the Earliest Times to the Present Day. New Delhi: Asian Educational Services. էջ xvii.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեսրովբ Սեթ» հոդվածին։