Մեղրիի ճակատամարտ, ռազմական բախում մի կողմից Սյունիքի հայ ազատագրական շարժման զինված ուժերի, իսկ մյուս կողմից՝ օսմանյան բանակի և նրան միացած մի քանի ֆեոդալների միացյալ զորքերի միջև[1]։

Մեղրիի ճակատամարտ
Թվական1725 թվականի մարտ
Մասն էՕսմանյան զորքերի ներխուժում Անդրկովկաս
ՎայրՄեղրու բերդ
ԱրդյունքՀայերի փայլուն հաղթանակ
Հակառակորդներ
Սյունիքի հայ մելիքներՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Դավիթ Բեկ, ԲայինդուրԼևազի խան Սեֆիկուլի
Կողմերի ուժեր
400018000
Ռազմական կորուստներ
12000

Նախապատմություն խմբագրել

Կապանի հայկական իշխանությունը թուրքական գլխավոր ուժերի ներխուժման նախօրյակին հայտնվել էր հակասական իրավիճակում։ 1724 թվականի մարտի 29-ին Որոտնաբերդի ազատագրումով իշխանության տարածքը բավական չափով ամբողջական էր դարձել և լիովին վերահսկվում էր հայկական զինական ուժի կողմից։

  «Ոչնչացված էին Որոտնա և Զևու բերդերի թշնամական կայազորները. Ղափանի սահմաններից դուրս էր արտաքսված, մասամբ էլ` բնաջինջ արված «ձմեռանոցների բնույթ կրող» մուսուլմանաբնակ ավանների` Քուրդլարի, Քիսի, Լևազի ձորի գյուղերի (Դամալի, Շրդի, Պիրենա, Թաղամեր) կիսանստակյաց բնակչությունը։ Քոչվորներին ուժգին հարվածներ էին հասցված Ուչթափալարի սարահարթում, Չավնդուրում և այլուր։ Իր անառիկ աշխարհագրական դիրքով, զուտ հայ ազգաբնակչությամբ և ռազմունակ ու փորձառու զինվորականությամբ Ղափանը, կարծես, վերածնում էր Սյունյաց թագավորների ու Օրբելյանների երբեմնի հզոր ազգային իշխանությունը»։
- Ա.Այվազյան, Իրադարձությունները Ղափանում և Նախիջևանի խանությունում 1724 թվականին, ՊԲՀ, 1991, թիվ 2, էջ 102
 

Դա մարտահրավեր էր պարսիկ Թահմազ Բ-ին։ Գանձակին սպառնացող թուրքական վտանգին դիմակայելու անկարողությունը վերջինիս հարկադրել էր Արցախի սղնախների հրամանատարությանը սիրաշահելու քաղաքականություն վարել, սակայն Սյունիքի զինական ուժի հանդեպ նրա վերաբերմունքը բացասական էր։ Շահը Դավիթ Բեկի ստեղծած իշխանության գոյությունն ընկալում էր որպես Երևանի խանի զորքի թիկունքի միասնականությունը խախտող գործոն, մինչդեռ պարսկական բանակի գլխավոր հաղորդակցային ուղուց (Թավրիզ-Նախիջևան-Երևան) հեռու գտնվող իշխանությունը չէր կարող անմիջական վտանգ հանդիսանալ Արարատյան դաշտավայրի պաշտպանության համակարգի համար։ Կենտրոնական իշխանությունների կողմից խրախուսվող Բարգուշատի, Որդվատի (Օրդուբադ), Նախիջևանի և մյուս խաները չէին դադարեցնում իրենց ոտնձգությունները։ Այդ քաղաքականությունը տալիս է սպասված «արդյունքը». վճռական պահին պարզվում է, որ նրանք ի վիճակի չեն էապես խոչընդոտելու թուրքերի առաջխաղացմանը։ 1724 թվականի օգոստոսին թուրքերը գրավում են նրանց տիրույթների մեծ մասը, այդ թվում Նախիջևանն ու Որդվատը։ Թուրքական բանակի դեմ պայքարում Կապանի ու Արցախի հայությունը միայնակ է մնում։

1724 թվականի աշնանը թուրքական բանակի հրամանատարությունը մարտական գործողությունները տեղափոխում է Գողթնի տարածք։ Նրանց առաջխաղացմանը նպաստում էր խաների հակահայկական դիրքորոշումը։ Այս ամենում իր մեծ դերակատարումն ուներ Լևազի խան Սեֆիկուլին։ 1724 թվականի ամռանը չավնդուրցիների հրամանատար Թորոսից մի քանի ամոթալի պարտություններ կրած խանը նահանջել էր Որդվատ։ 1725 թվականին Սեֆիկուլիին հաջողվում է ուժերը միավորել Որդվատի ղազու և շեյխ-ուլ-Իսլամի որդիների զորամասերի հետ ու 8000-անոց զորքով արշավել դեպի Մեղրի։ Ճանապարհին 4000-անոց զորագնդով նրանց վրա է գրոհում Դավիթ Բեկը։ Նա գալիս է Կալեր, որտեղ առավոտյան հարձակվում է թուրքերի վրա։ Թուրքերը, տեսնելով Դավիթ Բեկի զորքին, փորձում են նրան խոչընդոտել անցնել Մեղրի գետը[2]։

 
Հալիձորի բերդ

Ճակատամարտը տևել է մի ամբողջ օր։ Թուրքերը, մեծաթիվ զոհեր կրելով, քաշվում են դեպի ելման բնագծերը։ Մտածելով, թե նրա առաջխաղացումն այլևս անհնար է՝ Դավիթ Բեկը զորքը տանում է Հալիձորի ամրոց։ Հայկական գլխավոր ուժերի հեռանալուց ընդամենը մեկ օր անց թուրքերի սպասված օգնությունը տեղ է հասնում։ Թավրիզից ու Ղարադաղից ժամանած 12000-անոց ուժերի հետ միասին թուրքերի զորքի քանակը հասնում է 18000-ի։ Արաքսի աջ ափին մարտական գործողություններ էին վարում թուրքական մի քանի այլ զորամասեր, սակայն Սեֆիկուլին չի դիմում նրանց օգնությանը։ Ճանապարհի հայկական գյուղերն ավերելով` թուրքերը շարժվում են դեպի Մեղրի։ Թուրքերն ուժերը կենտրոնացնելով Մեղրու մոտ՝ փակում են պաշարված ավանից մեղրեցիների նահանջի ուղիները։

Մեղրին Սյունիքի իշխանության կարևոր սահմանամերձ ամրություններից էր և ուներ 400 հոգանոց կայազոր։ Մեղրեցիների հրամանատարներից հայտնի են Կոստանդինի, Հովհաննեսի, Սարիի և Առաքելի անունները։ Կայազորի հրամանատարությունը որոշում է ընդունում զինել բոլոր մեղրեցիներին և ավանում ապաստանած փոքարաթիվ գյուղացիներին՝ ներառյալ նաև կանանց։

Ճակատամարտ խմբագրել

Գրոհ խմբագրել

Գյուղաքաղաքի պաշտպանները բաժանվում են երեք մասի ու դիրք գրավում երեք թաղամասերում։ Առաջին գրոհներին հաջողությամբ Մեղրու պաշտպանները ճիշտ ընտրված մարտավարությանբ կարողանում են հետ մղել, բայց միայնակ երկար չէին կարող դիմադրել և օգնության համար դիմում են Կալերի ու Չավնդուրի հայերին։

  «Մեղրեցիները սուրհանդակ ուղարկեցին Գուրհամի գավառը՝ Կալեր, ասելով՝ ահա թուրքերի զորքերը հասան, գրավեցին մեր փոքրիկ թաղը։ Եվ եթե հիմա մեզ օգնության չհասնեք երկու օրում, մենք նրանց ռազմությանը դիմադրել չենք կարող։ Եվ երբ սուրհանդակը հասավ նրանց, անմիջապես գիշերով ելավ Ստեփաննոս Վարդանյանը, որ Շահումյան տնից էր և Եկդաստյան ավանից (որ և փոխանորդն ու տեղակալն էր Պապ զորապետի), գնաց Չավնդուր գավառը, Պայինտուր (Բայինդուր) զորապետի մոտ, նրան տեղեկացրեց, որ մեղրեցիները անհամբեր են և վտանգի մեջ են։»
- Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկի պատմությունը, Գլ. Բ. 43
 

Պաշարման հինգերորդ օրը՝ առավոտյան, թուրքերը կուտակում են իրենց բոլոր ուժերը և, հաշվի առնելով նախորդ ձախողումները, պատրաստվում են վերջնական գրոհին։ Թուրքերին հաջողվում է օրվա երկրորդ կեսին գրավել Մեղրու Փոքր թաղը։

Գետը կամրջով ու ծանծաղուտներով անցնելու ժամանակ սկսվում է նոր մարտ, որը շարունակվում է մինչև ուշ երեկո։

Անհրաժեշտ ուժեր կուտակելու նպատակով Մեղրին պաշարածներն ուշացումով դիմում են Երասխի (Արաքս) հակառակ ափին տեղակայված թուրքական զորամասերին։ Վերջիններս համաձայնվում են, բայց զգուշացնում են, որ գետն անցնելու և միանալու համար պահանջվելու է մեկ օր։ Սեֆիկուլին փոխում է մարտական ծրագիրը։ Նոր գրոհը պլանավորվում է սկսել հաջորդ օրը կեսօրին՝ օգնության շտապող զորամասերին սպասելու համար։

Գիշերային արտագրոհ խմբագրել

Ծանրագույն մարտից հետո երկու կողմերն էլ անցնում են ուժերի վերականգնման, քանի որ ամբողջ օրը տևած մարտում առանց փոխարինման մարտնչելուց հետո հոգնել էին։ Վճռական գրոհի կասեցումից հետո զինվորները գիշերային արտագրոհի են նախապատրաստվում։ Միևնույն ժամանակ ամրոցի պաշտպանները գիտակցում էին, որ արտագրոհը կարող էր սպասված արդյունքը չտալ։

  «Քաջ ու արի մեղրեցիների զորքերը այն գիշեր սխրանքներ գործեցին։ Անցնելով գետի մյուս ափը` անսպասելիորեն թշնամու բանակի մեջ մտան և նրանցից շատերին սուր-սուսերով խորտակեցին, իսկ Շահիսլամի որդին երկու հազարով փախավ Օրդուվար քաղաքը։ Բայց որովհետև մեղրեցիները քիչ էին, չկարող ացան իսպառ ջնջել և վերացնել նրանց այնտեղից, վերստին դարձան Մեղրի։»
- Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկի պատմությունը, Գլ. Բ. 46
 

Անսպասելի գրոհը տալիս է արդյունքներ։ Գետի հակառակ ափն անցած ստորաբաժանումները զգալի կորուստներ են պատճառում ու փախուստի են մատնում թուրքերին։ Մեղրեցիները երկար չեն հետապնդում փախուստի մատնված թուրքերին։ Առաջադրանքը հաջողությամբ ավարտելով` մեղրեցիները լուսադեմին վերադառնում են ելման դիրքերը։ Գիշերվա ընթացքում ստորաբաժանումների անկանոն նահանջի ու տված մեծաթիվ զոհերի պատճառով թուրքերը չէին կարողանում վերականգնել խախտված մարտակարգը, և, կրկնվող անհաջողություններից դժգոհելով, միավորված զորքի ճամբարը լքում է Շեյխ-ուլ-Իսլամի որդին` իր 2 հազարանոց զորամասով հեռանալով դեպի Որդվատ։

Օգնություն խմբագրել

Մինչ Մեղրիում մարտեր էին ընթանում` սուրհանդակի Կալեր հասնելուց անմիջապես հետո օգնելու նպատակով նախապատրաստական միջոցառումներ են սկսվում։ Քանի որ Կալերում ուժերն անբավարար էին, որոշվում է ներգրավել նաև Չավնդուրի ստորաբաժանումներին։ Հավաքվում է մոտ 2 հազար հոգանոց զորամաս, որը Բայինդուր զորապետի գլխավորությամբ շարժվում է դեպի Մեղրի։ Արագ իրականացված զորահավաքը և ռազմերթի ընթացքում տեղաշարժի համար անհրաժեշտ բոլոր միջոցառումների պահպանումը Կապանի նորաստեղծ իշխանության ներքին կազմակերպվածության և զորահավաքային բարձր հնարավորությունների վկայությունն են։ Բայինդուրը զորամասը երթի է հանում զորահավաքից անմիջապես հետո, ինչը հնարավորություն է տալիս երեկոյան անցնել ճանապարհի մեծ մասը, հասնել Մազրան ավանն ու այնտեղ գիշերել։ Բայինդուրն իմացել էր Արաքսի հակառակ ափին գործող թուրքական զորամասերի մասին։ Կարճատև դադարից հետո` կեսգիշերն անց, Բայինդուրը ոտքի է հանում զորամասը, երբ գիշերային իրարանցումից հետո թուրքերի զինվորները քնած էին, և հասնում Մեղրու Մեծ թաղ։

Ավարտ խմբագրել

Բայինդուրը Մեղրի ավանի պաշտպանական ուժերին հայտնում է Արաքսի մյուս ափին տեղաբաշխված զորամասերի մասին իրեն հայտնի հետախուզական տեղեկությունը։ Թուրքերի ուժերի միավորումը կանխելու համար հայերը որոշում են նոր արտագրոհ իրականացնել։ Զորապետը ներգրավում է նաև նախորդ ամբողջ օրը մարտերի մեջ եղած ու գիշերային արտագրոհին մասնակցած մեղրեցիների բոլոր ուժերը։ Հայ զորապետը՝ Բայինդուրը, իր 2000-անոց զորքով Մեղրի հասնելն իրականացրել էր լիակատար գաղտնիության պայմաններում` շրջանցելով թուրքերի բոլոր դիտակետերը։ Թուրքերն ամրոցի պատերին սկսված իրարանցումին ի պատասխան Բայինդուրը կանխարգելիչ միջոցառումներ չի ձեռնարկում։ Արտագրոհների հնարավորությունը բացառելով` առավոտյան զինվորներին թույլատրվում է քնել։

  «Մեղրեցիները շտապ նրանց (օգնության եկածների) համար կերակուր պատրաստեցին։ Այնժամ Պայինտուրը, որ իշխան էր և իր հետ եկած զորքի հրամանատարը, չթողեց նրանց, ասելով. «Մենք ոչինչ չենք ուտի, մինչև Աստծու ողորմածությամբ մեր թշնամիներին չվռնդենք»... Որովհետև մեկ օր առաջ այլազգիները գրել էին թուրքերի զորականներին, որոնք Երասխ գետի մյուս կողմում էին, որ գան օգնության հասնեն իրենց, իսկ դրանք պատրաստ էին բազում գնդերով գալու, իրենց օգնության հասնելու։»
- Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկի պատմությունը, Գլ. Բ. 47-48
 

Իրավիճակը հայերի համար նպաստավոր էր։ Զորավար Բայինդուրը որոշում է ընդունում ուժերը բաժանել երեք հավասար մասի` «յուրաքանչյուր գունդը ութ հարյուր վաթսուն սպառազեն մարդով»։ Հայոց զորապետը զորամասերը գրոհի է ուղարկում սանդղաձև մարտակարգովմ որի նպատակն էր ճակատամարտի ընթացքում մեծաթիվ թուրքերի կրակային խոցման համար այնպիսի պայմաններ ստեղծել, որոնց արդյունքում հնարավոր լիներ հաղթել նրանց։ Փոքրաթիվ ուժերի առաջին հարվածի հզորությունը մեծացնելու համար պահեստազոր չի առանձնացվում։ Ռազմարվեստի տեսանկյունից բացառիկ է, որ գրոհը պետք է սկսեին ոչ թե առաջ ընկած թևերը, այլ հետ մնացող կենտրոնը։

Հայերի այդ մտահղացումը հնարավորություն էր տալիս.

  • առաջին րոպեներից թևանցել թուրքերի ճամբարը,
  • մեծ ճակատով հասցնել առաջին հարվածը,
  • գործողությունների առավելագույն ազատություն թողնել հրազենով զինված ստորաբաժանումների կրակի համար,
  • հնարավորության դեպքում թևերն էլ ավելի առաջ տանել և թևանցումը վերածել շրջանցման։
  «Ապա (Բայանդուրը) մի գունդն ընդառաջ ուղարկեց թուրքերի դեմ ճակատելու և մյուս երկու գնդերը ձայն տալով խրախույս կարդացին և վրա հասան թուրքական զորքերին աջից ու ձախից և օրվա տասնվեցերորդ ժամից մինչև քսաներորդ ժամը շրջապատեցին, իրենց մեջ առան անօրենների զորքերի բազմությունը և այն օրը նրանցից կոտորեցին ավելի քան տասնմեկ հազար մարդ, մյուսներին հալածեցին Օրդուվար, իսկ հաջի Շափիին, որ ամենից աչքի ընկնողն էր, ձերբակալեցին։»
- Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկի պատմությունը, Գլ. Բ. 49
 

Հայերի գրոհը սկսվում է կեսօրին։ Թուրքերի մեծ մասը քնած էր։ Առավոտյան արթնացողների մի մասը չէր զինվել ու հանդերձավորվել։ Մարտը սկսում է կենտրոնի զորամասը, որն իր քանակով գրեթե հավասար էր գիշերը մեղրեցիների արտագրոհին մասնակցած ուժերին։ Ամրոցի պաշտպաններին օգնության հասած ուժերի մասին թուրքերը տեղյակ չէին։ Թուրքերը տագնապով զորքը ոտքի են հանում՝ առանց մարտակարգ ձևավորելու, որից հետո հակագրոհ իրականացնում։ Մարտադաշտ են հասնում զորաթևերի ստորաբաժանումները և գրոհում կենտրոնի զորաթևի դեմ հավաքված թուրքերի թևերը։

Երկրորդ հարվածն էլ ավելի անսպասելի էր դեռ մարտակարգ չձևավորած թուրքերի համար, որի ստորաբաժանումները շտապում են շրջվել դեպի աջ ու ձախ։ Ուժեղ խաչաձև (թևային) կրակի տակ ընկած թուրքերը փորձում են նահանջել` թևային հարվածների տակից դուրս գալու համար։ Թուրքերը երկու կողմից խաչաձև կրակի տակով փորձում են դուրս գալ մնացած միջանցքով։

Թուրքերի կենտրոնը սկսում է նահանջել դեպի հետ, իսկ թևերը` իրենց առջև մարտակարգով շարված հայկական զորամասերի հակառակ ուղղությամբ՝ փակելով կենտրոնի ուժերի նահանջի ճանապարհը։ Թուրքերի մոտ առաջացած խուճապից օգտվելով՝ հայկական զորամասերը կենտրոնում սկսում են առաջ շարժվել և ձեռնամարտի բռնվել թուրքերի հետ, որոնք պահպանում էին քանակական գերազանցությունը, որի շնորհիվ նրանց հաջողվում է դանդաղեցնել հայկական կենտրոնի առաջխաղացումը։ Թուրքերի թևերի նահանջից հետո համեմատաբար ազատված հայոց թևերն առաջ են անցնում ու սկսում շրջապատել մարտադաշտում մնացածներին։ Վերջիններս նահանջի մի քանի անհաջող փորձերից հետո դադարեցնում են դիմադրության փորձերը և գերի հանձնվում։ Հայերի կողմից գերի է վերցվում նաև թուրքերի զորամասի հրամանատարը։

Մարտադաշտից ոչ մեծ հեռավորության վրա` Երասխի մյուս ափին կենտրոնացած թուրքական զորամասերը չեն անցնում գետն ու հետ են քաշվում։ Դա հայկական զորամասերին ազատում է թևային հարվածի սպառնալիքից։ Հայոց զորքերը հետապնդում են նահանջողներին մինչև Որդվատ։

Մեղրու ճակատամարտը 1720-ական թվականների հայոց ազատագրական շարժման կարևոր հաղթանակներից է։

արդյունք խմբագրել

Սյունիքում և Արցախում կազմակերպված ազատագրական շարժումը հանգեցնում է հայկական ինքնավար իշխանապետությունների ստեղծմանը։ Այդ իրողության հետ հաշվի էին նստում նաև հարևան երկրները։ Դրա վկայությունն է պարսկական արքունիքի կողմից Դավիթ Բեկի և նրան հաջորդած Մխիթար Սպարապետի իշխանության ճանաչումը։ Հաշվի առնելով թուրքական սպառնալիքը` Թահմազ Բ շահն առաջարկում է Դավիթ Բեկին դաշնակցել թուրքական հորդաների դեմ պայքարում։ Ձևավորվող հայ-իրանական ռազմաքաղաքական միության ամրապնդման հաջորդ քայլն է դառնում շահի կողմից Դավիթ Բեկին սեփական դրամ հատելու իրավունք շնորհելը։ Պատմական այդ ժամանակաշրջանում դա նշանակում էր փաստացի ճանաչել Սյունիքի հայկական իշխանապետության անկախությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեր հաղթանակները», հատոր Դ։ Երևան։ «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջեր 34-44
  2. Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկի պատմությունը, Գլ. Բ. 39