Մելեագրոս, հունական դիցաբանության հերոս, արգոնավորդներից է։ Հայրը Կալիդոն քաղաքի արքա Օյնևեսն է, իսկ մայրը Ալթեան։ Այս հերոսը շատ զորեղ է եղել և մի քանի անգամ փրկել է իր հայրենի քաղաք Կալիդոնը։

Մելեագրոսը

Վիթխարի վարազի սպանությունը

խմբագրել

Մելեագրոսի հայր Օյնևսը մի անգամ իր այգիներում տոնախմբություն է կազմակերպում և զոհաբերություններ մատուցում օլիմպիական աստվածներին և միայն Արտեմիսին զոհաբերություն չի մատուցում, որը և շարժում է դիցուհու զայրույթը։ Արտեմիսը որոշում է պատժել Օյնևսին ահեղ վարազ ուղարկելով նրա երկիր։

Վարազը իր հսկա բերանով արմատախիլ էր անում ծառերը, ոչնչացնում խաղողի այգիները, անապատ դարձնում ծաղկած դաշտերը։ Նա չէր խնայում նաև մարդկանց, ողջ Կալիդոնում սուգ էր տիրում։ Այս ամենը անտարբեր չթողեց Օյնևս արքայի որդուն՝Մելեագրոսին։ Նա որոշում է սպանել այդ սարսափազդու կենդանուն։ Մելեագրոսը հավաքում է Հունաստանի շատ ու շատ հերոսների և ձեռնամուխ լինում վարազի որսին։ Նա իր մոտ է կանչում Թեսալիայից` Պերիթոոսին, Փերեից` Ադմետոս արքային, Աթենքից` Թեսևսին, Սպարտայից` Կաստրոին և այլոց, որպեսզի օգնեն իրեն։ Որսին մասնակցում էր նաև արագավազ Ատլանտեն, որը լեռներում էր մեծացել։ Նրա հայրը ծնվելուց անմիջապես հետո փոքրիկին տարել էր լեռները, քանի որ չէր ցանկանում աղջիկ երեխա ունենալ։ Աղջիկը մեծացել էր կիրճերում, և նա իբրև որսորդ հավասար էր անգամ Արտեմիսին։

Օյնևսը իր տանը ինը օր հյուրասիրեց տարբեր տեղերից ժամանած որսորդներին նոր միայն ճանապարհեց որսի։ Որսորդների շների մեծաթիվ ոհմակների ձայնից թնդում էր ողջ անտառը։ Նրանք կարողացան իր բնից հանել վարազին և հետապնդել դեպի որսորդների թաքստոցը։

Որսորդները համախմբված ուժերով պայքարում էին վարազի դեմ, շտապելով առաջինը խոցել նրան։ Որսորդներից աներկյուղ Անքեոսը փորձում էր սպանել վարազին, երբ նա իր սուր ժանիքներով վերք հասցրեց երիտասարդին։ Հենց այդ ժամանակ Ատլանտեն լարելով իր աղեղը սուր նետը արձակեց դեպի վարազը և վիրավորեց նրան։ Վերջապես վրա հասած Մելեագրոսը վերջ տալով որսին սպանեց ահեղ վարազին։

Էտոլապլևրական պատերազմը

խմբագրել

Սակայն խնդիր առաջացավ, ում պետք է հասներ պարգևը։ Շատ հերոսներ էին մասնակցել վարազի որսին ու բոլորն էլ որոշակի վերք էին հասցրել նրան։ Դրա համար կռիվ ծագեց, իսկ Արտեմիսը, որը զայրացած էր Մելեագրոսի վրա, որ իր վարազին էր սպանել, ավելի բորբոքեց պառակտությունը։

Սակայն պառակտությունը պատերազմ առաջացրեց էտոլացիների` Կալիդոն քաղաքի բնակիչների և կուրետների, այսինքն հարևան Պլևրոն քաղաքի բնակիչների միջև։ Մարտի թոհուբոհի մեջ Մելեագրոսը չնկատեց թե ինչպես սպանեց իր մորեղբորը։ Նրա մայրը` Ալթեան շատ է վշտանում եղբոր կորստից, նա ցասումով էր լցվել, երբ իմացել էր, որ որդին է սպանել իր եղբորը։ Ալթեան խնդրում է խավարադեմ աստված Հադես աստծուն և նրա կնոջը՝Պերսեփոնեին, որպեսզի պատժեն իր որդուն։ Մելեագրոսը իմանալով այս ամենի մասին շատ է վշտանում և հետ է քաշվում ճակատամարտից, տխուր տրտում վերադառնալով Կլեոպատրիայի օթարան։

Կուրետները հաղթում էին էտոլացիներին, քանի որ Մելեագրոսը այլևս նրանց հետ չէր։ Կալիդոնը պաշարված էր և նրան կործանում էր սպասվում։ Կալիդոնի ծերերը աղերսում էին Մելեագրոսին, նրան պարգևներ խոստանում, խնդրում վերադառնալ ռազմի դաշտ, սակայն նա ոչ ոքի չէր լսում։ Նրա օգնությունն էին աղերսում ծեր հայրը, քույրը, մայրը, սակայն նա անդրդվելի էր։ Նրանք խնդրում էին մոռացության տալ բարկությունը, չէ որ սիրելի Կալիդոնն էր կործանվում։

Այդ ժամանակ կուրետները հրի էին մատնել քաղաքի տները, և վերջապես հարվածներից ցնցվեցին նաև Կլեոպատրիայի օթարանի պատերը։ Մելեագրոսի ոտքերի տակ է հայտնվում կինը և սկսում աղաչել թույլ չտալ կուրետներին ավերել քաղաքը, չէ որ հաղթողները իրենց հետ կտանեին երեխաներին և կանանց, և որ նա հաստատ այդպիսի ճակատագիր չի ցանկանում իր համար։ Մելեագրոսը կնոջը լսելուց հետո կապեց զենք ու զրահը և մխրճվեց ճակատամարտի մեջ։ Նա կրողացավ հետ մղել կուրետներին ու փրկել հայրենի Կալիդոնը։

Մելեագրոսի մահը

խմբագրել

Հայրենի քաղաք Կալիդոնը փրկելուց հետո կործանում էր սպառնում նաև Մելեագրոսին։ Ալթեայի նզովքները հասել էին ստվերների թագավորություն։ Ապոլոն աստծու նետից մահացու վերք ստացած ընկնում է խիզախ Մելեագրոսը, նրա հոգին գնում է և միզուլվում ստվերների վշտալի թագավորությանը։

Գրականություն

խմբագրել

Ն. Ա. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները - 1989 թ.