Մասնակից:Lida Ghapantsyan/Ավազարկղ
Երկիր | Հայաստան |
---|---|
Տեսակ | մարզային գրադարան |
Գործունեության ոլորտ | գրադարանային գործ |
Հիմնվել է | 1922 թվական |
Հասցե | Սիսակյան 2/10, Աշտարակ, Արագածոտնի մարզ |
Այլ տվյալներ | |
Կայք | aragatsotn.reglib.am |
Արագածոտնի մարզային գրադարան, Արագածոտնի մարզի ամենամեծ գրականության պահոցն ունեցող գրադարանը: Հիմնադրվել է 1922 թվականին։ Գտնվում է Աշտարակ քաղաքի Սիսակյան 2/10 հասցեում։
Գրադարանի պատմություն խմբագրել
1918 թվականից Հայաստանում սկսում են ստեղծվել հանրային գրադարանի նախատիպը հանդիսացող խրճիթ-ընթերցարաններ: Աշտարակում խրճիթ-ընթերցարանը կազմավորվում է 1922 թվականին: Սկզբնական շրջանում ընթերցարանի հավաքածուն կազմվում է անվանի մտավորականներ` Գրիգոր Ղափանցյանի, Երվանդ Շահազիզի, Սիմոն Թումանյանի և այլոց անձնական գրադարաններից՝ նվիրատվությունների միջոցով: 1923 թվականին այն արդեն ուներ 1050 կտոր գիրք[1]:
1927-1928 թվականին խրճիթ-ընթերցարանի վարիչ է աշխատել ծնունդով աշտարակցի, տիեզերական կենսաբանության հիմնադիր, ակադեմիկոս Նորայր Սիսակյանը: Նրա շնորհիվ է դրվել գրադարանային գործի հիմքերը` ֆոնդերի դասակարգումը, հանրությանը տեղեկատվությամբ ապահովելը:
Խրճիթավարների աշխատանքի շնորհիվ Աշտարակում 1928-1930 թվականներին գրեթե հաղթահարվում է անգրագիտությունը:
1930 թվականին ավարտվում է խրճիթ-ընթերցարանի գործնեությունը` հիմք դառնալով շրջանային գրադարանի ձևավորմանը:
1930 թվականից ընթերցարանի հիմքի վրա ստեղծվում է Աշտարակի շրջանային գրադարանը, որն իր գոյության ժամանակահատվածում առավել արդյունավետ է դարձնում գրադարանային աշխատանքը` օգտագործելով պրոպագանդայի գրավոր ու բանավոր ձևերը, կոնֆերանսներ, տեսություններ, զրույցներ, վահանակներ: Լինելով տեղեկատվական կենտրոն` գրքերի հետ պարբերաբար համալրվել է նաև օրվա մամուլը, ընդլայնվել են կապերը ուսումնական հաստատությունների հետ:
1941-1945 թվականների Մեծ հայրենականի տարիներին գրադարանը վերակառուցվում է, դառնալով կազմակերպչական աշխատանքի կենտրոն: Գրադարանավարները աշխատում են ապահովել թիկունք-ռազմաճակատ նամակագրական կապը: Պատերազմի ավարտից հետո գրադարանի աշխատողները զբաղվում են մարտադաշտում ընկած, անհայտ կորած զինվորների կենսագրակական տվյալների հավաքագրմամբ, ստեղծում Մեծ հայրենականին մասնակցած մարտիկների լուսանկարներով վահանակներ:
Հետպատերազմյան տարիներին Աշտարակի շրջանային գրադարանը համալրվում է անհրաժեշտ գրականությամբ ու մամուլով, ստեղծվում են գրացուցակներ, գրքերը դասավորվում են տասնորդական դասակարգման աղյուսակով, գրականությունը դասավորվում է ըստ բաժինների: Ընթերցողների սպասարկումը կազմակերպվում է ըստ տարիքային խմբերի:
Շրջանային գրադարանը գործունեության տարիներին աչքի է ընկել հետաքրքիր միջոցառումներով շրջանի և հանրապետության ճանաչված մտավորականների մասնակցությամբ: Գրադարանն իր աշխատանքների համար 1948 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ ‹‹Լավագույն գրադարան›› դիպլոմով և մի շարք պատվոգրերով:
Շրջանային գրադարանը գործել է մինչև 1977 թվականը:
Շրջանային գրադարանի հիմքի վրա 1977 թվականին ձևավորվում է կառուցվածքային նոր միավոր` գրադարանների կենտրոնացված համակարգ (ԳԿՀ):
ԳԿՀ-ն կազմված էր կենտրոնական, քաղաքային և 26 գյուղական մասնաճյուղ-գրադարաններից` կենտրոնացնելով գրադարանային գործը շրջանում: ԳԿՀ-ն հաշվառում է շրջանի բոլոր գրադարանների գրքային ֆոնդը, ստեղծում ֆոնդերի համընդհանուր համահավաք և հաշվառման գրանցային գրացուցակներ: Կենտրոնական գրադարանի կառուցվածքում ձևավորվում են բաժիններ, որոնք կազմակերպում են գրադարանային գործը գրքի մուտքից մինչև սպասարկում թե՛ կենտրոնում, թե՛ մասնաճյուղերում: Կենտրոնական գրադարանում նոր ստացված գրքերը մշակվում են, քարտագրվում և ուղեկցող փաստաթղթերով, գրացուցակային քարտերով բաշխվում գյուղական գրադարաններին:
Առաջին անգամ ընդհանուր գրքային ֆոնդից առանձնացվում է մանկական գրականությունը և ձևավորվում է մանկական բաժինը, որն էլ գործում է մինչև օրս:
Գրադարանային գործի կազմակերպման առումով ԳԿՀ-ն որակապես նոր փուլ էր, անցումային այդ դժվար ժամանակահատվածում գրքային ֆոնդը անկորուստ ու անվնաս պահպանվել է գրադարանի աշխատակիցների շնորհիվ: Այդ տարիներին բարելավել և ընդայնվել է գրադարանի աշխատանքների ծավալը:
Գրադարանի գործունեություն խմբագրել
1997թ. հուլիսի 1-ից ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանի հիմքի վրա ստեղծվում է Արագածոտնի մարզային գրադարանը և նույն թվականի սեպտեմբերի 17-ին անվանակոչվում մեծանուն աշտարակցի, անվանի գրող, Վարդգես Պետրոսյանի անունով:
Վ.Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարանը ապահովում է մարզի բնակչության գրադարանային, տեղեկատվական մատչելիությունը, իրականացնում է գրադարանային, մշակութային, կրթական ծրագրեր, իր գործառույթներով նպաստում գրքի հանրահռչակմանն ու ընթերցանության աճին:
Իր գործունեության տարիների ընթացքում Արագածոտնի մարզային գրադարանը ունեցել է ստեղծագործական ձեռքբերումներ, լույս է ընծայել ‹‹Գրքի տաճարի սպասավորները›› (2005թ.) և ‹‹Օհանավան››(2007թ.) գրքերը, ինչպես նաև Արագածոտն մարզի համայնքների պատմությանը նվիրված ‹‹Արագածոտնի շեները›› խորագրով մատենաշարի թերթոններ: Գրադարանը գործնական մասնակցություն է ունեցել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատան գրադարանի ստեղծման աշխատանքներին:
2010թ.-ին գրադարանի աշխատակիցների ջանքերով իրականացվել է Մեծ հայրենականին և Արցախյան հերոսամարտին նվիրված փաստագրական նյութերի ու ցուցանմուշների հավաքագրման, ձևավորման աշխատանքներ, որոնց շնորհիվ Աշտարակում ստեղծվել է ‹‹Փառքի սրահ›› թանգարան:
Արագածոտնի մարզային գրադարանը հիմնական կառուցվածքային փոփոխություններ չի կրել, բայց բաժինների աշխատանքները վերակառուցվել են նոր պահանջներին համապատասխան: 2011 թվականին գրադարանը հիմնանորոգվել է, համալրվել ժամանակակից տեխսարքավորումներով:
Արագածոտնի մարզային գրադարանը համագործակցում է մարզային ու քաղաքային կառույցների, Հայաստանի Ազգային գրադարանի, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Հայկական գրադարանային ասոցիացիայի, ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուսների կենտրոնի, կրթական, մշակութային հաստատությունների, Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի, միջազգային բարեգործական, նաև հասարակական կազմակերպությունների, ժամանակակից գրողների, մշակութային գործիչների, հրատարակչությունների և գրավաճառ կազմակերպությունների հետ:
Արագածոտնի մարզային գրադարանի գրքային հավաքածուն համալրվում է նոր հրատարակություններով, ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով, ընթերցողների կողմից պահանջված ուսումնական, ծրագրային և գեղարվեստական գրականությամբ: Գրադարանային ծառայությունների նորովի մատուցման համար, բացի գրքային հարուստ հավաքածուից, ընթերցողներին հնարավորություն է ընձեռված օգտվելու տեղեկատվություն պարունակող բոլոր էլեկտրոնային կրիչներից, գիտական շտեմարաններից:
Արագածոտնի մարզային և համայնքային գրադարանի գրադարանավարները մշտապես մասնակցում են Հայաստանի ազգային գրադարանի կողմից կազմակերպած «Վարպետաց դասեր» ուսուցողական կատարելագործման դասընթացներին:
Արագածոտնի մարզային գրադարանի ամբողջ գրքային հավաքածուն ընդգրկված է Հայաստանի գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակում:
Գրադարանը մասնակցում է Հայաստանի ազգային գրադարանի կողմից իրականացվող հայ պարբերական մամուլի սկանավորված էջերի մշակման աշխատանքներին:
Պարբերաբար համալրվում է Արագածոտնի մարզային գրադարանի հոբելյանական, թեմատիկ, «Արագածոտնի մարզը` գրքերում և մամուլում» խորագրով երկրագիտական, մատենագիտական քարտարանները:
Գրադարանի ծրագրերի, միջոցառումների լուսաբանումը հանրայնացվում է Facebook-յան էջով, գրադարանի պաշտոնական կայք էջով aragatsotn.reglib.am, և Youtube-յան էջով, ինչպես նաև տեղական լրատվամիջոցներով: Գրադարանի սոցիալական կայք էջում տեղադրվում են հայտարարություններ, նորություններ, միջոցառումների հրավերներ և լուսանկարներ, տեսաշարեր, նվիրված պետական և ազգային տոներին, նաև հանրությանը իրազերկում նոր համալրված գրականության մասին, ինչպես նաև ներկայացվում հիշարժան տարեթվերի օրացույցը, թարմացված յուրաքանչյուր ամսվա կտրվածքով:
Մարզային գրադարանը հանրության տարբեր տարիքային խմբերի համար իրականացնում է կրթական, մշակութային ծրագրեր, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդներին ու դպրոցականներին: Գրադարանը պարբերաբար հանդես է գալիս նոր ու հետաքրքիր նախաձեռություններով, որի նպատակն է ընթերցանության խրախուսումը, նոր ընթերցողների ներգրավումը ընթերցանության ոլորտ, ինչպես նաև ամրապնդում գրադարան-կրթական հաստատություն-հանրություն կապը:
Կազմակերպվում է այցելություն գրադարան ինչպես Աշտարակի, այնպես էլ համայնքի դպրոցների աշակերտների, մանկապարտեզների, նախակրթարանների սաների համար: Գրադարանում գործում է «Գրքատուն» ակումբը, որը իր շուրջն է հավաքում գիրքը սիրող ու գնահատող երիտասարդներին:
Գրադարանում կրտսեր տարիքի ընթերցողների համար գործում է «Հեքիաթի սենյակ»-ը:
Արագածոտնի մարզային գրադարանը ապահովում է համայնքային գրադարանների տեղեկատվական խորհրդատվությունը, նպաստելով գրադարանային գործի նորովի կազմակերպմանը:
Այսօր արդեն մոտ մեկդարյա պատմություն ունեցող Արագածոտնի մարզային գրադարանը պահպանում և շարունակում է զարգացնել տարիներով ձևավորված ավանդույթները` կարևորելով նոր տեխնալոգիաների օգտագործումը ավանդական սպասարկման գործում:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Գրիգորյան, Գասպար (2005). Գրքի տաճարի սպասավորները. Երևան: Լուսակն. էջ 7.