Տիեզերական կենսաբանություն

Տիեզերական կենսաբանություն, կենսաբանության բաժին, ուսումնասիրում է տիեզերական տարածության տարբեր գործոնների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա։ Տիեզերական կենսաբանության խնդիրներից է նաև տիեզերական թռիչքների պայմաններում երկրային օրգանիզմների կենսագործունեության ապահովման միջոցների (արհեստական կենսաբանական համակարգերի էկոլոգիա) և կենսաբանական հետազոտությունների մեթոդների մշակումը։ Կենդանի օրգանիզմների վրա տիեզերական թռիչքի պայմանների, առաջին հերթին կարճատև (8-10 րոպե) անկշռության, ազդեցության վերաբերյալ նախնական տվյալները ստացվել են ԽՍՀՄ-ում, 40-ական թվականների վերջերին, 50-ականների սկզբներին՝ 110-450 կմ բարձրության վրա արձակված կենդանիներ և այլ կենսաբանական օբյեկտներ կրող հրթիռներում անցկացված գիտափորձերում։ ԽՍՀՄ-ում տիեզերական կենսաբանության բնագավառում կանոնավոր հետազոտություններն սկսվել են 1957 թվականից, երկրորդ արհեստական արբանյակով Լայկա շան թռիչքից հետո։ Այս գիտափորձերը հնարավորություն տվեցին գնահատել այն պայմանները, որոնց մեջ են ընկնում կենդանի օրգանիզմները տիեզերական տարածություններում թռիչքների ընթացքում։ Միաժամանակ փորձարկվել և մշակվել են տիեզերանավի խցում կենսաապահովման համակարգեր։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ մարդու թռիչքը տիեզերք հնարավոր է։ Տիեզերական թռիչքի ժամանակ կենդանի օրգանիզմի վրա ներգործում են բազմաթիվ անբարենպաստ գործոններ։ Դրանք կարող են կապված լինել տիեզերական տարածության ֆիզիկական վիճակի (միջավայրի նոսրություն, իոնացնող ճառագայթում, որոնք բացառում են օրգանիզմների ելքը բաց տիեզերք առանց պաշտպանական հագուստի և այլն), թռչող ապարատի թռիչքի առանձնահատկությունների (աղմուկ, թրթռում, արագացում, անկշռություն) և տիեզերանավի խցիկում կենդանի օրգանիզմի գոյության պայմանների (արհեստական մթնոլորտ, շարժումների սահմանափակում, հուզական լարվածություն և այլն) հետ։ Տիեզերական կենսաբանության կարևորագույն ուղղությունն այդ գործոնների ազդեցության (ինչպես առանձին, այնպես էլ ընդհանուր) ուսումնասիրումն է կենդանի օրգանիզմների վրա։ Հետազոտություններն անցկացվում են Երկրի վրա, մոդելավորմամբ և տիեզերական ռեալ թռիչքների պայմաններում։ 1966-1979 թվականներին «Կոսմոս» արբանյակներում տարբեր տևողության (18-22 օր) կոմպլեքս գիտափորձեր են կատարվել 37 կենսաբանական օբյեկտների (ամենամեծ ծավալով՝ կաթնասունների՝ սպիտակ առնետների) վրա։ Ուսումնասիրվել են, այսպես կոչված, մաքուր անկշռության (գլխավորապես մկանային, արյունատար, մարսողական և, այլ մյուս համակարգերի, որոնց գործունեությունը կապված է երկրային ծանրության ուժի ազդեցության հետ) փոփոխությունները, ինչպես նաև անկշռության և ճառագայթման համակցված ազդեցությունը (առնետների ճառագայթային հիվանդության ընթացքը անկշռության պայմաններում գործնականում չի տարբերվում երկրայինից)։ Կենսաբանական արբանյակներում արհեստական գրավիտացիա ստեղծելու ուղղությամբ մի շարք գիտափորձեր ցույց տվեցին, որ օրգանիզմում անկշռության ազդեցությամբ զարգացող անբարենպաստ փոփոխությունները հնարավոր է նշանակալիորեն կանխարգելել։ Ուսումնասիրված են նաև տիեզերական թռիչքների գործոնների ազդեցության հեռավոր հետևանքները, օրինակ, պարզվեց, որ տիեզերքում եղած արու առնետների կյանքի տևողությունը կարճ չէ ստուգիչ (կոնտրոլ) կենդանիների կյանքից։ Ստացված արդյունքները հարստացրել են մեր գիտելիքները կենդանի օրգանիզմների անկշռությանը հարմարվելու մեխանիզմների, կենսաբանական հիմնական պրոցեսներում (բջիջների բաժանում, ժառանգական ինֆորմացիայի հաղորդում, օրգանիզմների աճում և զարգացում) գրավիտացիայի դերի վերաբերյալ։ Իրագործված է նաև բույսի զարգացման ամբողջական շրջանը (ցիկլ) անկշռության պայմաններում։ Այս տվյալները թույլ են տվել հիմնավորել երկարատև ղեկավարվող տիեզերական թռիչքների բժշկակենսաբանական ապահովման հանձնարարականներ և կանխատեսել այդ թռիչքների տևողության հետագա երկարացումը։ Տիեզերքում կենդանի նյութի գոյության, տարածման հնարավորությունները, էվոլյուցիայի առանձնահատկությունները ուսումնասիրում է տիեզերական կենսաբանության ուղղություններից մեկը՝ էքսոկենսաբանությունը։ Տիեզերական կենսաբանության նվաճումները լուսաբանվում են խորհրդային և արտասահմանյան մի շարք գիտական հատուկ ամսագրերում։

Գրականություն խմբագրել

Գրկ․ Биологические исследования на био¬спутниках «Космос», М․, 1979. Влияние динамических факторов космического полёта на организм животных, М․, 1979. Проблемы космической биологии, т-1—47, М․, 1962—1983; Газенко О․ Г․, Космическая биология и медицина։ вчера и сегодня, «Земля и Вселенная», 1983.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։