Մասնակից:Kharatyansyuzanna/Ավազարկղ

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Հովհաննես Թումանյանի Դսեղում գտնվող հայրական տունը 1939թվին դարձել է տուն-թանգարան։

Պատմություն խմբագրել

Թանգարանը երկհարկանի շինություն է. առաջին հարկն ունի չորս սրահներ, իսկ երկրորդ հարկը՝ Թումանյանի ամառանոցն է: Թանգարանն ունի 280 ցուցանմուշ, նաև գիտաօժանդակ նյութեր: Առաջին հարկի երկու սրահները՝ հացատունը և մեծ «օթախը», ոչ միայն Թումանյանի մանկության մասին են պատկերացում տալիս, այլև՝ 19-րդ դարի հայ կենցաղի:

 
Սանդերք, ճախարակ Թումանյանի տուն-թանգարանում
 
Թումանյանի պապի թուրը Թումանյանի տուն-թանգարանում
 
Թումանյանի օրորոցը Թումանյանի տուն-թանգարանում

Հավաքածու խմբագրել

Այս երկու սրահների ցուցանմուշների միջոցով այցելուն գաղափար է կազմում, թե ինչ կենցաղով է ապրել գյուղացին 19-րդ դարում: Դրանք բոլորը Թումանյանի հայրական տան իրերն են: Առաջին սրահում ցուցադրված են ամբարներ, որոց մեջ գյուղացիները պահել են ցորեն, ալյուր՝ ամբողջ տարվա հացի պաշարը: Ամբարներից մեկի վրա դրված է կուժը, որով աղջիկներն ու տան հարսները ջրի են գնացել: Մյուս ամբարի վրա Թումանյանի մոր խմորի տաշտն է, կոտը, կես կոտը: Կշեռք չլինելու պատճառով վերջին երկու իրերով չափել են մթերքը: Տունն օջախն է տաքացրել, օջախի վրա դրված պղնձում ճաշ են պատրաստել: Հացի փուռը կառուցված է տան մեջ: Այստեղ կա նաև թոնիր, բայց գյուղում սովորություն չի եղել լավաշ թխելու: Թոնիրն օգտագործել են տունը տաքացնելու համար:

Թանգարանի երկրորդ սրահը կոչվել է Մեծ «օթախ»։ Այստեղ ուշագրավ իրերից է Թումանյանի օրորոցը: Թումանյանի պապի թուրը մինչև օրս պահպանվում է այստեղ: Թումանյանի պապը, որին նույնպես Օհանես էին ասում, ցարական բանակի ենթասպա էր, քաջ մարդ, որ տարվա մեծ մասը դրսում էր անցկացնում: Նա թույլ չէր տալիս, որ օտարները թալանեն Դսեղը և նրա շրջակայքի գյուղերը: Հետաքրքիր ցուցանմուշներից են նաև Թումանյանի մոր սանդերքը և ճախարակը, որոնց ծանոթ են միայն հին սերնդի կանայք:

Այս սրահում է, որ երեկոները հավաքվում էին գյուղացիները, Թումանյանի հոր՝ Տեր Թադևոսի չոնգուրի նվագի տակ զրուցում էին, պատմում հետաքրքիր դեպքեր՝ լսած կամ իրենց գլխով անցած: Նաև պատմում էին հեքիաթներ: Թումանյանը ուշադիր լսում էր դրանք: Հետագայում այս պատմությունները, հեքիաթները, Լոռվա շքեղ բնաշխարհը դարձան նրա ներշնչանքի աղբյուրը[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

Պատմություն խմբագրել

Դսեղի Հովհ․ Թումանյանի տուն-թանգարանի ցուցադրության մեջ կա բաժին, որտեղ Թումանյանը ներկայացվում է ոչ թե որպես բանաստեղծ, այլ՝ իր ժողովրդի մեծ զավակ: Մեծ եղեռնի տարիներին Թումանյանը երկու անգամ եղավ Արևմտյան Հայաստանում: Նպատակն էր՝ տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ: Նա տեսնում էր թուրքերի և քրդերի վայրագությունների հետքերը, դատարկված շեներ: 1915թվի ամռանը Թումանյանը լսում է, որ Երևանից Էջմիածին տանող ճանապարհին մեռնում են Արևմտյան Հայաստանից գաղթածները, հատկապես երեխաները: Իր ժողովրդի հետ կատարվող եղեռնագործությունը մեծ հումանիստին ու հայրենասերին թույլ չի տալիս հանգիստ նստել Թիֆլիսում: Ամռանը գալիս է Էջմիածին: Այդ մասին Զորավար Անդրանիկը գրում է. «Կրնար կեղծ բառերով և փուճ արցունքներով, նստած և ընկողմանած ճոխություններու մեջ, հայրենիքի վիշտը երգել թուղթի վրայ… կրնար ամառանոցներ և հանքային ջուրերու հեշտանքը վայելել…կրնար հարստանալ և փողերու տիրանալ, բայց այս բոլորը իր ցեղին բեկորներու համար»: Այն ինչ տեսնում է Էջմիածնում ցնցում է բանաստեղծին: Էջմիածնից ընտանիքին գրում է. «Անկարելի է նկարագրել, թե ինչ զարհուրելի աղետ է, որի ականատեսն եմ ես: Բոլոր ճանապարհները, բոլոր շինությունները, բոլոր բնակությունները լիքն են մերկերով, քաղցածներով, հիվանդներով, լացողներով, տնքացողներով, մեռնողներով: Երեխանե՛ր, երեխանե՛ր, երեխանե՛ր…անտեր, սոված, հիվանդ: Այժմ էլ ինձ է վիճակվել այդ երեխաների խնամատարության գործը»։ Չնայած մոլեգնում էր համաճարակը, բայց Թումանյանը հաշվի չէր առնում իր անձը, կազմակերպում էր սնունդ, դեղորայք հայթայթելու գործը, շրջում էր հիվանդների մեջ, շոյում, գուրգուրում, մխիթարում: Այդ թվին Թումանյանը գրեց «Հոգեհանգիստ» բանաստեղծությունը բոլոր նրանց համար ովքեր կոտորվում էին գաղթի ճամփաներին ու ցրված էին «մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև ծովն հայոց, մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ»: Հետագայում Թումանյանը կոչվեց հայոց որբերի հայրիկ:

Գրականություն խմբագրել

Նվարդ Թումանյան, «Հուշեր և զրույցներ», Էդիթպրինտ, 1987 թ․

Պատմություն խմբագրել

1921թ․ Թումանյանը վատառողջ էր, ապրում էր Թիֆլիսում և Թիֆլիսի բժիշկները որոշեցին վիրահատել: Դա չօգնեց Թումանյանին: Նա տեղեկացավ, որ Բեռլինում իրականացնում են ճառագայթային բուժում և շատ էր ցանկանում Մոսկվայով այցելել Բեռլին։

1922թվին դեկտեմբերյան ցրտաշունչ մի օր Թումանյանը ճանապարհվեց Մոսկվա: Թումանյանին ուղեկցում էին կրտսեր որդին՝ Արեգը, Աշխեն և Նվարդ դուստրերը և բժիշկ Սաղյանը: Մոսկվայի Օստոումովյան հիվանդանոցի բժիշկները խորհուրդ չտվին, որ Թումանյանը գնա Բեռլին. պատճառը Բեռլինում քաղաքական խառն իրադրությունն էր և Թումանյանի ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի ուշացած բուժումը։

1923թ․ մարտի 23-ին Թումանյանը մահկանացուն կնքեց Մոսկվայում: Բանաստեղծի մարմինը բացելու ժամանակ նրա որդին՝ Արեգը, թաքուն վերցրեց հոր սիրտը և ֆորմալինի սրվակի մեջ այն բերեց տուն՝ Թիֆլիս: Եղբորը գրած նամակում Արեգն իր արարքը բացատրում է նրանով, որ «չցանկացավ իր աննման հայրիկի՝ աշխարհն ընդգրկող սիրտը հենց այնպես շպրտեն»: Սիրտը որոշ ժամանակ տանը պահելուց հետո ուղարկեցին Երևանի բժշկական ինստիտուտ, որտեղ այն պահվեց մինչև Թումանյանի 125-ամյակը: 1994թ․ սիրտը Կառավարական հանձնաժողովի որոշմամբ բերեցին Դսեղ և ամփոփեցին տուն-թանգարանի բակում՝ ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծով կառուցած մատուռում: Բանաստեղծի աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի պանթեոնում:

Սիրտը մատուռի մեջ դրեց Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը: Այսօր մատուռն ուխտատեղի է հազարավոր այցելուների համար:


Գրականություն խմբագրել

  • Նվարդ Թումանյան, «Հուշեր և զրույցներ», Էդիթպրինտ, 1987 թ․
  1. Իմ Հայաստան ծրագրի պաշտոնական կայք