Խուան Ռոման Ռիկելմե (իսպ.՝ Juan Román Riquelme; ),  Արգենտինացի ֆուտբոլիստ, Լիբերտադորեսի գավաթի հաղթող «Բոկա Խունիորսի» կազմում (2000, 2001, 2007)։ 2001 թվականին Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստը: Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է ավելի քան 50 խաղ: 2008 թվականի օլիմպիական չեմպիոն Արգենտինայի հավաքականի կազմում։

Կենսագրություն

խմբագրել

Ռիկելմեն «Արխենտինոս Խունիորս» դպրոցի աշակերտ է, սակայն այդ ակումբի հիմնական կազմում ոչ մի խաղ չի անցկացրել: 18 տարեկանում նա տեղափոխվեց «Բոկա Խունիորս» և անմիջապես դարձավ այդ ակումբի առանցքային խաղացողը։ «Բոկայում» գտնվելու առաջին ժամանակահատվածում նա երեք անգամ հաղթել է Արգենտինայի առաջնությունում և երկու անգամ՝ Լիբերտադորեսի գավաթում:

2002 թվականին տեղափոխվել է «Բարսելոնա», բայց այդ ժամանակ այս թիմի ղեկավարության մեջ խառնաշփոթ էր, լինում էին մարզիչների և նախագահների հաճախակի փոփոխություններ, թեև Ռոմանը սովորաբար հայտնվում էր հիմնական կազմում։ Սակայն Ռոնալդինյոյի ակումբ գալուց հետո մարզիչ Ֆրենկ Ռայկարդն իր խաղադրույքը կատարեց աշխարհի չեմպիոնի վրա: Ռիկելմեն տեղափոխվել է «Վիլյառեալ» հասարակ ակումբ: Շատ առումներով հենց Ռիկելմայի շնորհիվ է, որ 2000-ական թվականների կեսերին «Դեղին սուզանավը» դարձել է եվրոպական լավագույն ակումբներից մեկը: 2004/05 մրցաշրջանում «Վիլյառեալը» իսպանական Պրիմերայում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ հաջորդ մրցաշրջանում հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Լոնդոնի «Արսենալի» հետ պատասխան խաղի վերջում միայն Ռիկելմեի չիրացրած 11 մետրանոցը խանգարեց նրա թիմին դուրս գալ եզրափակիչ։

2006 թվականի ամռանը Ռիկելմեն դարձել է Արգենտինայի հավաքականի առաջատարը Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունում։ Արգենտինայի հավաքականը խմբային փուլից հետո համարվում էր մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը: Հատկապես էֆֆեկտիվ խաղ են ցուցաբերել Սերբիայի և Չեռնոգորիայի հավաքականի դեմ, որտեղ «Ալբիսելեստեն» հաղթել էր 6։0 հաշվով։ Սակայն քառորդ եզրափակիչում արգենտինացիները դաժան պայքարում (կրկին 11 մետրանոց հարվածաշարում) պարտվեցին մրցաշարի տանտերերին՝ Գերմանիայի հավաքականին, որն ի վերջո գրավեց երրորդ տեղը։

Աստիճանաբար նման հասարակ ակումբում խաղալը (թեև վերջին տարիներին զգալի հաջողությունների էր հասել) սկսել է ծանրանալ Ռոմանի վրա։ 2007 թվականի սկզբին նա վարձավճարով վերադարձել է հայրենի Բոկա և նրա հետ շատ հաջող կերպով անցկացրել է վեց ամիս։ 2007 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում թիմը վստահ հանդես է եկել։ Թիմի հզոր խաղի ապոթեոզը դարձել է բրազիլական «Գրեմիոյի» հետ եզրափակչում դիմակայությունը։ Պորտու-Ալեգրիի թիմը 0:5 հաշվով զիջել է «Բոկային» երկու հանդիպման գումարով: Ռիկելմեն ինքն երեք գոլ է խփել եզրափակիչ խաղերում (մեկ գոլ Բոմբոներայում և երկու գոլ Օլիմպիկո Մոնումենտալի պատասխան խաղում): Նա նաև ճանաչվել է ինչպես մրցաշարի, այնպես էլ եզրափակչի լավագույն խաղացող։ Մրցաշարի ռմբարկուների ցուցակում Ռիկելմեն զբաղեցրեց երկրորդ տեղը. Ռոմանը ոչ միայն ֆիլիգրանային փոխանցումներ տվեց իր խաղընկերներին, այլև 8 գոլ խփեց մրցակիցներին (միայն պարագվայցի հարձակվող Սալվադոր Կաբանասին հաջողվեց ավելի շատ գոլ խփել):

2007 թվականի նույն ամռանը Ռիկելմեն հերթական անգամ հաստատեց իր խաղի բարձր մակարդակը, Ռոմանը 5 գոլ է խփել 5 խաղում՝ Արգենտինայի հավաքականը դուրս բերելով Ամերիկայի գավաթի եզրափակիչ: Եվ միայն Բրազիլիայի դեմ խաղում տեղի ունեցած ձախողումը, որում արգենտինացիները պարտվեցին 0:3 հաշվով, թույլ չի տվել Ռիկելմեի թիմին տոնել հաջողությունը:

Մրցաշարի ավարտին վերադարձել է «Վիլյառեալ», ինչը, ըստ արգենտինացի մասնագետների, թույլ չտվեց Ռոմանին պաշտոնապես ճանաչվել աշխարհի լավագույն խաղացող։ Իսպանական ակումբը չէր վստահում Ռիկելմեին, իսկ ինքը՝ Ռիկելմեն, հասկացրել է, որ մտադիր է վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Բոկա»։ Միևնույն ժամանակ, 2007 թվականի դեկտեմբերին «Բոկան» Լիբերտադորեսի գավաթի հաղթողի իրավունքով մասնակցել է աշխարհի ակումբային առաջնությանը: Անհայտ պատճառներով ՖԻՖԱ-ն հրաժարվեց Ռիկելմեին թույլ տալ մասնակցել այս մրցաշարին՝ դրանով իսկ միայն իջեցնելով սեփական մրցաշարի մակարդակը։ Արդյունքում իտալական «Միլանը» հաղթեց «Բոկային» Ակումբային առաջնության եզրափակիչում 4:2 հաշվով՝ դառնալով առաջին եվրոպական թիմը, որը կարողացավ խախտել հարավամերիկացիների գերիշխանությունը աշխարհի գլխավոր ակումբային մրցաշարում։

 
Ռիկելմեն 2009 թվականին «Բոկայի» կազմում

2008 թվականից Ռոմանը դարձել է «ջենովացիների» լիարժեք խաղացող: 2008 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում «Բոկան» հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է «Ֆլումինենսեին»: 2008 թվականի ամռանը Խուան Ռոմանը Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն՝ լինելով թիմի ավագը։ Տարվա երկրորդ կեսին Ռոմանը ոգեշնչել է իր խաղընկերներին՝ Արգենտինայում հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար: «Ոսկե» մինի մրցաշարում «Բոկան» հաղթանակ տարավ Ապերտուրայում, իսկ Ռիկելմեն իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ դարձավ Արգենտինայի չեմպիոն։ 2008 թվականի վերջին Ռիկելմեն ճանաչվել է Խուան Սեբաստիան Վերոնից հետո Հարավային Ամերիկայի երկրորդ և Արգենտինայի լավագույն խաղացողը։

2008 թվականի նոյեմբերին, երբ Դիեգո Մարադոնան միացավ ազգային թիմին, Ռիկելմեն որոշեց հեռանալ ազգային թիմից՝ հայտարարելով, որ չի լինի թիմում, քանի դեռ Մարադոնան է մարզում նրան։ Դիեգոն մեկնաբանել է «Բոկա Խունիորսի» կիսապաշտպանի՝ իր գլխավորությամբ ազգային հավաքականում խաղալուց հրաժարվելը.

«Այս միտքը խոցեց ինձ մինչև հոգուս խորքը։ Բայց ես չեմ ուզում, որ երկրպագուները ակտիվորեն քննարկեն այս իրավիճակը։ Յուրաքանչյուր ոք ունի ընտրության իրավունք։

Եթե ​​ուզում են ինչ-որ բան ասել, ես ոչինչ չեմ կարող անել բաններների հետ։ Բայց ես երբեք չեմ վիճի երկրպագուների, հատկապես «Բոկա Խունիորսի» երկրպագուների հետ։».

2009 թվականի զգալի մասը Ռիկելմեն վմասվածք է ունեցել։

2010 թվականի օգոստոսի 16-ին Ռիկելմեն «Բոկա Խունիորս» ակումբի հետ 4 տարով երկարաձգել է պայմանագիրը։

2015 թվականի հունվարի 26-ին Ռիկելմեն հայտարարել է 36 տարեկանում իր խաղային կարիերայի ավարտի մասին[1][2][3]։ Բայց Ռիկելմեի հրաժեշտի խաղը տեղի ունեցավ 8 տարի անց՝ 2023 թվականի հունիսի 26-ին Բուենոս Այրեսում։ Արգենտինայի հավաքականը խաղացել է «Բոկա Խունիորսի» հետ։ Ազգային հավաքականի կազմում խաղացել են Լիոնել Մեսսին, Անխել Դի Մարիան և շատ այլ աստղեր։ Բայց հաղթանակ տարավ «Բոկայի» թիմը 5:3 հաշվով[4][5]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

Բոկա Խունիորս

Վիլյառեալ

  • Ինտերտոտոյի գավաթի հաղթող․ 2004

Արգենտինայի հավաքական

  • Երիտասարդների աշխարհի չեմպիոն (մինչև 20 տարեկան)․ 1997
  • Օլիմպիական չեմպիոն․ 2008

Անձնական

  • Արգենտինայի տարվա ֆուտբոլիստ (4)․ 2000, 2001, 2008, 2011
  • Հարավային Ամերիկայի տարվա ֆուտբոլիստ․ 2001
  • Իսպանիայի առաջնության լավագույն այլազգի ֆուտբոլիստ․ 2005
  • Լիբերտադորեսի գավաթի լավագույն խաղացող (2)․ 2001, 2007

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Gracias Román» (իսպաներեն). Sitio oficial de la Asociación Atlética Argentinos Juniors. 2015-01-26. Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2015-01-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Román anunció su retiro del fútbol» (իսպաներեն). Sitio oficial del Club Atlético Boca Juniors. 2015-01-26. Արխիվացված է օրիգինալից 2015-01-29-ին. Վերցված է 2015-01-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Es retira Juan Román Riquelme» (կատալաներեն). Lloc web oficial del FC Barcelona. 2015-01-26. Արխիվացված է օրիգինալից 2015-02-05-ին. Վերցված է 2015-01-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Месси забил, но проиграл – в Аргентине помпезно провели на пенсию легендарного Рикельме https://football24.ua/ru/mir_tag36/». 2023-06-26. Արխիվացված է օրիգինալից 2023-06-27-ին. Վերցված է 2023-06-27-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Primera reunión de Comisión Directiva» (իսպաներեն). Sitio oficial del Club Atlético Boca Juniors. 2019-12-23. Արխիվացված է օրիգինալից 2020-01-02-ին. Վերցված է 2020-01-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել